HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը «գլխացավանք» է դառնում բյուջեի համար

Հիպոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագիրն այս տարի նոր թափ է առել։ Ավելին, այն արդեն «գլխացավանք» է դառնում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ու պետական բյուջեի համար։

Խոսքն այն մասին է, որ այս ծրագրի շրջանակներում հարկատուներին վերադարձվող գումարներն արդեն զգալի ծավալների են հասել։ Այս տարվա համար արդեն կանխատեսվում է, որ այն 7-8 մլրդ դրամ կկազմի։

Ծրագրի համաձայն՝ եկատային հարկն ուղղվում է կառուցապատողից գնվող բնակարանի կամ տան հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։ Այսինքն՝ եթե դուք եկամտային հարկ վճարող եք և բնակարան եք գնել անմիջապես կառուցապատողից, պետությունը որոշ սահմանափակումներով հնարավորություն է տալիս ձեր վճարած եկամտային հարկը հետ ստանալ և այն ուղղել հիպոթեքային վարկի տոկոսավճարներին։ Մի կողմից սրանով զարկ է տրվում հիպոթեքային շուկայի զարգացմանն ու բնակարանաշինությանը, քաղաքացիների համար ավելի մատչելի է դառնում առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելը, մյուս կողմից՝ պետական բյուջեն կորցնում է այդ գումարները։

Ծրագրի շահառուների թվի ավելացմանը զուգահեռ մեծացել են նրանց վերադարձվող եկամտային հարկի գումարները։ Այս տեմպերով շարունակվելու դեպքում այդ գումարներն ավելի էական ծավալների կհասնեն հաջորդ տարի, և ծրագիրն արդեն զգալի բեռ կդառնա պետական բյուջեի համար. փաստացի բյուջեի մուտքերն այդքանով պակասում են, ինչը բավականին մեծ շռայլություն է։ Սա նաև լրացուցիչ բեռ է ՊԵԿ-ի համար, որի առաջ խնդիր է դրված կատարել հարկային եկամուտների հավաքագրման տարեկան ծրագիրը և որը, փաստորեն, «բաց է թողնում» այդ գումարները։

Ինչպես «Հետք»-ին հայտնել են ՊԵԿ-ից, ծրագրի մեկնարկից մինչ այսօր՝ 2015 թվականից սկսած, վարկառուներին (համավարկառուներին) է վերադարձվել մոտ 14.2 մլրդ դրամի չափով եկատային հարկ։ Եթե 2015 թվականին այն կազմել է ընդամենը 274 մլն դրամ, ապա այս տարվա միայն հունվար-սեպտեմբերին այն արդեն հասել է 5.4 մլրդ դրամի։

hipotec.png (161 KB)

Այս տարվա համար, ինչպես նշեցինք, ՊԵԿ-ը կանխատեսում է, որ ծրագրի շրջանակներում 12 ամսվա ընթացքում քաղաքացիներին վերադարձվող գումարը կկազմի արդեն 7-8 մլրդ դրամ։ Քանի որ հիփոթեքային վարկերը տրվում են երկարատև ժամկետներով, նշանակում է՝ հաջորդ տարի այս ծրագրի շրջանակներում վերադարձվող գումարը կազմելու է առնվազն այնքան, որքան այս տարի։

2018 թվականի հունվարի մեկից այս ծրագրի համար գործում են սահմանափակումներ, որոնք առաջարկել էր Կառավարությունը։ Մասնավորապես, ձեռք բերվող կամ կառուցապատվող բնակարանի/բնակելի տան արժեքը չպետք է գերազանցի 55 մլն դրամը։ Մյուս սահմանափակումը՝ հիփոթեքային վարկի գծով վճարվող և վերադարձվող տոկոսագումարի եռամսյակային հանրագումարը չի կարող ավել լինել  1.5 մլն դրամից, այսինքն՝ հիպոթեքային վարկի տոկոսագումարներին մեկ ամսվա ընթացքում առավելագույնը կարող է ուղղվել 500 հազար դրամ՝ անկախ նրանից թե քանի հոգի են վարկառուները կամ համավարկառուները։ Եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից նույն հարկատուն կարող է օգտվել միայն մեկ անգամ։ Սա նշանակում է, որ այս սխեմայով մի քանի բնակարան գնել հնարավոր չէ։ Այս փոփոխությունների նպատակն էր առավել բարձր եկամուտ ունեցողների համար սահմանափակել ծրագիրը, նվազեցնել բյուջեի կորուստները և դրանից օգտվելու հնարավորություն տալ ավելի ցածր եկամուտ ունեցողներին։

Ֆինանսերի նախկին նախարար Վարդան Արամյանը «Հետք»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս ծրագրին, նշել է, որ ի սկզբանե հայտարարվել էր, որ այս ծրագիրն ունենալու է ժամանակավոր բնույթ։ Ավելին՝ քննարկվել է բնակարանների գնի ավելի ցածր շեմ սահմանելու հարցը։

«Սրանով հանրային ռեսուրսը մենք զոհում ենք հանուն բնակարանաշինության։ Տնտեսական առումով դա սխալ է։ Երբ այս ծրագիրը գործարկվեց, կապիտալ շինարարությունը Հայաստանում նվազում էր։ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք որոշում կայացվեց, որ այս գործիքով խթանվի շինարարությունը։ Հետո Ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ դա պետք է սահմանափակել՝ առաջարկելով որպես շեմ սահմանել 30 մլն դրամը, որպեսզի ծրագրից օգտվեն միայն ավելի փոքր եկամուտ ունեցողները, բայց դա չընդունվեց։ Երբ դեռ սահմանափակումներ չկային, այդ գործիքից իրականում օգտվում էին հարուստները։ Ստացվում էր, որ պետական բյուջեի եկամուտները զիջում էինք հօգուտ իրենց։ Իմ կարծիքով՝ 55 մլն դրամի շեմն էլ է բարձր, քանի որ այս շեմը կրկին հնարավորություն է տալիս ավելի մեծ եկամուտ ունեցողներին օգտվել այդ ծրագրից»,- նշեց Վ. Արամյանը։

Նրա գնահատմամբ ևս՝ եկող տարվանից արդեն այս ծրագիրը լուրջ բեռ է դառնալու բյուջեի համար։ «Պետք է հրաժարվել այս ծրագրից, որքան էլ, որ դա ոչ պոպուլյար լինի։ Այդ ծավալի գումարները կարելի է ուղղել, օրինակ, արտահանման ուղղված ծրագրերին։ Անընդհատ զարկ տալով բնակարանաշինությանը՝ մենք կհայտնվենք այն իրավիճակում, որում հայտնվեցինք 2008-2009 թվականներին»,- մտահագություն հայտնեց Ֆինանսների նախկին նախարարը։

Անշարժ գույքի շուկայի ներկայացուցիչները, սակայն, համաձայն չեն ֆինանսների նախկին նախարարի հետ։ Գործակալների մի մասը կարծում է, որ պետք չէ դադարեցնել այս ծրագիրը, քանի որ դրա հետևանքով հիպոթեքային շուկայում և բնակարանաշինության ոլորտում զգալի անկում կգրանցվի։ Մեր հարցումների ընթացքում նրանք միաձայն փաստեցին, որ այս ծրագիրը էապես նպաստել է վերջին տարիներին հիպոթեքային շուկայի աշխուժացմանը։ Մի մասի կարծիքով էլ՝ ծրագիրը պետք է շարունակել որոշ վերանայումներից հետո միայն, օրինակ՝ իջեցնելով 55 մլն դրամի շեմը, ծրագրում ներառել նաև երկրորդային շուկան և այլն։

Ծրագիրը դադարեցնելու կամ վերանայելու որոշում այս պահին չկա

«Հետք»-ի հարցին, թե մինչև երբ է գործելու այս ծրագիրը, ՊԵԿ-ից, ըստ էության չեն պատասխանել։ Այդ հարցի կապակցությամբ միայն նշել են, որ գործընթացը ներկայում կարգավորվում է Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն։ Հոդվածում բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման պայմաններն են, որտեղ այս ծրագրի ժամկետների մասին ոչինչ նշված չէ։ Նման կարգավորումները որոշում է Կառավարությունը, որը ծրագրի ավարտի որևէ ժամկետ չի նշել:

Նույն հարցով դիմել ենք նաև ֆինանսների նախարարությանը՝ իմանալու արդյոք ծրագրի դադարեցման որևէ նախաձեռնություն կա՞, թե՞ ոչ։  Նախարարությունից պատասխանել են, որ այս պահին նման որևէ ծրագիր չկա։

Մեր տեղեկություններով՝ ներկայում քննարկվում է այս ծրագրի հետ կապված որոշ դրույթների վերանայման հարցը, որպեսզի այն առաջիկայում ավելի մեծ բեռ չդառնա բյուջեի համար։ Հստակ որոշում, սակայն, այս պահին չկա։

Մեկնաբանություններ (1)

Սուսաննա
Պետությունը գումար չի կորցնում! Քաղաքացուն վերադարձվում է իր կողմից վճարած Եկամտային հարկը, փոխարենը պետությունը Ավելացված արժեքի հարկ է գանձում կառուցապատողից։ Ըստ էության, այս օրենքն է խթանում այդ լայնածավալ շինարարությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter