
Կուտակումներ Արևաբույր համայնքի ընտրատեղամասի տարածքում
Արարատի Արևաբույր համայնքի թիվ 11/2-րդ ընտրատեղամասի հարակից տարածքում՝ դպրոցի դարպասների մոտ, կուտակումներ կան:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդներն այս մասին տեղյակ պահեցին հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Սիրանուշ Իսկանդարյանին, ով ասաց, որ դա դպրոցի տարածքը չէ, եւ չեն կարող միջամտել։
Արարատի Արևաբույր համայնքի թիվ 11/2 ընտրատեղամասում անցկացվում են ավագանու անդամների արտահերթ ընտրություններ։ Գրանցված ընտրողների թիվը 952 է։
Արևաբույր համայնքում ավագանու անդամների 5 տեղի համար 6 թեկնածու է պայքարում՝ Ավետիսյան Յուրիկ Գեղամի, Բաղդասարյան Հայկ Սեյրանի, Գրիգորյան Արշավիր Վանյայի, Եղիազարյան Գարսևան Խաչիկի, Մանուկյան Գևորգ Սերյոժայի, Սարգսյան Զոհրաբ Կարապետի։ Բոլոր թեկնածուներն անկուսակցական են։ 3 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել՝ Խաչատրյան Խաչատուր Նորիկի, Ղազարյան Հազարավարդ Կնյազի և Մարգարյան Աղունիկ Նիկալի։
Հիշեցնենք, որ Կառավարությունը ընտրություններ անցկացնելու որոշում էր կայացրել, քանի որ Արևաբույր համայնքի ավագանու անդամներից Ջիվան Մանուկյանի լիազորությունները դադարեցվել էին․ վերջինս 2018 թվականի սեպտեմբերի 10-ին նշանակվել էր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Իսկ ավագանու երկու անդամները ներկայացրել էին հրաժարականի դիմումներ։
Անի Ավագյան
Մեկնաբանել