HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին

ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Մայր բուհի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին: Խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

«Տիկնայք եւ պարոնայք, հարգարժան դասախոսներ, սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս այս չափազանց նշանակալի տարեդարձի կապակցությամբ: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ մարդկության զարգացման պատմությունը նախեւառաջ կրթության եւ կրթության համակարգերի զարգացման պատմություն է, որովհետեւ կրթությունն է կարեւորագույն նախադրյալը, կարեւորագույն նախապայմանը որեւէ առաջընթացի, առաջադիմության եւ զարգացման: Եվ սա հրաշալի գիտակցում էին մեր նախահայրերը դեռ հարյուրամյակներ, հազարամյակներ առաջ: Եվ սրա լավագույն ապացույցն էր, որ ամենադժվարին եւ պատերազմի պայմաններում, տնտեսական, աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, նույնիսկ պետականության բացակայության պայմաններում Հայաստանի բազմաթիվ վայրերում հիմնվում էին համալսարաններ? վանական համալիրներին կից, որոնք իրենց ժամանակի համար առաջադիմության եւ առաջընթացի ջահակիրն էին դառնում. մարդկային, գիտական, հասարակական, քաղաքական մտքի առաջադիմության ջահակիրն էին դառնում: Եվ այդպես էր նաեւ 1915-ին: Մեր Առաջին Հանրապետության գոյության տարիներին եւ բարդագույն աշխարհաքաղաքական պայմաններում, պատերազմի պայմաններում, սովի, համաճարակի, գաղթականության մասին հոգ տանելու անհրաժեշտության պայմաններում նախարարների խորհուրդը 1919-ին որոշում կայացրեց հիմնադրել պետական համալսարան: Եվ դա, ըստ ինձ, Առաջին Հանրապետության պատմության ամենաշրջադարձային եւ ամենակարեւոր էջերից մեկն էր: Եվ այս հարյուր տարվա ընթացքում համալսարանը եղել է ոչ միայն երկրի գիտակրթական, այլեւ վստահաբար կարելի է պնդել՝ հասարակական, քաղաքական մտքի դարբնոց եւ կարեւորագույն կենտրոն: Հենց համալսարանականներն էլ, կարծում եմ, թերեւս կհամաձայնվեն ինձ հետ, որ հենց համալսարանականներն են եղել այս տասնամյակների ընթացքում մեր հասարակության մտավորականության կորիզը: Եվ այստեղ անգնահատելի է ողջ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը, ջանքերը, որոնք տարվել են այս պատերից ներս տասնամյակների ընթացքում: Եվ այս պահին ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն դասախոսներին, ովքեր այս հարյուր տարվա ընթացքում վառ են իրականացրել իրենց կրթական, սերունդները դաստիարակելու մեծ եւ պատվաբեր առաքելությունը:

Միեւնույն ժամանակ Մայր բուհը չէր լինի Մայր բուհ առանց այն ուսանողների, որոնք այս տարիների ընթացքում սովորել են Երեւանի պետական համալսարանում: Եվ ասելով սովորել՝ ես, իհարկե, նախեւառաջ նկատի ունեմ գիտակրթական պրոցեսը, բայց նաեւ նկատի ունեմ մյուս կողմն այս գործընթացի: Գործընթաց, որը մեզ բոլորիս, ինձ անձամբ հնարավորություն է տվել դառնալ քաղաքացի:

Իսկապես, ուսանողներն ավանդաբար հասարակության ամենաանկեղծ, ամենագործունյա եւ ամենամեծ փոփոխությունները բերող շերտն են:

Սովորաբար խոսելով բարձրագույն ուսումնական հաստատությունների մասին՝ մասնագետները մշտապես քննարկման առարկա են դարձնում ակադեմիական ազատությունների հարցը, բայց, իմ կարծիքով, ոչ պակաս կարեւոր են նաեւ ուսանողական ազատությունները:

Մտածել եւ գործել: Ահա այն կարեւորագույն դասը, որը տվել է ԵՊՀ-ն իր սերունդներին: Եվ նման օրինակները մեր պատմության էջերում բազմաթիվ են՝ սկսած խորհրդային շրջանում դիսիդենտական խմբերից  մինչեւ Ղարաբաղյան շարժում, Արցախյան պատերազմից մինչեւ Թավշյա հեղափոխություն, որտեղ ուսանողներն ունեցան ամենակարեւոր եւ նշանակալի մասնակցությունը:

Եվ այսօր, երբ գրվում է մեր պատմության մի նոր էջ, սկիզբ է դրվում մի  նոր 100-ամյա գլխի, Մայր բուհն իսկապես մեծ եւ առաջնորդող դեր ունի մեր ազգային լավագույն իղձերի կյանքի կոչման գործում:

Եվս մեկ անգամ, շնորհավոր տարեդարձդ Երեւանի պետական համալսարան, շնորհավոր մեր Մայր բուհի տարեդարձը, սիրելի՛ համալսարանականներ», -ասել է ԱԺ նախագահը:

Արարաը Միրզոյանը վաստակաշատ գիտնականներին պարգեւատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով, Անանիա Շիրակացի եւ Մովսես Խորենացի մեդալներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter