Սուրեն Պապիկյանն այցելել է Ատոմակայան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀԱԷԿ՝ ծանոթանալու պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքներին, ընթացիկ վիճակին, արտադրատնտեսական գործունեությանը, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Փոխնախարար Հակոբ Վարդանյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել կայանում, եղել տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել վերանորոգման, արդիականացման միջոցառումներին և առաջիկա անելիքներին:
Նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի և հիմնական ստորաբաժանումների ղեկավարների ու աշխատակիցների մասնակցությամբ՝ նվիրված ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին:
«Առաջիկայում նախատեսվող արդիականացման միջոցառումներով և ձեռքբերումներով է պայմանավորված լինելու ոլորտի նկատմամբ երիտասարդության շրջանում հետաքրքրվածության մակարդակի բարձրացումը և նոր մասնագետների ներգրավումը»,- ասել է նախարարը: Այս առումով նախարարը բարձր է գնահատել մասնագիտական խորը գիտելիքներ, գործնական հմտություններ ու երկարամյա փորձառություն կուտակած աշխատակիցների ներդրումը Հայաստանի էներգահամակարգի կայունության և անվտանգության ապահովման գործում:
Քննարկման ընթացքում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, հորդորել է լինել խիստ հետևողական, որպեսզի արդիականացման ու վերազինման աշխատանքներն իրականացվեն պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Հնչել են նաև կազմակերպչական հարցեր, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հիշեցնենք, որ պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից հետո 08.09.2019 թվականին՝ ժամը 11:48 րոպեին, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի 3-րդ տուրբոգեներատորը միացավ ՀՀ էներգահամակարգին: 3-րդ տուրբոգեներատորի գործարկումը կատարվել է տեխնիկական բոլոր պահանջներին համապատասխան:Այս պահին ՀԱԷԿ-ը ՀՀ էներգահամակարգին մատակարարում է 236 ՄվՏ հզորության էներգիա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել