HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Պանթուրքիզմի գաղափարները Միջին Ասիայում

Դպրոցական տարիներից պատմության դասագրքից գիտենք, թե ինչ է պանթուրքիզմը: Գիտենք, որ այն 19–րդ դարի երկրորդ կեսում ձևավորված քաղաքական և մշակութային ուղղություն է, որի նպատակն էր՝ Ադրիատիկ ծովից մինչև Չինաստան թուրքալեզու ժողովուրդների համախմբումը մեկ պետական միավոման մեջ:

Իսկ պանթուրքիզմ այսօր կա՞: Անշուշտ, նրա գաղափախոսությունը երբևէ «չմեռավ», և անգամ 1970-ականներին ԽՍՀՄ-ում ի հայտ էին գալիս պանթուրքիստներ (oրինակ՝ Ադրբեջանի առաջին նախագահ Էլչիբեյը): Սակայն Խորդային Միության փլուզումից հետո Թուրքիայի համար նոր ճանապարհ բացվեց` պանթուրքիզմի գաղափարախոսությունը տարածելու համար:

Խորհրդային Միության փլուզումից հետո Միջին Ասիայում Թուրքիան ստեղծեց ղազախաթուրքական, ղրղզաթուրքական, ուզբեկաթուրքական, թուրքմենաթուրքական և տաջիկաթուրքական դպրոցներ ու ճեմարաններ: Անցյալ տարի Թուրքմենստանում, իսկ մինչ այդ էլ Ուզբեկստանում այդ ճեմարանները փակվեցին` պատճառաբանությամբ, որ այնտեղ քարոզվում են պանտուրթիզմի և նուրսիզմի գաղափարները: Դրանք հովանավորում էր «Նորդժուլար» քաղաքական-կրոնական շարժումը, որը նույնիսկ Ռուսաստնում համարվում է էքստրեմիստական շարժում:

Թե ինչ իրավիճակ է Միջին Ասիայում, փորձեցինք պարզել այդ երկրի քաղաքացիներից: Երևանի Կովկասի ինստիտուտի ուսանող Բահրամ Ռահմանկուլովը, ով Ղրղզստանից է, ասում է. «Թուրքական ճեմարանները մեզ մոտ մեծ հեղինակություն են վայելում: Այնտեղ սովորում են հարուստների երեխաները կամ շատ ընդունակ աշակերտները: Իհարկե, նրանց մտածելակերպը դրանից հետո փոխվում է. նրանք թուրքամետ են դառնում: Իսկ ճեմարանների լավագույն շրջանավարտներին ուղարկում են Թուրքիայի լավագույն բուհերը: Թուրքիայի համար նաև կարևոր է, որ բարձրագույն կրթություն ստանալուց հետո նրանք նորից վերադառնան իրենց երկրները»:

Բահրամից նաև իմացանք, որ Ղրղզստանում գործում են տարբեր իսլամական շարժումներ ու կազմակերպություններ, ինչպիսիք են «Թաբլիգի Ջամահաթը» ու «Խիզբ ութ Թահրիրեն», որոնք, ըստ նրա, իսլամը փորձում են իրենց նպատակներին ծառայեցնել:

Մեկ այլ ղրղզստանցի ուսանող` Սալամատ Օրունտաևը, թուրքական ճեմարանները լավ նախաձեռնություն է համարում, քանի որ իր համաքաղաքացիները լավ կրթություն ունենալու հնարավորություն են ստանում. «Նրանք վերջում կատարելապես տիրապետում են անգլերենին եւ թուրքերենին: Բիշքեքում միակ թուրքական համալսարանը «ամենապրեստիժներից» մեկն է, ոչ պակաս, քան ամերիկյանը: Նրանցից ոչ բոլորն են թուրքամետ դառնում, սակայն ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր, մեղմ ասած, ժխտում են Հայոց ցեղասպանությունը»:

Թեև տաջիկները պարսկալեզու ժողովուրդ են, բայց նրանց մոտ էլ են գործում թուրքական ճեմարաններ:

«Դուշանբեում կա երեք թուրքական ճեմարան: Այդ ճեմարաններում սովորում են կամ հարուստների երեխաները, կամ էլ ամենաընդունակ երեխաները: Դրանք գիշերօթիկ ճեմարաններ են, որտեղ գիշերել կարող են միայն տղաները: Ճեմարանների խնամակալները գիշերները զրույցներ են վարում տղաների հետ՝ բացատրելով, որ Թուրքիան հզոր ու վեհ գաղափարներ կրող երկիր է»,- ասաց Կովկասի ինստիտուտի տաջիկստանցի ուսանողուհի Գուլջահոն Համրոզոդան: Նա նաև մանրամասնեց, որ թուրքական ճեմարանները, ի տարբերություն իրենց դպրոցների, որ նույնիսկ լաբորատորիաներ չունեն, ամեն ինչով ապահովված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter