HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում ինտերնետի շուկան հասույթով հավասարվել է բջջային շուկային

Հայաստանում գործող բջջային օպերատորներին չի հաջողվում կանխել ոլորտում գրանցվող անկումը, որը շարունակվում է արդեն 5-6 տարի։ Փոխարենն ինտերնետի մատակարարման շուկան ավելի մեծ ծավալների է հասնում։ Այս տարվա վերջում, նման տեմպերի պահպանվելու պարագայում, արդեն ինտերնետը հասույթի ծավալներով առաջին անգամ առաջ կանցնի բջջային շուկայից։

Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից (ՀՀ ՎԿ), այս տարվա առաջին կիսամյակում կապի ոլորտի ընդհանուր հասույթը Հայաստանում կազմել է 71.8 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 1.8%-ով աճել է։ Սա ներառում է ինչպես ինտերնետի, բջջային շուկայի, այնպես էլ՝ հեռուստառադիոծրագրերի կազմումն ու հեռարձակումը, լարային հեռախոսակապը և այլն։

Հայաստանում կապի ոլորտի հասույթի հիմնական մասը գոյանում է ինտերնետից և բջջային շուկայից։ Մասնավորապես, այս տարվա առաջին կիսամյակում, բջջային շուկայի հասույթը կազմել է 25.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազելով 5.4%-ով։ Նվազում է նաև լարային հեռախոսակապի հասույթը, որը կազմել է 4.1 մլրդ դրամ՝ կրճատվելով 18.2%-ով։

Միևնույն ժամանակ աճում է ինտերնետ հասանելության ծառայությունների հասույթը։ Առաջին կիսամյակում այն կազմել է 25.4 մլրդ դրամ՝ աճելով 4.3%-ով։

Ստացվում է, որ առաջին կիսամյակում կապի ոլորտում հասույթի 35.3%-ն ապահովել է ինտերնետի շուկան, 36.1%-ը՝ բջջային շուկան։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում բջջային շուկային բաժին է հասել կապի հասույթի 39%-ը, իսկ ինտերնետին՝ 34.5%-ը։

Դեռևս տասը տարի առաջ բջջային շուկայի տեսակարար կշիռը կապի ոլորտում 60%-ին մոտ էր։ Այնուհետև այն աստիճանաբար սկսեց թուլացնել դիրքերը։ Ասվածն ավելի պարզ երևում է ինֆոգրաֆիկայում, որտեղ ներկայացրել ենք 2011-2019 թվականների առաջին կիսամյակների տվյալները կապի հասույթի կառուցվածի վերաբերյալ։ Նշենք, որ սկզբնակետ ենք ընտրել 2011 թվականը, քանի որ Վիճկոմիտեի հրապարակումները այդ թվից առաջ համադրելի չեն այս տարիների հրապարակումների հետ։

Դեղինով ներկայացված է բջջային շուկայի տեսակարար կշիռը կապի ոլորտում՝ ըստ հասույթի, իսկ մոխրագույնով ինտերնետի շուկան է։ Անզեն աչքով էլ երևում է, թե ինչպես է առաջինը տարիների ընթացքում իր տեղը զիջել երկրորդին։ Նվազել է նաև լարային հեռախոսակապի դերը։

Ինչ վերաբերում է կապի մյուս ենթաոլորտներին, ապա այսօրվա դրությամբ համեմատաբար տեսանելի կշիռ ունեն հեռուստածրագրերի կազմման ու հեռարձակման ոլորտը, ինչպես նաև՝ մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկումն ու շահագործումը։



Ինչպես բազմիցս գրել ենք, վերջին տարիներին ամբողջ աշխարհում ընդլայնվող OTT (անգլ. Over the Top) ծառայությունները, ինչպիսիք են Skype-ը, Viber-ը, Messenger-ը, WhatsApp-ը և այլն, լուրջ մարտահրավեր են նետել բջջային շուկային՝ դառնալով բջջային հեռախոսակապի այլընտրանք։ Այս ծառայությունները հնարավորություն են տվել մարդկանց աշխարհի տարբեր ծայրերում հաղորդակցվել ավելի մատչելի տարբերակով, որը հանգեցրել է բջջային կապի դերի ու հասույթի նվազմանը։

Հայաստանի բջջային շուկայի խաղացողներին չի հաջողվում կանխել այդ անկումը, ինչը բացասաբար է ազդում նրանց եկամուտների վրա։ Միևնույն ժամանակ, նույն բջջային օպերատորները նաև ինտերնետի մատակարարմամբ են զբաղվում, իսկ ինտերնետի շուկան գնալով ընդլայնվում է, ինչը նշանակում է, որ նրանք հնարավարություն ունեն բջջային շուկայում կրած վնասները, գոնե մասամբ, կոմպենսացնել ինտերնետից ստացվող եկամուտներով։

2018 թվականին բջջային շուկայի ընդհանուր հասույթը կազմել է մոտ 57 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 7.3 %-ով։ 2017 թվականին շուկայի անկումն ավելի մեծ է եղել՝ մոտ 24 %:

Իսկ ինտերնետ հասանելիության հասույթը 2018 թվականին կազմել է մոտ 51 մլրդ դրամ՝ աճելով 12.6 %-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter