
Կառավարությունը չի պահպանում համաձայնագրի դրույթները
Կայուն զարգացման ծրագրի (ԿԶԾ) Քաղաքացիական համագործակցության ցանցի (ՔՀՑ) խորհրդի հայտարարությունը
2009թ. փետրվարի 14–ին ՀՀ կառավարության և Քաղաքացիական հասարակության լայն շրջանակների միջև ստորագրվեց Սոցիալական գործընկերության (ՍԳ) Համաձայնագիր, որի գլխավոր նպատակն էր ապահովել հանրային մասնակցությունը ԿԶԾ մշակման, իրականացման, մոնիտորինգի և գնահատման գործընթացներին:
ՀՀ վարչապետի 2009թ. օգոստոսի 4 –ի թիվ 657 –Ն որոշմամբ հաստատվեցին ՍԳ Համաձայնագրով սահմանված ԿԶԾ կառավարման մարմինները: ԿԶԾ ՍԳ ինստիտուտի ձևավորումից հետո անցել է բավականին ժամանակ, սակայն կառավարությունը չի պահպանում ԿԶԾ շրջանակներում ՍԳ համաձայնագրի դրույթները, մասնավորապես`
- խախտվել են ԿԶԾ իրականացման ժամանակացույցը, միջոցառումների պլանը.
- չեն գործում ԿԶԾ կառավարման մարմինները` Համաձայնագրի ստորագրման օրվանից մինչ օրս հրավիրվել է ընդամենը Համակարգող խորհրդի (ՀԽ) 1 նիստ և Աշխատանքային խմբի (ԱԽ) 3 նիստ.
- չի ստեղծվել վճարովի սկզբունքով ԿԶԾ ՔՀՑ քարտուղարություն.
- ԿԶԾ ԱԽ -ի եւ ՀՀ կառավարության կողմից այդպես էլ չի հաստատվել ԿԶԾ 2010 – 2011թթ. կարճաժամկետ ծրագիրը.
- ոչ բոլոր նախարարություններն են հաստատել իրենց կոլեգիաներում ՔՀՑ ներկայացուցիչներին.
- կառավարության և ԱԺ –ի կողմից շարունակաբար ընդունվում են որոշումներ և օրինագծեր, առանց հանրային լայն քննարկումների և ԿԶԾ կառավարման ԱԽ -ի եզրակացության.
- բավարար չէ ՍԳ Համաձայնագրով նախատեսված դոնոր հանրության աջակցությունը ԿԶԾ ՔՀՑ-ին:
ՀՀ Կառավարության և ԿԶԾ քարտուղարության կողմից ԿԶԾ կառավարման մարմինների անգործության մատնվելը քաղաքացիական ցանցում ձևավորել է անվստահության և հիասթափության մթնոլորտ: Ստեղծված իրավիճակի մասին ՔՀՑ Խորհրդի նախկին նախագահի և խորհրդի որոշ անդամների գրավոր դիմումները` հղված կառավարական մարմիններին, անտեսվել են: Ավելին, այդ մասին գրված ԶԼՄ հրապարակումներին անգամ կառավարության կողմից արձագանք չի եղել:
Ստեղծված իրավիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ –ում փորձ է արվում քաղաքացիական հասարակության և հանրային մասնակցության համար նպաստավոր միջավայրի ստեղծման իմիտացիա ձևավորել: Դրա լուռ վկայությունն է այն փաստը, որ կառավարությունը մինչ օրս ոչ միայն չի հայտարարել ԿԶԾ դադարեցման մասին, այլև անհրաժեշտության դեպքում, հատկապես դոնոր հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ` վարկեր կամ դրամաշնորհներ ակնկալելիս, վկայակոչում է ԿԶԾ գոյության մասին:
Վերոհիշյալի արդյունքում առաջացած հիասթափությունը ՔՀՑ–ի ներսում առաջ էր բերել որոշ խնդիրներ, սակայն ՔՀՑ–ն իր մեջ ուժ գտավ և հաղթահարեց այդ դժվարությունները: Սկսած 2011 թ. օգոստոսից այդ ուղղությամբ կատարվեցին լուրջ աշխատանքներ: Արդյունքում, ԿԶԾ ՔՀՑ կանոնակարգին համապատասխան, արդեն ձևավորվել և կայուն կերպով գործում է ԿԶԾ ՔՀՑ խորհուրդը, փոփոխության են ենթակվել ՔՀՑ ՀԽ–ում և ԱԽ-ում ՔՀՑ ներկայացուցիչների կազմերը, սկսել են գործել ոլորտային/բանակցային խմբերը, կայացել են հանդիպումներ դոնոր հանրության ներկայացուցիչների հետ և այլն:
Կառավարության կողմից Համաձայնագրով նախատեսված որևէ աջակցություն չստանալով` այսօր էլ ՔՀՑ–ի կողմից շարունակվում է իրականացվել քաղաքացիական հասարակության լայն շրջանակների ՔՀՑ կառուցվածքներում ներգրավվման գործընթացը, բաց ընթացակարգով:
ԿԶԾ շրջանակներում ՍԳ կողմ հանդիսացող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում անգամ, խիստ կարևորում են երկրի զարգացման համար ԿԶԾ իրականացումը և մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում ծրագրի իրականացման գործընկերային պարտավորություններին:
ԿԶԾ ՔՀՑ խորհուրդը հայտնում է, որ անկախ ծրագրի անվանումից, պատրաստակամ ու հաստատակամ է շարունակել մասնակցությունը երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ռազմավարական ծրագրերի մշակման, իրագործման, մոնիտորինգի և գնահատման գործընթացներին` ակնկալելով այդ գործում կառավարության ակտիվ գործընկերությունը:
Մեկնաբանել