Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով Նարեկ Մութաֆյանին ու Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել
Սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում ձերբակալված Նարեկ Մութաֆանին և Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց մեղադրյալների փաստաբան Վահե Եփրիկյանը: Պաշտպանը նշեց, որ Նարեկ Մութաֆյանը ցուցմունք է տվել և նշել, որ դատավոր Աննա Դանիբեկյանին որևէ կերպ չի վիրավորել, միտում չի ունեցել նրա նկատմամբ ճնշում գործադրելու կամ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, պարզապես ցիտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ կապված դատական համակարգի և որոշ դատավորների հետ: Ըստ Վահե Եփրիկյանի՝ Մութաֆյանը ցուցմունք է տվել այն մասին, որ քայլելիս է եղել Կոմիտասի անվան պանթեոնում, երբ նկատել է դատավոր Դանիբեկյանին ու նրանից փորձել ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները, մինչդեռ դատավորը հարվածել է նրա ձեռքին ու գցել հեռախոսը, որը վնասվել է:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Նարեկ Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով դատական համակարգի մասին, ամիսներ առաջ ասել է, թե դատական համակարգն անտեր է, կան դատավորներ, որոնք վնգստում են պատերի տակ ու նոր տերեր փնտրում: ԲԴԽ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Հետքի» լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ԲԴԽ-ն չի արձագանքել վարչապետի այս հայտարարությանը դատական համակարգի մասին, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասել է, որ հայտարարությանն արձագանքելու հարցը շատ է քննարկվել, բավական աշխատանք է տարվել մի քանի տեքստի վրա, հետո որոշվել է քաղաքական հայտարարություններին չարձագանքել:
«Ես գտնում եմ, որ միգուցե բառակապակցությունը փոքր-ինչ կոպիտ էր: Պարզ ասեմ՝ դատավորները միշտ կաշկանդված են իրենց կոլեգաների մասին հրապարակային կարծիք հայտնել, բայց երբ իրար հետ են զրուցում, շատ լավ հասկանում են, թե վարչապետն ում նկատի ուներ և ինչի մասին էր խոսքը»,- ասել է Ռուբեն Վարդազարյանը:
Նիկոլ Փաշինյանի և Ռուբեն Վարդազարյանի խոսքերին հղում կատարելով՝ նախորդ՝ սեպտեմբերի 20-ի դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանին հարց է ուղղել, թե արդյոք վերջինս կա «վնգստացող դատավորների ցանկում» որոշելու համար՝ նրան այս հիմքով ինքնաբացարկի միջորդություն ներկայացնելու անհրաժեշտություն կա, թե՞ ոչ:
Երեկ համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ դատավոր Աննա Դանիբեկյանը, շուրջ 10 րոպե լուռ քայլելով, մտնում է դատարանի վարչական շենք, ապա դատական կարգադրիչներին մատնացույց անում երիտարադներին, որոնք, տեսախցիկները միացրած, քայել են իր կողքով:
Վերը նկարագրվածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որտեղ դատավոր Դանիբեկյանը բացատրություն է տվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը): Դատավորին թիկնապահ է տրամադրվել:
Վահե Եփրիկյանի խոսքով՝ օգտվելով իր դատավարական կարգավիճակից՝ ձերբակալված Սարգիս Օհանջանյանը ցուցմունք չի տվել: Պաշտպանի խոսքով՝ քննիչը բանավոր հայտնել է, որ պատրաստվում է կալանքի միջնորդություններ ներկայացնել դատարան:
Փաստաբանը հիշեցրեց, որ քրեական գործն ի սկզբանե հարուցվել է դատարանի նկատմամբ անհարագալից վերաբերմունք դրսևորելու հոդվածով, սակայն քննչական մարմինը, հասկանաով, որ այդ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երեք ամիս կալանքն է, որոշել է ձերբակալվածներին ավելի խիստ հոդվածով մեղադրանք առաջադրել, որի սանկցիան մինչև հինգ տարի ազատազրկում է նախատեսում:
Եփրիկյանի խոսքով՝ հարցերը, որոնք տրվել են Դանիբեկյանին, կարող էին տրվել ցանկացած դատավորի, որին Մութաֆյանը կհանդիպեր:
Դատավոր Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպին արձագանքել են պետական մի շարք կառույցներ:
Մարդու իրավունքների պաշտպանը, մասնավորապես, գրել է.
«Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածն անթույլատրելի է։ Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը՝ անկախ նրա կարգավիճակից, այն բարձր արժեք է։ Մարդու արժանապատվությունն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է:
Բարձրագույն դատական խորհուրդը տեղի ունեցածը որակել է դատավորի նկատմամբ հոգեբանական ճնշման փորձ:
«Սեպտեմբերի 28-ին, 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Կատարվածի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանն անմիջապես տեղյակ է պահել Բարձրագույն դատական խորհրդին և այս պահին հաղորդում է ներկայացնում Ոստիկանությանը: Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում, որով կվտանգվի նրա անկախությունն ու մասնագիտական գործունեությունը, և հայտարարում, որ հետևողական է լինելու, որպեսզի օրենքի առաջ կանգնեն և խստագույնս պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, ովքեր կփորձեն որևէ տեսակի ոտնձգություն գործել դատավորների, նրանց պատվի և արժանապատվության, մասնագիտական գործունեության դեմ»,- նշված է ԲԴԽ-ի հաղորդագրության մեջ։
Դեպքից անմիջապես հետո ի աջակցություն դատավորի` հանդես են եկել մի խումբ փաստաբաններ` իրենց աջակցությունը հայտնելով նրան և դատապարտելով նրա նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը:
Ի դեպ, տեղի ունեցածին անդրադարձել է նաև Քոչարյանին առաջին անգամ կալանքից ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ում նկատմամբ, հիշեցնենք, մեծ արշավ էր սկսվել Քոչարյանին ազատ արձակելուց հետո:
«Անթույլատրելի եմ համարում դատավոր Ա. Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպն՝ անկախ նրանից, որ այն կրել է ակցիայի բնույթ: ՄԻՊ, ԲԴԽ, Դատավորների միություն, Դատախազություն, Ոստիկանություն. ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը»,- գրել է դատավոր Ազարյանը:
Նշենք նաև, որ իրավական ոլորտի մի խումբ մասնագետներ քննադատում են տեղի ունեցածի համար երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հանգամանքը, պնդելով, որ թեև Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցածն անթույլատրելի է` Մութաֆյանն ու Օհանջանյանը քրեական հետապնդելի որևէ արարք թույլ չեն տվել:
Մեկնաբանել