HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան առնչությամբ։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Նախագահի ցավակցական հեռագրում ասվում է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Խորը ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան մասին։ Ֆրանսիան կորցրեց մեր ժամանակների իր լավագույն զավակներից մեկին:

Կորուստը մեծ է նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար: Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետն էր, որի օրոք մեր երկրների միջև համագործակցությունը հասավ աննախադեպ մակարդակի: Նա Ֆրանսիայի առաջին նախագահն էր, որ 2006թ. սեպտեմբերի 30-ին պետական այց կատարեց Հայաստան:

Ժակ Շիրակն անձնապես մեծ ջանքեր գործադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ այդ նպատակով Փարիզում նախաձեռնելով կողմերի միջև հանդիպումներ և հագեցած քննարկումներ:

Հայ ժողովուրդը երախտապարտ է և երբեք չի մոռանա մեր ժամանակների մեծ քաղաքական գործիչ և հումանիստ Ժակ Շիրակի ծանրակշիռ ներդրումը մարդկության դեմ հանցագործությունների վերհանման և դատապարտման գործում, որի ակնառու վկայությունը 2001թ. հունվարի 29-ին Ֆրանսիայի կողմից օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումն է:

Կորստի այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և խորը ցավակցություններս հղում Ֆրանսիային և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter