Զոհրաբ Մնացականյանն ու Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին առնչվող հարցեր
ՄԱԿ Գլխավոր ասամբելայի 74-րդ նստաշրջանի աշխատանքների նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպեց Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Ինչպես հաղորդում է ԱԳՆ լրատվական ծառայությունը, Մնացականյանը և Մոգերինին քննարկեցին Հայաստան-Եվրամիություն օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը արժևորեցին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես ընդհանուր կարևոր ձեռքբերում և գնահատեցին վերջինիս դերը՝ որպես ԵՄ կողմից Հայաստանում մեկնարկած բարեփոխումներին աջակցելու, ԵՄ հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևոր գործիք: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց մարդկանց միջև շփումների խթանման և ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի ազատականցման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնահերթությունը հայկական կողմի համար:
Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Արևելյան գործընկերության (Ալգ) տասնամյակի և նախաձեռնության ապագա տեսլականի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի համար ԱլԳ ոչ թե ԵՄ երկրների հետ հարևանության ձևաչափ է, այլ աշխարհագրորեն Եվրոպայի արևելյան մասում գտնվող երկրների հետ համագործակցության հարթակ՝ հիմնված եվրոպական ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ Բարձր հանձնակատարը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների և սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել