
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրենի մեղադրանքը լրացվել է, և նրան կալանավորելու որոշում է կայացվել
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ի նախագահ Կարինե Ավդալյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նշենք, որ Ավդալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և երկու դրվագ 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված առևերույթ հանցավոր արարքներ կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Գործի քննության ընթացքում, սակայն, ըստ նյութերի, պարզվել է Կարինե Ավդալյանի կողմից բազմաթիվ անձանցից խաբեությամբ գումարներ հափշտակելու նոր և քննությանն անհայտ ենթադրյալ դրվագներ, մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով, ԱՄՆ մեկնելու ցանկություն հայտնած մի շարք անձանցից Ավդալյանը խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:
Վերը նշվածը հիմք է հանդիսացել սեպտեմբերի 20-ին Ավդալյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու, և նրան մեղադրանք է առաջադրվել նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու հոդվածով:
Մեկնաբանել