Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սլովակիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպեց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին: Այս մասին փոխանցում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ հայտնեց Հայաստանի աջակցությունը անվտանգ ապագայի կառուցման և արդյունավետ բազմակողմ դիվանագիտության վերաբերյալ Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին:
Գործընկերներն առանձնահատուկ կարևորեցին ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը՝ ընդգծելով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները համագործակցային ոգով հասցեագրելու և ԵԱՀԿ գործիքակազմի կիրարկման համար բավարար կամքի դրսևորման անհրաժեշտությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը՝ մեծապես կարևորելով այդ գործընթացում ԵԱՀԿ կառույցների շարունակական աջակցությունը:
Նախարար Լայչակի խնդրանքով՝ Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին, մասնավորապես՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարի հետ կայացած հանդիպմանը: Ներկայացնելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց Արցախի՝ գործընթացի նկատմամբ սեփականության զգացումի ընդլայնման և ամրապնդման կարևորությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել