
Գյումրիում տեղի ունեցավ ՀՕՖ-ի 30-ամյակի գալա միջոցառումը
Երեկ Գյումրի քաղաքում տեղի ունեցավ նորակախ Հայաստանի առաջին բարեգործական կազմակերպություններից մեկի՝ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) երեք տասնամյակի գործունեությունն ամփոփող տոնական գալա միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՕՖ-ի հաղորդակցության բաժնից։
Գալա միջոցառմանը ցուցադրվեց կազմակերպության 30-ամյակին նվիրված ֆիլմ, ինչպես նաեւ հաջողության պատմություններ ներկայացրին ՀՕՖ-ի տարբեր ծրագրերի շահառուները։
«Երբ հետ եմ նայում, ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ հանդիպել եմ ՀՕՖ-ի համահիմնադիր բժիշկ Էդգար Հովսեփյանին ու կազմակերպության աջակցությունն եմ ստացել վերապատրաստվելու համար, քանի որ այս հնարավորությունները մեծ դեր խաղացին իմ պրոֆեսիոնալ ու անձնական հատկանիշների ձեւավորման մեջ։ 30 տարին դեռ տարիք չէ, մենք ՀՕՖ-ից սպասում ենք դեռ երկար տարիների աշխատանք»,- իր խոսքում նշեց ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների միության խորհրդի անդամ, բժիշկ-նյարդաբան Բելլա Գրիգորյանը։
Ներկայացնելով ՀՕՖ-ի՝ Հայաստանի գիտության զարգացման գործում ունեցած ներդրման կարեւորությունը՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը նշեց․ «ՀՕՖ-ի աջակցությունը միայն այն չէ, ինչ երեւում է, այլ ավելին, այդ աջակցությունը բազմապատիկ արդյունք է ունեցել ու ունենում»։
ՀՕՖ-ի Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում ծրագրի ազդեցության մասին խոսելիս դիմելով բարերար Մարդիգյան ընտանիքին՝ Բերդ քաղաքի բնակիչ, կենսաբանության ուսուցչուհի Արեւ Ներսիսյանն ընդգծեց․ «30 հազար մարդ Ձեզ շնորհակալություն կհայտնեին ինձ նման ու կխոնարհվեին ձեր առջեւ, եթե այստեղ լինեին, քանի որ դուք փոխել եք նրանց կյանքը, նրանք սկսել են ժպտալ ու ապագայի պլաններ կազմել»։
Միջոցառմանը ներկա Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական Գեւորգ Մելիքյանը հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, բարեգործական երկարամյա լայնածավալ գործունեության եւ hիմնադրման 30-ամյակի կապակցությամբ ՀՕՖ-ին հանձնեց Պատվո շքանշան։
«30 տարի շարունակ ՀՕՖ-ը հոգածություն, նվիրվածություն, նորարարություն եւ համագործակցություն է ստեղծել Սփյուռքում եւ հայրենիքի հայերի միջեւ: Մաղթում եմ, որ ՀՕՖ-ը շարունակի իր առաքելությունը դեռ բազում տարիներ՝ կանգնելով Հայաստանի եւ Արցախի ժողովրդի կողքին»,- նախագահի ուղերձը ընթերցեց Մելիքյանը:
ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի ատենապետ Ռանդի Սապահ-Գուլյանը հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ հայրենանվեր գործունեության համար պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը պարգեւատրվեց Երախտագիտության մեդալով՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ երկարամյա արդյունավետ գործունեության համար։
Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում եւ Շիրակի մարզում, ու, ի մասնավորի, Գյումրի քաղաքում իրականացրած տարբեր ծրագրերի համար Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհակալագրեր հանձնեց ՀՕՖ-ին ու նրա բարերարներ ու տնօրենների խորհրդի անդամներ Գրեգ Թուֆայանին, Սանդրա Լայթներին, Դենիս Թարզյանին, Նիշան ու Մարգրիտ Աթինիզյաններին։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ինստիտուցիոնալ աշխատանքի համար, որ ՀՕՖ-ը անում է Հայաստանում։ ՏՏ ոլորտը ձեր շնորհիվ սկսեց աշխատել Գյումրիում։ Մենք խորապես գնահատում ենք այն աջակցությունը, որ ստացել ենք այս տարիների ընթացքում»,- նշեց Պետրոսյանը։
Գալա միջոցառումն իրենց երաժշտական կատարումներով ջերմացրին ՀՕՖ-ի կողմից աջակցություն ստացող Գյումրիի Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի ու Դիլիջանի արվեստի պետական քոլեջի աշակերտները։
Գործունեության 30 տարիների ընթացքում ՀՕՖ-ը ավելի լավ ապագա ունենալու հնարավորություն է տվել Հայաստանի, Արցախի ու Ջավախքի ընտանիքներին եւ համայնքներին։ Բազմակողմանի եւ նպատակային մարդասիրական, կրթական, մշակութային, տնտեսական, երեխաների պաշտպանության, սոցիալական եւ առողջապահական 290-ից ավելի ծրագրերի միջոցով Հայաստանին հատկացվել է 360 միլիոն դոլարի աջակցություն:
Մեկնաբանել