HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Ալավերդի՝ քաղաք-ուրվական

«Հանքարդյունաբերության դեմոնիզացիան ճիշտ չի: Երեկ էլ, երբ Սիլիկոնյան հովտում հանդիպում էինք, էլի այդ մասին հարց հնչեց, թե՝ ա՛յ, Միացյալ Նահանգներում Սիլիկոնյան հովիտ կա, իսկ Հայաստանում դուք հանք եք ուզում բացել, փոխանակ Սիլիկոնյան հովիտ ստեղծեք (խոսքն Ամուլսարի ոսկու հանքի մասին է- Լ. Ա.):Փաստն այն է, որ այն, ինչ ստեղծվել է ԱՄՆ-ում, այսօրվա ԱՄՆ-ն ընդհանրապես սեղծվել է հանքարդյունաբերության վրա»:

Սրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ սեպտեմբերի 25-ին, ԱՄՆ կատարած այցի ընթացքում:

Ամերիկայում ոսկի փնտրելու զանգվածային շարժումը (հայտնի իբրև Ոսկու տենդ), 19-րդ դարի կեսերից է սկսվել: Եվ ԱՄՆ-ն այսօր, ոչ ոք չի էլ ժխտում, աշխարհի հզոր տնտեսություն ունեցող պետություններից մեկն է:

Ալավերդին հանքարդյունաբերության ավելի քան 250 տարվա պատմություն ունի, սակայն այսօր Ալավերդին Հայաստանի՝ տնտեսապես ամենաթշվառ քաղաքներից մեկն է: Ըստ վարչապետի խոսքերի տրամաբանության՝ ԱՄՆ-ն այսօր Սիլիկոնյան հովիտ է կառուցում, որովհետև ի սկզբանե հանքարդյունաբերությունն էր: Ալավերդիում ևս սկզբում հանքարդյունաբերությունն էր, ընդ որում՝ շատ ավելի վաղ, քան ԱՄՆ-ում, սակայն Ալավերդու հովիտներն ամենևին Սիլիկոնյան չեն:

Օրերս լրագրողներով եղանք Ալավերդիում. մասնակցում էինք «Մեդիա կենտրոն»-ի  կազմակերպած՝ «Ալավերդու պղնձաձուլարանի ազդեցությունը՝ բնակչության առողջության վրա» թեմայով քննարկմանը:

Վանաձոր-Ալավերդի քարքարոտ ու անբարեկարգ ճանապարհը վկայում էր, որ այդ համայնքի հետ կապված գոնե առաջիկայում այնպիսի ծրագրեր նախատեսված չեն,  որոնց իրագործման համար նորոգ մայրուղու անհրաժեշտություն լինի:

Ալավերդու մուտքի մոտ կանայք դույլերով շարել էին ազնվամորի, մոշ, հոն, թուզ, այլ մրգեր: Գնորդներ չկային: Հատապտուղ գնելու մեր ցանկությունը սաստեց քննարկման մասնակիցներից մեկը՝ վտանգավոր է:

ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտական կենտրոնի՝ մեկ տարի առաջ կատարած հետազոտությունների արդյունքներով՝ կենսաբանական շրջապտույտի մեջ հայտնված ծանր մետաղները հողից թափանցել են սնման շղթա։ Պարզվել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի ազդեցության գոտում աճեցված պտուղ-բանջարեղենի մեջ նիկելը, կապարը, ցինկը և կադմիումը սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները գերազանցել են։

Վտանգավոր է ոչ միայն պտուղ-բանջարեղենը: Լոռու մարզի Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի նախագահ Օլեգ Դուլգարյանը ասաց, որ մի քանի օր առաջ ալավերդցի մի գործարար, որը պետք է Երևանի սուպերմարկետներ հավկիթներ մատակարարեր, փորձաքննության է ներկայացրել հավկիթները, մերժում ստացել:

«Լոռին Հայաստանի միակ մարզն է, որտեղ մահերը գերազանցում են ծնունդները: Լոռու մարզում առաջին եռյակում օնկոլոգիական, սիրտանոթային ու ստամոքսի հիվանդություններն են: Ոչ մի այլ մարզում ստամոքսային հիվանդությունները չեն զբաղեցնում անգամ 10-րդ տեղը: Մեր մարզում մահանում են ստամոքսի հիվանդություններից»,- իրավիճակը ներկայացնում էր Օլեգ Դուլգարյանը:

Ալավերդու պղնձաձուլական գործարանը 2018 թվականի հոկտեմբերից Կառավարությանը ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պահանջով դադարեցրել է աշխատանքը: Վարկային պարտավորությունները չկատարած գործարանը գրավադրվել է ՎՏԲ բանկում:

Ի՞նչ է տալիս պղնձաձուլարանը քաղաքին և ի՞նչ է վերցնում:

Ի՞նչ մասշտաբներով է հանքարդյունաբերությունը, մասնավորապես՝ պղնձաձուլարանը, ազդել Ալավերդու և հարևան համայնքների բնակիչների առողջության, զբաղվածության, կյանքի որակի վրա:

Լրագրող Նելլի Ռաֆայելյանը Ալավերդու պղնձաձուլարանի մասին հետաքննությունը այս առումով բավականին տեղեկատվություն է տալիս: Այլ բան է Նելլիի հոդվածն ընթերցելը, այլ բան՝ Ալավերդիում սեփական աչքերով տեսնել այն, ինչ մնացել է քաղաքից:

«Անցած տարի դիմեցի ամերիկյան Խաղաղության կորպուսին, որ կամավորներ ուղարկեն՝ մեր զբոսաշրջության, բիզնես ծրագրերին աջակցելու նպատակով: Մեզ մերժեցին, ասացին՝ ամերիկյան կառավարության աշխատակիցներն Ալավերդու տարածքում չեն աշխատում, որովհետև առողջության համար խիստ վտանգավոր է: Դուք սև գոտում եք»,- վրդովված է  «Վահագնի 21» ՀԿ-ի նախագահ Գոռ Հովվյանը:

Պարոն Հովվյանը դեռևս մեկ տարի առաջ նամակ է գրել Առողջապահության նախարարություն (ԱՆ)՝ խնդրելով տվյալներ տրամադրել՝ ի՞նչ ազդեցություն են ունեցել   Ալավերդու պղնձաձուլարանի արտանետումները տեղի բնակչության առողջության վրա. «Պարզվեց, որ Հայաստանում ոչ մի անգամ հետազոտություն չի կատարվել երբևէ, ՀՀ-ում անգամ նման մեթոդաբանություն չկա: ԱՆ-ն դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, խնդրել մեթոդաբանություն մշակել Հայաստանի համար: Անցած տարի 2-3 անգամ Ալավերդու, Ախթալայի համայնքներում նմուշառումներ են արվել, սակայն մինչ օրս տվյալ չենք ստացել»:

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը չեխական «Արնիկա» բնապահպանական կազմակերպության և Պրահայի քիմիական ինստիտուտի մասնագետների հետ նմուշառում են արել Լոռու մարզի Ախթալա և Ալավերդի բնակավայրերում: Նմուշներ են վերցրել 10 ընտանիքների այգիների միրգ-բանջարեղենից, հողից ու մարդկանց մազերից։ Նպատակը՝ պարզել, թե շրջակա միջավայրի աղտոտվածությունն ի՞նչ չափով է ազդել գյուղմթերքի վրա և որքանո՞վ է այն սննդի միջոցով փոխանցվել մարդու օրգանիզմին: Ըստ Օլեգ Դուլգարյանի՝ տվյալները հասանելի կլինեն նոյեմբերին: Բայց վախի մթնոլորտն ալավերդցիներին չի լքում նաև այսօր: Անգամ նմուշներ տրամադրելիս՝ մտավախություն են հայտնել, թե բացասական արդյունքների դեպքում իրենք կարող են խնդիրներ ունենալ:

«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Սերոբ Նազարեթյանը պղնձաձուլարանի արտանետումների ազդեցությունը տեղաբնակների առողջության վրա չափազանցված է համարում. «Միանշանակ ապացուցված չէ, որ այսինչ մետաղը քաղցկեղածին է: Այսօր աշխարհում քաղցկեղի առաջացման պատճառները ոչ ոք չգիտի: Տոկոսային հարաբերությամբ՝ մեր ցուցանիշները գրեթե հավասար կամ քիչ ավելի են այն բնակավայրերի ցուցանիշներից, որտեղ գործարանի ծուխը չի հասել՝ Դսեղ, Լորուտ… Սևանի ավազանն ու Ալավերդին՝ իր հարևան համայնքներով, պիտի որ ցուցանիշների տարբերություն տար, բայց Սևանն առաջին տեղում է քաղցկեղի առումով: Ալավերդու պղնձաձուլարանն արտանետումները բաց է թողել մթնոլորտ, շրջագիծը մեծացել է, աղտոտվածության խտությունը պակասել է: Կուզենայի գործարանն աշխատեր՝ հաշվի առնելով Ալավերդու սոցիակական վիճակը»:

«Ասում են՝ ապացուցված չեն հանքարդյունաբերության ազդեցությունները մարդկանց առողջության վրա: Բայց պետությունն ինքն է դա ապացուցել. պետությունը տալիս է  սուբվենցի՝ 70 %-ը՝ բնապահպանական, 30 %-ը՝ առողջապահական ծրագրերի համար: Եթե հանքարդյունաբերությունը տեղաբնակների առողջության վրա չի անդրադառնում, այդ գումարն ինչու՞ է պետությունը տալիս: Նախորդ կառավարություններն էլ ամեն ինչ արել են, հանքարդյունաբերական համայնքներում առողջապահության վրա հնարավորինս քիչ գումար ծախսելու համար, թույլատրել են կեղտոտ հանքարդյունաբերությունը: Ամբողջ աշխարհը, հանքարդյունաբերական համայնքների բնակիչներին փոխհատուցումներ է տրամադրում, բարձր թոշակ, ստաժը կրկնակի է հաշվում, Հայաստանում դրա մասին չեն էլ խոսում»,- հակադարձում է բժշկին Օլեգ Դուլգարյանը:

«Գործարանները, հանքարդյունաբերությունը պետք է լինի, հակառակի մասին անգամ մտածելն աբսուրդ է: Պարզապես պետք է լինի նորմայի սահմանում: Մեզ մոտ մթնոլորտային օդն աղտոտված է, բաց ջրամբար ինչ քիմիա ու կոյուղի ասես՝ լցվում է, մեր երեխաները լողանում են այնտեղ, ձուկը բռնում, ուտում են: Թեղուտում, տեսեք,  հանքարդյունաբերությունը դադարեց, երիտասարդները թողեցին, գնացին, մնացին հիվանդներն ու ծերերը: Դրա համար չի բացառվում, որ մեզ մոտ մահացությունն ու հիվանդությունների ցուցանիշը բարձր լինեն»,- հանքարդյունաբերության անհրաժեշտությունն այսպես է հիմնավորում բժիշկ Սերոբ Նազարեթյանը:

Նեյրոհոգեբույժ Սվետլանա Քարյանը հիշում է, թե ինչ ապահով էին ժամանակին ապրում Ալավերդու բնակիչները. «Մեր յուրաքաչյուր հանքափոր 4-5 անգամ բժշկից ու ուսուցչից ավելի է վարձատրվել, և մենք այդ թունավոր գազը շնչել ենք, եթե կարելի է ասել, բարձր տրամադրությամբ: Ստեփանավանը, Սպիտակը բնակչության առումով համարժեք են Ալավերդուն: Սպիտակում, որը երկրաշարժ է տեսել,  հոգեբուժական խնդիրներ ունեցող հիվանդները 455-ն են, Ալավերդում՝ 721-ը: Ի՞նչ է ստացվում. գործազրկությունը մեր ժողովրդին դրեց սթրեսային ֆազայի մեջ: Սա էլ դեռ ամբողջական թվերը չեն. շատերն ամաչում են ընդունել, որ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեն: Եթե այս թվերին գումարենք նաև էպիլեպսիայով հիվանդներին, մեծ թվեր կստանանք: Իսկ գիտե՞ք քանի ինքնասպանություն է եղել սոցիալական ծանր վիճակից: Գործարանը, կարծում եմ, պետք է աշխատի»:

«Սոցիալական խնդիր լուծելու համար ի՞նչ պարտադիր է հանքարդյունաբերական գործարանն աշխատի: Գործարանի վերականգնման համար անհրաժեշտ է, ասում են, 300 միլիոն դոլար: Եթե 1000 կամ 2000 աշխատատեղ ստեղծելու համար այսքան գումար են պատրաստ ներդնել, պաշտոնապես հայտարարում եմ՝ տվեք ինձ 100 միլիոն դոլար, 4000 աշխատատեղ ստեղծեմ Ալավերդիում, որը հանքարդյունաբերության հետ կապ չի ունենա՝ կաթի վերամշակում, տեքստիլ, տրիկոտաժի արադրություն, տուրիզմ, գորգագործություն… Հատկապես որ, հանքարդյունաբերությունն Ալավերդիում արդյունավետ չէ. Հայաստանում հումք չկա: Այլ տեղերից հումքը պիտի բերեն, այստեղ վերամշակեն:

Հանքարդյունաբերություն Թեղուտում կա: Հասկանում եմ աշխատողներին, նրանց վարկերը, օրվա հացի խնդիր և այլն, բայց եթե փակվել է Ալավերդու գործարանը, ինչու՞ ենք ասում, որ միայն այդ գործարանի բացվելը կլուծի Ալավերդու սոցիալական խնդիրները: Ուրի՜շ գործարան սարքեք: Ինչու՞ են մտածում Դեբեդի վրա հիդրոկայան սարքեն, գետը ոչնչացնեն, փոխանակ մտածենք մաքրման կայան կառուցելու մասին: Հիդրոկայանը, թունելն ուզում են սարքեն, որ Դեբեդը Ալավերդու տարածքով չանցնի: Գետը հենց այնպես գնում է Վրաստան: Կառուցենք պոմպակայաններ, մարդիկ իրենց բերքը ջրեն: Բոլոր գյուղերը ջրով կապահովվեն, պետությունը թող օգնի»,- իրավիճակին այլընտրանքային լուծում է փորձում գտնել Գոռ Հովվյանը:

Հունական բժշկական «Հիպոկրատ» հիմնադրամի տնօրեն Սիմոն Զախարովը բարձրացնում է հանքարդյունաբերական ոլորտում աշխատող բանվորների աշխատանքային պայմանների ու ստացած աշխատավարձի խնդիրը. «Երբ պղնձաձուլարանը վերաբացվեց ու սկսեց աշխատել ողջ ծավալով, տնօրեն պարոն Մեջլումյանը մեզ ներկայացրեց հետագա ծրագրերը՝ 5 տարվա ընթացքում արտանետումներ չեն լինելու, որ իբրև թե նույնանման գործարան գործում է Համբուրգ քաղաքում, և ոչ մի աղտոտում չկա: Պետք է ֆիլտրեր տեղադրվեին, սակայն ինքը ստացել է եկամուտ, բայց ներդրում չի արել: Ալավերդի համայնքում աշխատատեղը սովոր ենք գործարանի հետ կապել: Գործարանն աշխատում էր հիմնական Ալավերդու հումքի վրա. կար հանք, նյութը հանվում էր, այստեղ վերամշակվում: Դա՝ 87-88 թվականներին: Արտանետումները քիչ էին, գործարանը լուծում էր աշխատողների սոցիալական, առողջական հարցերը: Վերջին 10-15 տարիներին հանքերը չեն աշխատում, այսինքն՝ հումքը բերովի է: Հիմա ասում են՝ նորից գործարան ենք կառուցելու: Ինչու՞…Թեթև արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տուրիզմ զարգացրեք: Ստեփանավանում, Կալինինոյում գործարան չկա, բայց մարդիկ այնտեղ ավելի աշխույժ են ապրում»:

«Վերջին 10-15 տարիներին ոչ ոք նաև չի ուսումնասիրել, թե գործարանի բանվորներն ի՞նչ պայմաններում են ապրում, աշխատում: Միայն ադմինիստրացիոն շենքն է վերանորոգված, հարմարավետ: Համեմատե՞լ են աշխատավարձերը՝ որքան է ստանում պղինձ արտադրող բանվորը՝ 80 000-120 000 դրամ, որքան՝ ղեկավարները՝ մի քանի միլիոն դրամ:

90-ականների սկզբին Ալավերդիում գործում էր հազարից ավելի փոքր ձեռնարկություն: Այժմ քաղաքում անգամ հանրային սննդի օբյեկտ չկա: Ալավերդիում ամենաեկամտաբերը գերեզմանաքարերի արտադրությունն է…»,- ավելացնում է Գոռ Հովվյանը:

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Gagik
Գործարանը կարող է աշխատել եվ ունենալ շատ ավելի լավ ցուցանիշներ, քան եղել է մինչեվ այժմ: Այն աշխատացնելու համար ամենեվին էլ պետք չէ ծախսել 300մլն դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter