
Մաշկաբանության և սեռավարակաբանության կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելու առաջարկը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությանը
Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց պատգամավոր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկին, որով պատգամավորն առաջարկում է «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն հանել մասնավորեցվող ընկերությունների ցանկից:
Այս հարցի քննարկումը բավական երկար տևեց: Պատգամավորների գրեթե բոլորի համար անհասկանալի էր կառավարության բացասական եզրակացությունը այս հարցի վերաբերյալ:
Նախագծի հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի կարծիքով՝ այդ բժշկական կենտրոնը (ԲԿ) մասնավորեցման ցանկի մեջ է ներառվել բավականին գրավիչ տարածքի համար, քանի որ ԲԿ-ն մոտ 2 հեկտար տարածք է զբաղեցնում:
«Այս բուժհիմնարկը կարևոր ռազմավարական նշանակություն ունի առողջապահական տեսանկյունից: Կարևոր է, որ այն միակն է ողջ հանրապետությունում, որն իրականացնում է նման բնույթի ստացիոնար բժշկական օգնություն»,-ասաց Զեյնալյանը:
Վերջինիս խոսքով՝ տարեկան 3000 ստացիոնար հիվանդ է սպասարկվում և տարեկան մոտ 12 հազար ամբուլատոր հիվանդ է բուժում անցնում այդ կենտրոնում:
«Վերջին չորս տարիների ընթացքում 304 տոկոսով աճել է տվյալ բուժհիմնարկի վճարովի ծառայությունները՝ 26 միլիոնից հասնելով 106 միլիոն դրամի: Բժշկական կենտրոնը նաև հադիսանում է գիտաբժշկական կենտրոն, տվյալ ամբիոնն է տեղակայված այնտեղ, որտեղ նման մասնագետներ են պատրաստվում»,- ասաց Զեյլանյանը:
Նախագծի հարակից զեկուցող առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանն արձագանքեց՝ ԲԿ-ն ձեռք բերող ընկերությունը պարտավորվելու է պրոֆիլը պահպանել:
Զեյնալյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ մասնավորեցվող ընկերությունների ցանկից հանվել է «Արյունաբանական կենտրոն» ԲԿ-ն, այդ դեպքում ո՞րն է հիմնավորումը, որ որոշվեց այդ կենտրոնի կառավարումը պետության վրա թողնել, այլ ոչ թե մասնավորի, փոխնախարարն ասաց.
«Մենք գնահատում ենք կազմակերպությունների ռազմվարական նշանակությունը պետության համար, թե ինչքան կարևոր են»:
Նարեկ Զեյնալյանը հիշեցրեց նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի մասին, որը 30 միլիոն դրամ վնասով հետ է վերադարձվել առողջապահության նախարարության բալանսին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն էլ իր վրդովմունքը հայտնեց, որ տպավորություն է, թե մանկապարտեզներից հետո ոչինչ չի մնացել սեփականաշնորհելու, հերթը հասել է ԲԿ-ներին:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ էր համակարծիք կառավարության դիրքորոշմանը, որ պետք չէ մասնավորեցման ցանկից հանել, քանի որ այն սխալ ազդակ կլինի ԲԿ-ով հետաքրքրվող մասնավոր ընկերությունների համար:
Նարեկ Բաբայանը այդ ԲԿ-ի վերաբերյալ մի քանի տվյալ ներկայացրեց, ըստ որի հողամասի մակերեսը 2.29 հեկտար է, շուկայական արժեքը՝ 506 միլիոն դրամ, կադաստրային արժեքը՝ 103 միլիոն դրամ, շենք-շինությունների մակերեսը 5663 քառակուսի մետր(այդտեղ կան նաև քանդման ենթակա շենքեր), հողամասի գնահատված արժեքը 689 միլիոն դրամ է:
Ի վերջո նախագիծը երկար քննարկումներից հետո ստացավ հանձնաժողովի հավանությունը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:
Մեկնաբանել