
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում ավագանու անդամի կին թեկնածուները ինքնաբացարկի դիմում են ներկայացրել
Այսօր Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում ավագանու անդամի արտահերթ ընտրություններ են, առաջադրված թեկնածուները սկզբում 17-ն էին։ Կին թեկնածուները՝ Մանե Աբրահամյանը (Եղեգնուտի միջնակարգ դպրոցում դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ) և Լեյլի Մարտիրոսյանը (Եղեգնուտ համայնքի բուժքույր) ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։ Մովսես Մարգարյանը և Հովհաննես Մկրտումյանը նույնպես հրաժարվել են իրենց թեկնածությունից։
Այժմ ավագանու անդամի թեկնածուները 13 են, բոլորն էլ՝ ինքնաառաջադրված։ Թեկնածուներից 12-ը անկուսակցական է, իսկ Ռազմիկ Աբրահամյանը ՀՅԴ-ից է։
Եղեգնուտում ընտրելու իրավունք ունի 1530 քաղաքացի:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը 2019 թվականի մայիսի 10-ի նիստում որոշեց այս տարվա սեպտեմբերի 29-ին անցկացնել Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Պատճառը ավագանու անդամների նիստերին չներկայանալն էր։ Ավագանու նիստերը 2018 թվականի օգոստոսից չեն կայացել, ինչի հետևանքով էլ վաղաժամկետ դադարեցվել են ավագանու անդամների լիազորությունները։
Եղեգնուտի ավագանու 7 անդամները ընտրվել էին 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրության արդյունքում։
Նշենք նաև, որ Եղեգնուտ համայնքի ավագանու նախկին անդամներից կրկին իր թեկնածությունն է առաջադրել Սպարտակ Կարապետյանը, իսկ Արիֆ Ռաշոյանի փոխարեն առաջադրվել է նրա որդին՝ Գրիշա Ռաշոյանը։
Ավագանու թեկնածու է նաև Եղեգնուտի նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի որդին՝ Հովհաննես Մարգարյանը։
Գայանե Հովսեփյան
Մեկնաբանել