HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ուսանողներն ուսումնասիրում են բույսերի մոլեկուլյար կառուցվածքը եւ փոփոխությունները սեփական փորձով. ամփոփվում է հայ-նորվեգական գիտակրթական ծրագիրը

Ագրարային համալսարանի ուսանող Մանյա Անտոնյանն այս տարվա ապրիլ ամսից մինչև հունիս ամիսն անցկացրել է Տրոմսոյի-Արկտիկական համալսարանում՝ ուսումնասիրելով ջերմատներում (Green House) աճեցվող դեղաբույսերը։

Մանյայի նման ևս 20 ուսանող 2017-2019 թթ. «Հայ-նորվեգական համագործակցություն բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» նախագծի շրջանակում մեկնել է Նորվեգիա։ Նախագծի ուսումնասիրության ուղղությունները երեքն են՝ հատապտուղներ, ջերմատներ և գաղձի (պարազիտական բույս) ազդեցություն։ Ծրագիրն իրականացնում են ՀԱԱՀ-ը, ԵՊՀ-ը, Նորվեգիայի Արկտիկական համալսարանն ու կենսատնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտը:

Ուսանողը պրակտիկայի ընթացքում ուսումնասիրել է դեղաբույսերի վրա շրջակա միջավայրի ազդեցությունը։ Ուշադրության կենտրոնում է եղել երկու դեղաբույս՝ օշինդր և սրոհունդ։ «Ուսումասիրել ենք, թե այդ բույսերը դեղամիջոցներ պատրաստելու ընթացքում ինչպես կարող են օգտագործվել, և այդ բույսերի վրա ինչ ազդեցություն կթողնեն լույսի, ջերմաստիճանի փոփոխությունները»,- ներկայացրեց Մանյա Անտոնյանը։

Մ. Անտոնյանն իր կատարած աշխատանքները ներկայացրեց «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով միջազգային գիտաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր «Հայ-նորվեգական համագործակցություն բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» նախագծի շրջանակում ։ Գիտաժողովը տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում սեպտեմբերի 25-26-ին։

Հանդիպմանը Տրոմսոյի համալսարանի դասախոսները հանդես եկան ընտրված  թեմաներին՝ հատապտուղներ, ջերմատներ, գաղձ, նվիրված դասախոսություններով, իսկ ուսանողները ներկայացրին գիտական պրակտիկայի ընթացքում ձեռք բերած արդյունքները։

Տրոմսոյի համալսարանի պրոֆեսոր Լաուրա Յաակոլան, ով նաև ծրագրի համակարգողներից է, գիտաժողովին ներկայացրեց, թե ինչ հատապտուղներ կան, որոնք են դրանց առողջարար հատկությունները, ինչպիսի գործածություն ունեն, անդրադարձավ Հայաստանում աճող հատապտուղներին։ «Հետքի» հետ զրույցում պրոֆեսորը կարևորեց արդի գյուղատնտեսության ոլորտում հայ-նորվեգական համագործակցությունը։

«Ծրագրի նպատակը բույսերի մասին գիտության զարգացմանը նպաստելն է, հատկապես Հայաստանի համար։ Համագործակցություն կարևոր է, քանի որ Հայաստանն ունի գյուղատնտեսությամբ զբաղվելու տարիների ավանդույթ, իսկ Նորվեգիան ունի ժամանակակից գիտելիքներ։ Մենք կարևորում ենք նաև ուսանողների ներգրավվածությունը, ուսանողների ստացած գիտելիքները», - ասաց Լաուրա Յաակոլան։

Նորվեգիայից եկած պրոֆեսոր Կրիստեն Կրաուսն էլ ներկայացրեց մակաբույծ բույսերի և մշակաբույսերի փոխազդեցությունը, ներկայացրեց, թե ինչպիսի ուսումնասիրություններ են կատարվում իրենց կողմից։ Որպես մակաբույծ բույսի օրինակ ներկայացրեց գաղձը և դրա ազդեցությունը ագրոտնտեսության վրա։

Ծրագրի նպատակներից մեկը համալսարանում լաբորատոր պայմանների ավելացումն է, որի շնորհիվ  ուսանողները կկարողանան պրակտիկ աշխատանքներ իրականացնել։ Ծրագրի մենեջեր Աննան Ավետիսյանն ասաց, որ աշխատանքների ընթացքում կարևորել են գիտական անգլերենի ուսուցումը, որը հնարավորություն է տալիս երիտասարդ գիտնականներին, ուսանողներին շփվելու օտարերկրյա գիտնականների հետ։ Իսկ ծրագրի հայաստանյան համակարգող Զառա Հարությունյանը լրացնելով Աննային ասաց, որ ի տարբերություն այլ սեմինար-ծրագրերի՝ իրենք շեշտը դրել  են գիտական նախագծերի վրա։ Այդ պատճառով էլ ծրագրի կարևոր բաղադիչ է եղել ուսանողների ՝ Նորվեգիա մեկնումը և տարբեր գիտատեխնիկական փորձերի մասնակցումը, իսկ հետ վերադառնալով իրենց կատարած աշխատանքների ներկայացումը։

Լուսանկարը՝ ՀԱԱՀ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter