
«Այ մարդ, ես ասում եմ՝ դիակը չէին տալիս»,- կրկնում էր վկան
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, Նարինե Մելքոնյանի նախագահությամբ, երեկ շարունակեց Կամո Շահվերդյանի դատաքննությունը: Ըստ մեղադրանքի՝ 2010թ. հոկտեմբերի 16-ի նա սպանել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոբերտ Մոսինյանին:
Դատարան բերման էին ենթարկվել տուժող Ռոբերտ Մոսինյանի հորեղբայրներ Արարատ եւ Գեւորգ Մոսինյանները, ինչպես նաեւ վկա Սոս Առաքելյանը:
Ոստիկանության Լոռու մարզի Ալավերդու բաժնի տեղամասային տեսուչ Վահան Բոշյանը մնացած վկաների փոխարեն դատարան էր բերել վերջիններիս բացակայությունն արդարացնող փաստաթղթեր:
«Վկա Ստեփան Մոսինյանն առողջության պատճառով չի ներկայանալու դատարան: Վկա Շուրա Մոսինյանը սարում անասնապահությամբ է զբաղվում, որի համար տեղեկանքը կա: Եթե բժշկակական կենտրոնի տնօրենի տեղեկանքը պետք է, այն էլ կբերենք: Ձաղիձորից էլի պետք է վկա վերցնեի, նոր գայի, էդ էլ նա վատ վիճակում էր. շտապօգնություն են կանչել, դրա տեղեկանքը լրացուցիչ կուղարկվի: Մնացածների համար ԲՇՏ-ների եւ տվյալ թաղամասի տեղամասային տեսուչներից տեղեկանք կա»,- դատարանին հայտնեց տեղամասային տեսուչը:
Աշոտ եւ Արամո Ավետյանների, Վարդան Մարտիրոսյանի եւ մի քանի այլ վկաների ցուցմունքները կարող են էական նշանակություն ունենալ դատաքննության համար: Ոստիկանության Թումանյանի բաժինը վերջիններիս ներկայությունը դատարանում նույնպես չէր կարողացել ապահովել: «Նրանք իրենց բնակության վայրից անորոշ ժամանակով բացակայում են»,- ասաց տեղամասային տեսուչը:
«Էս Ալավերդիում ըստ ցանկության է. վկաները երբ պետք է, կորում են, երբ պետք է, հայտնվում են»,- արձագանքեց դատավոր Մելքոնյանը:
Դատարանը սկզբում լսեց վկա Արարատ Մոսինյանին: Նա ասաց, որ տուժող Ռոբերտ Մոսինյանի եւ ամբաստանյալ Ռոմիկ Մոսինյանի (վերջինիս եւս այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել) հորեղբայրն է: Դատարանը վկային տեղեկացրեց, որ նա իրավունք ունի եւ կարող է իր հարազատների դեմ ցուցմունք չտալ: «Ցանկանու՞մ եք Ձեր հարազատի դեմ ցուցմունք տալ»,- հարցրեց դատավորը:
«Էդ ցուցմունքը սկի չպտի էլ լիներ, որովհետեւ ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել: Էդ, որ գրվել ա, ցուցմո՞ւնք ա, թե՞ բացատրություն ա»,- դատավորին իր նախաքննական ցուցմունքի մասին հարցրեց վկան:
«Տեղյակ չե՞ք»,- հակադարձեց դատավոր Մելքոնյանը:
«Տեղյակ եմ, բայց որ դիակը չէին տալիս, ստորագրել են տվել, որ տենց գրվի, ես խաբար չեմ»,- պատասխանեց վկա Արարատ Մոսինյանը:
Ողջ հարցաքննության ընթացքում նա համառորեն հրաժարվեց նախաքննական այն ցուցմունքից, թե տուժող Ռոբերտ Մոսինյանը հոկտեմբերի 17-ի կեսգիշերին հիվանդանոցում մինչեւ մահանալն իր ականջին ասել է, թե «իրեն խփողը Կամո Շահվերդյանն է»:
«Դեպքից ես վաբշե տեղյակ չեմ, էդ գրել են տվել»,- ասում էր վկան: Արարատ Մոսինյանը պնդում էր, որ եղբոր տղայի մահվան մասին հոկտեմբերի 17-ի լուսադեմին` ժամը 5:00-ին, իրեն հեռախոսով հայտնել է իր որդին` Արտակ Մոսինյանը: Քանի որ այդ ժամին ներքաղաքային տրանսպորտ չի աշխատել, ինքը չի կարողացել գնալ հիվանդանոց: Հետեւաբար՝ իր եղբոր հանգուցյալ որդին իր ականջին չէր կարող ասել, որ իրեն հարցածողը Կամո Շահվերդյանն է, ինչպես գրված է իր նախաքննական ցուցմունքում:
Վկան միաժամանակ հաստատեց, որ ցուցմունքն իր ձեռքով է գրել. «Գրել եմ, որովհետեւ ասել են՝ մինչեւ չգրես, դիակը չեն տա: Ցուցմունքը վերցրել են 2010թ. հոկտեմբերի 18-ի երեկոյան: Հա, էդ վախտ դեռ դիակը չէին տվել: Հաջորդ օրն են տվել: Հուղարկավորությունից 2 օր հետո գնացել եմ քննիչի մոտ եւ ասել եմ՝ սենց, սենց. ցուցմունք ա, թե ինչ ա, սխալ ա: Ես տեղյակ չեմ»:
«Այ մարդ, ես ասում եմ՝ դիակը չէին տալիս»,- մեղադրող Ա. Շիրոյանի հարցերի տարափին ի պատասխան՝ կրկնեց վկան:
Դատավոր Մելքոնյանի պահանջով մեղադրող Արմեն Շիրոյանը դատարանում հրապարակեց վկա Արարատ Մոսինյանի նախաքննական ցուցմունքը: Ըստ այդմ՝ 2010թ.-ի հոկտեմբերի 16-ին երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արարատ Մոսինյանին զանգահարել եւ տեղեկացրել են, որ եղբոր տղային հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց: Արարատ Մոսինյանը նշել է, որ երբ հասել է հիվանդանոց, եղբորորդուն պատգարակով տեղափոխելիս են եղել վիրահատարան: Եվ երբ վերջինս՝ Ռոբերտ Մոսինյանը, իրեն տեսել է, հայհոյել է եւ ասել, որ իրեն «խփել է Կամոն»:
«Նա ինձ չհասցրեց ասել, որ Կամոյի մասին է խոսքը, որովհետեւ տարան վիրահատարան: Միայն հաջորդ օրը զրույցներից իմացել եմ, որ խփողը Կամո Շահվերդյանն է»,- գրել է Արարատ Մոսինյանը:
Վերջինս դատարանում կրկին պնդեց, որ ինքը հիվանդանոց չի գնացել եւ նման ցուցմունք գրել իրեն պարտադրել են:
Վկա Սոս Առաքելյանը, ով աշխատում է որպես սանիտար, դեպքի հետ կապված դատարանին ոչինչ չկարողացավ հայտնել. «Ես դատաբժշկի հետ աշխատել եմ: Ասել ա՝ կտրի, կտրել եմ: Դիակն ասել ա՝ ճղի, ճղել եմ: Էս ինչ օրգանը հանի` հանել եմ: Պարոն դատավոր, իմ գործն էդ ա, ես ուրիշ գործ չգիտեմ, էդ բաների հետ էլ գործ չունեմ: Ես սանիտար եմ»:
Մեղադրող Արմեն Շիրոյանը փորձում էր վկայից տեղեկություն ստանալ դատբժշկական հանձնաժողովի կողմից դիակը հարազատներին հանձնելու կարգի, դիակի մեջ հայտնաբերված օտար մարմնի եւ այլ հարցերի մասին:
«Դա դատաբժշկի գործն է: Ինձ ինչ ասում են, էն եմ անում: Ես տենց բանից գաղափար չունեմ»,- պատասխանեց վկա Առաքելյանը:
«Կարո՞ղ ա մահացած չի եղել էդ մարդ»,- հարցրեց դատավոր Մելքոնյանը:
«Որ մահացած չլիներ, ոնց կբերեին»,- հակադարձեց սանիտարը:
«Օտար մարմին չե՞ս գտել»,- շարունակեց դատավորը:
«Ոչ մի բան էլ չեմ գտել»,- պատասխանեց վկա Առաքելյանը: Վերջինիս հարցաքննությունից հետո դատարանում հայտարարությամբ հանդես եկավ պաշտպան Հովիկ Արսենյանը. «Ես, որպես իրավաբան, ամաչում եմ, որ նախաքննական մարմինը էս կատեգորիայի անձնավորությանը որպես վկա բերել է դատարան: Ամոթ չի՞»:
Պաշտպանը նախատեց քննիչին եւ դատախազին, որ հրազենային վնասվածքով սպանվածի դիահերձմանը անձամբ չեն մասնակցել: Արսենյանը վրդովմունք հայտնեց նաեւ վկա Արարատ Մոսինյանի ասածների կապակցությամբ. «Ինչո՞ւ նախաքննական մարմինը մինչեւ վկային դատարան ներկայացնելը չի բացահայտել նրա զանգերի եւ հիվանդանոց գնալու պատմությունը, որ դատարանում կանգնել ենք փաստի առաջ»:
Պաշտպանի հայտարարությունից հետո դատարանը լսեց վկա Գեւորգ Մոսինյանին, ով Ալավերդու հիվանդանոցում աշխատում է որպես շտապօգնության վարորդ: Վերջինս նշեց, որ շտապօգնության բուժքույրերից մեկը առաջինը իրեն է տեղյակ պահել դեպքի մասին, իսկ երբ գնացել է հիվանդանոց, տուժողն արդեն վիրահատարանում է եղել:
Դատավոր Մարինե Մելքոնյանը կողմերի կարծիքը լսելուց հետ մնացած վկաններին դատարան բերման ենթարկելու նոր որոշում կայացրեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 7-ին:
Դատական նիստից հետո պաշտպան Հովիկ Արսենյանը «Հետքին» ասաց, թե վկա Արարատ Մոսինյանի ցուցմունքից պարզվեց, որ նախաքննական մարմինը փորձել է ստեղծել արհեստածին ապացույցներ: Պաշտպանը դժգոհեց Թումանյանի ոստիկանության վատ աշխատանքից. «Սանիտարին ուղարկել են այստեղ ցուցմունքներ տալու: Սրանով նրանք ապահովում են ձեւական կողմը: Ոստիկանության աշխատանքում պրոֆեսիոնալիզմը պակաս է: Քննիչը եւ դատախազը հրազենային վնասվածքով մահացածի դիահերձման արդյունքների մասին պարտավոր էին հերձման պահին տեղեկանալ: Սա խոսում է այն մասին, որ Կամո Շահվերդյանի գործը ոչ միայն շինծու է, այլ նորմալ նախաքննություն չի կատարվել»:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել