
Ադրբեջանի նավթային տնտեսության զարգացման հեռանկարները
Աշոտ Եղիազարյան
Տնտեսագիտության դոկտոր, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
Նավթարդյունահանման արդի վիճակը
Global Firepower (GFP) հետազոտական խմբի տվյալներով՝ Ադրբեջանի նավթի ապացուցված պաշարները 2017թ. վերջի դրությամբ կազմել են 7 մլրդ բարել: Ադրբեջանի նավթարդյունաբերության առանձնահատկություններից մեկն այն է, որ նավթի պաշարների և արդյունահանման հիմնական մասը բաժին է ընկնում Ադրբեջանի միջազգային նավթային կոնսորցիումի (AIOC) կասպիական Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ԱՉԳ) հանքավայրերի բլոկին:
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) տվյալներով՝ 2017թ. երկրում արտադրվել է 38.7 մլն տոննա նավթ: Ընդ որում, նույն ժամանակահատվածում SOCAR-ի կողմից արտադրված նավթը կազմել է 7.4 մլն տոննա: 2016թ. երկրում նավթի արտադրությունը կազմել է 41.03 մլն տոննա, այսինքն 2017թ. արտադրությունը կրճատվել է 5.7%-ով: Ընդհանուր առմամբ նավթի արտադրության նվազումը սկսվել է 2010 թ․-ից: 2010թ. նավթի արտադրությունը կազմել է 50.79 մլն տոննա, 2011թ.՝ 45.62 մլն տոննա, 2012թ.՝ 43.38 մլն տոննա, 2013թ.՝ 43.48 մլն տոննա, 2014թ.՝ 42.02 մլն տոննա, 2015թ.՝ 41.58 մլն տոննա: Այսինքն 2017թ. 2010թ. համեմատությամբ արտադրությունը կրճատվել է 24%-ով կամ 12.1 մլն տոննայով: 2018թ. նավթի արտադրությունն Ադրբեջանում 2017թ. համեմատությամբ շատ փոքր չափով ավելացել է՝ կազմելով 38.8 մլն տոննա (տե՛ս աղյուսակ 1): Սակայն հատկանշական է, որ ԱՉԳ-ում արտադրությունը կազմել է 28,72 մլն տոննա 2017թ. 28.91 մլն տոննայի համեմատությամբ (արտադրության կրճատում 0.6%-ով): Հատկանշական է նաև, որ 2010թ. համեմատությամբ գրեթե 1 մլն տոննայով կրճատվել է նաև Ադրբեջանի սեփական, այսինքն բուն SOCAR-ի կողմից նավթարդյունահանման ծավալը: Կասկած չկա, որ շահագործվող նոր հանքավայրերի բացակայության պատճառով Ադրբեջանի նավթարդյունաբերությունն արդեն իր մայրամուտն է ապրում:
Նավթի արդյունահանման ծավալները 2009-2018թթ.
Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնի (CESD) փորձագետներն առանձնացնում են Ադրբեջանում նավթի արդյունահանման կրճատման երեք պատճառ՝
- վերջին տասնամյակում Ադրբեջանի նավթի պաշարները կրճատվել են: 1994թ.-ից սկսած Ազերի, Չիրագ և Գյունեշլի նավթի հանքավայրերի բլոկում /կասպիական սեկտոր/ արդյունահանվել է 440 մլն տոննա նավթ,
- Ադրբեջանի կառավարությունը փորձում է աստիճանաբար նվազեցնել արդյունահանումը, որպեսզի նվազագույնի հասցնի «արդյունահանման կտրուկ նվազման» ռիսկը,
- նավթի ծավալների վրա ազդում են նաև նավթային հարթակներում իրականացվող նորոգման աշխատանքները:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՇՈՒՇՈՏ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Ադրբեջանի տնտեսության հենքը նավթագազային սեկտորն է: Ընդ որում, դրա առանցքն էլ 1994թ. կնքված պայմանագրի շրջանակներում միջազգային նավթային կոնսորցիումի կողմից ԱՉԳ նավթային հանքավայրերի շահագործումն է, որի հետ էլ մեծ հաշվով կապված են երկրում իրագործվող տրանսպորտային, շինարարական և այլ նախագծերը: 1994թ.-ից սկսած երկրի նավթագազային սեկտորում օտարերկրյա ներդրումները (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Նիդեռլանդներ և այլն) կազմել են շուրջ 70 մլրդ դոլար, իսկ Ադրբեջանի տնտեսությունում ընդհանուր առմամբ ներդրվել է 144,4 մլրդ դոլար: Ստացված նավթային եկամուտները թույլ են տվել Ադրբեջանին ներդրող ներկայանալ Թուրքիայում, Վրաստանում և Ռումինիայում:
Սակայն նավթի պաշարները նվազում են ԱՉԳ-ում, նոր այլ հեռանկարային հանքավայրեր էլ չկան: Ադրբեջանի խոշորագույն հանքավայրերը կամ սպառված են կամ գտնվում են արդյունահանման նվազման փուլում: 1994թ. համաձայնագիրը կնքվեց 30 տարով: Արդյունահանումը սկսվեց 1997թ.: Վերելքը շարունակվեց մինչև 2010թ., երբ AIOC-ը, ըստ կանխատեսումների, պետք է հասներ 50 կամ գոնե 45 մլն տոննա արդյունահանման ծավալի: Սակայն այդպիսի ծավալի ընկերությունը չհասավ: Առավելագույնը ստացվեց 40,6 մլն տոննա նավթ: 2011թ. արդյունահանումը կրճատվեց մինչև 35 մլն տոննա: Մասնագետների արձանագրմամբ՝ 15 տարի հետո համաձայնագրի «ոսկե» դարն ավարտվեց:
Ներկայումս ԱՉԳ-ն արդեն դասվում է հասուն հանքավայրերի շարքին: 2017թ. կապիտալ ներդրումները կրճատվեցին 27%-ով: 2017թ. հոկտեմբերին համաձայնագիրը վերանայվեց: Ադրբեջանը և AIOC-ը պայմանավորվեցին ԱՉԳ համաձայնագիրը երկարացնել մինչև 2050թ.: Մասնագետների կարծիքով՝ այն երկարաձգվեց մինչև 2050թ., որպեսզի կապիտալ ծախսերը փոխհատուցվեն նախագծի երկարաժամկետությամբ: Ըստ գնահատումների՝ առանց լուրջ ներդրումների ԱՉԳ հանքավայրերում արդյունահանման անկումը կկազմի տարեկան 10 տոկոս: Նոր համաձայնագրով նախատեսում է ԱՉԳ-ում ավելի բարդ շահագործվող շերտերի յուրացում, որոնց պաշարները կոնդենսատի հետ միասին BP Azerbaijan-ի կողմից գնահատվում են 500 մլն տոննա: Պլանավորվում է նախագծում ներդնել ավելի քան 40 մլրդ դոլար: Փորձագետների գնահատմամբ՝ այսպես կոչված «ԱՉԳ-2» նախագծի պայմաններն ավելի վատ են, քան 1994թ. կնքված համաձայնագրինը: 1997-2017թթ., այսպես կոչված, «ԱՉԳ-1»-ում արդյունահանվել է 448,8 մլն տոննա նավթ, իսկ կապիտալ ներդրումների ծավալը կազմել է 25,5 մլրդ դոլար: «ԱՉԳ-2»-ի իրականացման լավագույն սցենարի դեպքում կապիտալ ծախսերը մեկ տոննայի հաշվով կկազմեն 80 դոլար «ԱՉԳ-1»-ի 56,8 դոլարի դիմաց: Նոր նախագծում SOCAR-ի կշիռն ավելացել է 11,6%-ից մինչև 25%, բնականաբար, ներդրումային պարտավորությունների հետ միասին, իսկ ահա պետության կշիռը շահույթի բաժանման մեջ նվազել է 80%-ից մինչև 75%: Ադրբեջանը կստանա բոնուսներ 3,6 մլրդ դոլարի չափով, որոնք, սակայն, կվճարվեն հավասարաչափ մի քանի տարիների ընթացքում:
Ոլորտի մասնագետների պնդմամբ՝ ԱՉԳ հանքավայրերի արտադրողականության նվազումը մեծ հարված է նախագծի գազային բաղկացուցչին: Խնդիրն այն է, որ ԱՉԳ-ում արդյունահանվող ուղեկից գազը մասամբ ներմղվում է նավթահորեր նավթի կորզման նպատակով շերտային ճնշմանն աջակցելու համար: Մնացած գազը տրվում է Ադրբեջանին որպես ապրանք: Որքան բարձր են նավթի արդյունահանման նվազման տեմպերը, այնքան շատ գազ է անհրաժեշտ ներմղել, բնականաբար ավելի քիչ գազ է AIOC-ը փոխանցում Ադրբեջանին:
2018թ. վերջին ամերիկյան Շեվրոնը հայտարարեց, որ պատրաստվում է վաճառել միջազգային կոնսորցիումում իր բաժինը (9,6%), ավելի շուտ ԱՉԳ-ում իր ակտիվների (6,8%) վաճառելու մասին հայտարարել էր ամերիկյան Exxon Mobil-ը: Շեվրոնը հրաժարվում է ոչ միայն ԱՉԳ-ում իր բաժնից, այլև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի օգտագործումից, որում ամերիկյան ընկերությանը պատկանում է ակտիվների 8,9%-ը: Haqqin.az-ը ստիպված էր խոստովանել, որ «25 տարի հետո ամերիկյան նավթագազային ընկերությունները լքում են Ադրբեջանը»:
Չի թաքցվում, որ նոր համաձայնագրի հիմնական նպատակը ոչ թե նավթի արդյունահանման ավելացումն է, այլ կայունացումը: Ադրբեջանի նավթային արդունաբերության մայրամուտի մասին կանխատեսում են շատ փորձագետներ: Նրանք այն կարծիքին են, որ «ԱՉԳ»-ում արդյունահանման ընթացիկ մակարդակը կսպառվի արդեն այս տարի:
Որոշ մասնագետների կարծիքով՝ արդյունահանման մակարդակը կախված է ВР ցանկությունից: ВР-ը ցանկացած պահի կարող է կանգնեցնել հանքահորերը նորոգման պատրվակով: Հատկանշական է, որ ВР-ն օպերատոր է նաև Ադրբեջանի մյուս խոշոր, այս դեպքում գազային նախագծում՝ Շահ-Դենիզում: Ցանկացած շեղում այս հանքավայրերում, նույնիսկ սարքավորման նորոգման տեսքով, ոչ միայն նվազեցնում է դրանց, այլև երկրի մասշտաբով ցուցանիշները:
Արդեն 2010թ.՝ նավթարդյունահանման պիկից հետո երկիրը մտել է անկայուն տնտեսական աճի փուլ: 2011թ. նավթի արդյունահանման 10,1% կրճատումը, նույնիսկ նավթի պատմականորեն բարձր գնի պայմաններում, 1996թ. հետո առաջին անգամ հանգեցրեց ՀՆԱ-ի անկմանը (–1,6%):
Տնտեսական աճն Ադրբեջանում 2015թթ. կազմել է 1,1 տոկոս: Այս անգամ տնտեսության վրա սկսում է զգացնել տալ համաշխարհային շուկայում նավթի գների նվազումը: Արդյունքում, սկսած 2015թ. առաջին եռամսյակից տեղի է ունենում մանաթի արժեզրկում (տարվա արդյունքներով ազգային արժույթը գործնականում երկու անգամ արժեզրկվեց դոլարի նկատմամբ), գնաճ, ինչն ուղեկցվում է գործազրկության աճով, կրճատվում են բյուջետային ծախսերը, աշխատավարձերը, մարդիկ սկսում են ծախսել խնայողությունները և կանգնում վարկերը մարել չկարողանալու խնդրի առաջ: Տնտեսական վիճակի վատթարացնումը հանգեցնում է գանգվածային անկարգությունների երկրի տարբեր վայրերում: 2016թ. տնտեսական ակտիվության առումով Ադրբեջանում վիճակն արդեն ճգնաժամային էր, ՀՆԱ անկումը կազմեց 3,1%: ՀՆԱ անկման վրա առավել բացասական ներդրում ունեցավ շինարարական սեկտորը (-22.9%), քանի որ կրճատվեցին նավթային եկամուտների մեծությունից կախված պետական կապիտալ ծախսերը և վարկավորման ծավալները: Պետական պարտքը 2016թ. հասավ ՀՆԱ 50,7% -ին, իսկ 2017թ.՝ ՀՆԱ 54,1%-ին, այն դեպքում, երբ 2005-2014թթ. այն կազմում էր ՀՆԱ-ի մոտ 12%-ը: Ընթացիկ գործառնությունների հաշվի սալդոն 2015–2016թթ․ դարձավ բացասական նախորդ տասնամյակի դրական ցուցանիշներից հետո: Ընթացիկ հաշիվը նորից դրական դարձավ միայն 2017թ., երբ նավթի գները բարձրացան և կազմեցին միջինը 52,1 դոլար:
Այդ անկումն այնքան խորն էր, որ Ադրբեջանի ներկայիս ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ գրեթե 2 անգամ փոքր է մինչև 2014-2015-ի ճգնաժամային տարիների ցուցանիշը: 2016թ. ռեցեսիայից հետո Ադրբեջանի տնտեսությունը 2017թ. աճեց 0,1%, 2018թ.՝ 1,4%-ով: Ադրբեջանի ՀՆԱ-ն 2017թ. կազմեց 41.2 մլրդ դոլար, իսկ 2018թ.՝ 46.9 մլրդ դոլար (2014թ. այն հասել էր իր առավելագույն մակարդակին՝ 75.2 մլրդ դոլարի): Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2016թ․ կազմեց 3,898 դոլար, 2017թ.՝ 4200, 2018թ.՝ 4742 դոլար (2014թ.՝ 7939 դոլար):
Ոչ նավթային ՀՆԱ-ն 2016թ. կրճատվեց 5,0%-ով՝ առաջին անգամ ցույց տալով բացասական դինամիկա 1990-ականներից հետո: Այդ փաստը վկայում է այն մասին, որ ոչ նավթային սեկտորի ճյուղերը (շինարարություն, առևտուր և այլն) էլաստիկ կախվածություն ունեն նավթագազային սեկտորից: Ադրբեջանի տնտեսությունը մեծ հաշվով նավթադոլարների հաշվին սուբսիդավորվող տնտեսություն է: Բյուջեից միլիոնավոր դոլարներ են տրամադրվում այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են «Ազերսուն» և «Ազերիգազը», որպեսզի վերջիններս լուծեն իրենց ընթացիկ խնդիրները, մարեն վարկերը և իրականացնեն մի շարք նախագծեր: Ադրբեջանի միջազգային բանկը դեֆոլտից փրկվեց միայն պետության ֆինանսական աջակցությամբ: Շրջանների մեծ մասը դոտացիաներ են ստանում, ինքնուրույն չեն կարող համալրել իրենց բյուջեները:
Ոչ նավթային սեկտորի նավթայինից կախվածության հստակ կորելացիայի մասին է խոսում նաև ոչ նավթային սեկտորի արտահանման վարքագիծը նավթի գների անկման պայմաններում (ոչ նավթային արտահանումը կտրուկ նվազեց նավթի արտահանման ծավալների նվազմանը զուգընթաց): Ադրբեջանի արտահանման կառուցվածքում նավթագազային սեկտորի կշիռը կայուն կերպով շարունակում է մնալ 90%-ից ավելի: Վերջին հինգ տարիներին Ադրբեջանի արտահանումը կրճատվել է 13.6%-ով՝ 2012թ. 27.9 մլրդ դոլարից հասնելով 14.3 մլրդ դոլարի 2017թ.: 2017թ. արդյունքներով՝ արտահանման 82.3%-ը կազմել է նավթը, 9.1%-ը՝ գազը և 2.3%-ը՝ նավթամթերքները: Ադրբեջանը 2018թ. արտահանել է $20,8 մլրդ արտադրանք, որից 1,6 մլրդ կամ 7.7 տոկոսը կազմել է ոչ նավթային սեկտորի արտադրանքը:
Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ՆԱՎԹԱԳԱԶԱՅԻՆ ՍԵԿՏՈՐԻ ԵԿԱՄՈւՏՆԵՐԻ ՄԱՍՈՎ
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Դավոսի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարեց, որ նավթի համաշխարհային գների կտրուկ իջեցումը սթրես դարձավ իր երկրի տնտեսության համար: Նրա խոսքերով՝ «նավթի գների անկումը ոչ միայն բարդացնում է բյուջեի հաշվեկշռվածության խնդիրը, այլև կեղեքում է հոգեբանորեն»:
2018թ. ԱՉԳ բլոկից նավթի և Շահ Դենիզի կոնդենսատի վաճառքից ստացվող Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) եկամուտները կազմել են 9 մլրդ 720 մլն դոլար: Եկամուտների այդպիսի մեծություն հնարավոր է եղել ապահովել նավթի գների բարձր մակարդակի պայմաններում: 2018թ. Brent Crude նավթի տարեկան միջին գինը հասավ մեկ բարելի համար 74 դոլարի: Միաժամանակ, հարկ է նշել, որ Ադրբեջանի նավթի արդյունահանման ծախսերը վերջին տասնամյակում աճել են: SOCAR-ի տվյալներով՝ մեկ բարելի արժեքը կազմում է 20 դոլար: Հաշվի առնելով նավթի բարձրացող ինքնարժեքը և արտադրության ծավալների կրճատումը, CESD-ում չեն սպասում, որ Ադրբեջանը նորից հսկայական եկամուտներ կստանա նավթի արտահանումից: Ըստ CESD-ի կանխատեսումների՝ Ադրբեջանի պետական SOFAZ-ի տարեկան եկամուտը կկազմի մոտ 6,0-7,0 մլրդ դոլար, այն էլ նավթի մեկ բարելը 60-70 դոլար գնի դեպքում: Հատկանշական է, որ SOFAZ-ից պետական բյուջեի տարեկան հատկացումները մոտավորապես այդքան գումար են կազմում: Պետական բյուջեի եկամուտները 2019թ. ծրագրված է մոտ 13.47
մլրդ ԱՄՆ դոլար (BRENT տեսակի նավթի գինը հաշվարկված է 60 ԱՄՆ դոլար մեկ բարելի համար): Ընդ որում, դրա 6.79 մլրդ դոլարը ստացվելու է SOFAZ-ից: Հատկանշական է նաև, որ ուղղակի նավթային եկամուտները կազմելու են 50.4%: Եթե դրան ավելացնենք նավթային սեկտորից ստացվող անուղղակի եկամուտները, օրինակ նավթային ընկերությունների վճարած հարկերը, ապա այս ցուցանիշը կաճի 59.8%, փոքր-ինչ քիչ 2018թ. 60.2% ցուցանիշից: Այսինքն նավթի գնից Ադրբեջանի պետական եկամուտների կախվածությունն այնքան մեծ է, որ դրա անկման դեպքում հետևանքներն անկանխատեսելի են:
Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացրել է անվնասաբերության վերլուծություն նավթարդյունահանող երկրների համար: Վերլուծությունն ի ցույց է դնում նավթի այն գինը, որն անհրաժեշտ է տնտեսությունում հաշվեկշռվածության համար: Վերլուծության համաձայն՝ Ադրբեջանում ֆիսկալ անվնասաբերության համար գինը կազմում է 45.1 դոլար, իսկ արտաքին անվնասաբերության համար՝ 55.1 դոլար:
Եթե նավթի գներն ընկնեն վերը նշված մակարդակներից, ապա երկրի ամբողջ տնտեսական համակարգը լուրջ ցնցումների մեջ կարող է ընկնել: ԱՄՀ-ի այս ցուցանիշները ցույց են տալիս այն մակարդակները, որում Ադրբեջանի ֆիսկալ և արտաքին հաշվեկշիռը հավասար է զրոյի:
Ադրբեջանի եկամուտների մյուս աղբյուրը գազն է: Սակայն գազից ստացվող եկամուտները չեն կարող փոխարինել նավթից ստացվող եկամուտներին: Որպես գազի հիմնական աղբյուր հանդես է գալիս «Շահդենիզ-2»-ը: 2007թ. մինչև 2018թ. հուլիսը շահագործվել է միայն Շահ-Դենիզ 1-ի ծանծաղ մասը՝ կորզելի 190 մլրդ մ3 գազի պաշարներով: Արդյունահանման սկզբից 10 տարի անց այստեղ նկատվում է արտադրության նվազում: 2017թ. արդյունահանվել է 10,2 մլրդ մ3՝ 2016թ. 10,7 մլրդ մ3 դիմաց: Անկումը բացատրվում է նույն կերպ, ինչպես ԱՉԳ-ում՝ սարքավորման նորոգում: Խորջրյա մասի, Շահ-Դենիզ 2 նախագծի շահագործումը սկսվել է 2018թ., կորզելի պաշարները կազմում են 625 մլդ մ3: Ըստ կանխատեսումների՝ հանքավայրի շահագործման երկրորդ փուլում գազի արդյունահանման ծավալը կարող է ավելանալ մինչև 24 մլրդ խորանարդ մետր: Այլ հանքավայրերից հեռանկարային կարող են համարվել Ապշերոնը (350 մլրդ մ3), Ումիդը (200 մլրդ մ3) և Բաբեկը (400 մլրդ մ3): «Ապշերոն» նախագծի մասնակիցներն են SOCAR-ը, ինչպես նաև ֆրանսիական Total և Gaz De France Suez ընկերությունները: «Ապշերոն»-ի առաջին հանքահորի հորատումը նախատեսվում է 2019թ. վերջին եռամսյակում:
Գազի արտահանման համար կառուցվում են Տրանսանատոլիական գազամուղը (TANAP) և Տրանսադրիատիկ գազամուղը (TAP), որոնք միասին ձևավորում են ԵՄ ձգվող Հարավային գազային միջանցքը: TANAP-ը պլանավորվում է գործարկել 2019թ. հուլիսի 1-ից, իսկ ամբողջ հզորությամբ կգործի 2021թ. հուլիսի 1-ից: TAP-ը պետք է գործարկվի 2020թ. առաջին օրվանից և ամբողջ հզորությամբ կաշխատի 2020թ. վերջում:
«Շահ-Դենիզ 2» և «Հարավային գազային միջանցք» նախագծերը շատ թանկ կնստեն ադրբեջանական կողմի վրա: Մոտավորապես 45 մլրդ դոլար կկազմի «Շահ-Դենիզ 2» նախագծի ընդհանուր արժեքը: Կպահանջվի նվազագույնը 10-15 տարի (եթե նավթի գները չընկնեն), որպեսզի նախագիծը հետ գնվի:
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
Մեկնաբանել