«Արցախյան խնդիրն ունի մեկ լուծում. դա Արցախի պետության միջազգային ճանաչումն է»
Այսօր Ստեփանակերտում մեկնարկել է «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովը` նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին: Գիտաժողովին ելույթներով հանդես են եկել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, այլք:
ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին` մասնավորապես նշելով, որ Արցախի Հանրապետության անկախությունը հիմնավորված է ԽՍՀՄ օրենսդրությամբ եւ միջազգային իրավական նորմերով:
«Արցախը փաստացի անկախ պետություն է, որն իր անկախությունը նվաճել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիոն պատերազմում եւ ի տարբերություն Ադրբեջանի` կառուցում է պետություն, որը, ինչպես նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա»,- ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ բոլորիս ջանքերը պետք է ուղղվեն Արցախի միջազգային ճանաչմանը: Նրա խոսքով` վերջին զարգացումները ցույց են տվել, որ աշխարհում ընթանում է ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթարշավ` Հարավային Սուդանի եւ Արեւելյան Թիմորի օրինակով:
«Համոզված եմ, որ արցախյան խնդիրն ունի մեկ լուծում. դա Արցախի պետության միջազգային ճանաչումն է»,- իր ելույթում նշել է ԱԺ փոխխոսնակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել