
Ոստիկանների միջամտությամբ` չգրանցված վստահված անձը հեռացավ ընտրատեղամասի տարածքից
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ընթանում են ավագանու անդամի արտահերթ ընտրություններ: 12/12 ընտրատեղամասում գրանցված է 1540 ընտրող, որոնցից ժամը 11:00-ի դրությամբ՝ ընտրությանը մասնակցել է 130 մարդ: Ընտրությունն անցնում է խաղաղ մթնոլորտում:
Մի քաղաքացի փորձեց գրանցվել որպես թեկնածուներից Հովիկ Հովակիմյանի վստահված անձ, սակայն հանձնաժողովը թույլ չտվեց, քանի որ այդ թեկնածուն այս ընտրատեղամասում արդեն ուներ վստահված անձ: «Լավ, դուրսը կսպասեմ»,- նշեց քաղաքացին ու դուրս եկավ:
Նույն թեկնածուի 2 վստահված անձինք դրսում զրուցում էին, մեր հարցին ի պատասխան՝ նշեցին, որ չգիտեին, որ երկուսով չեն կարող մի ընտրատեղամասում գրանցվել: Քիչ անց հանձնաժողովի նախագահը դիմեց ոստիկաններին, որոնց միջամտությամբ չգրանցված վստահված անձը լքեց տարածքը:
Տարեց ընտրողներից մեկը տեսողության խնդրի պատճառով քվեարկեց իր հետ եկած քաղաքացու օգնությամբ:
Հանձնաժողովի նախագահ Մհեր Գեւորգյանը նշեց, որ այս անգամ ընտրատեղամասին խոշորացույց չի տրամադրվել: Ժամը 11-ի դրությամբ օգնողի ուղեկցությամբ քվեարկել էր 5 քաղաքացի: Հանձնաժողովի անդամը նշեց, որ չեն հարցնում, թե ինչու է ուղեկցող անհրաժեշտ ընտրողին, պարզապես ընտրողը խնդրում է, իրենք էլ գրանցում են օգնող անձին: Նշենք, որ ընտրատեղամասը մատչելի չէ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար:
Մի քանի քաղաքացիների մատնահետքը սարքը չճանաչեց: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ դա պայմանավորված է տարածքում հողագործությամբ զբաղվող քաղաքացիների մեծ թվով:
Արտաշատում ավագանու 15 տեղի համար առաջադրված թեկնածուները 48-ն են, որոնցից 7-ը կին: Թեկնածուները հիմնականում ինքնաառաջադրված են` բացառությամբ Գալստյան Աննայի ու Թադեւոսյան Սարգիսի` ԲՀԿ-ից եւ Ստեփանյան Աննայի` «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունից:
Հիշեցնեք, որ այս տարվա մայիսի 3-ի դրությամբ Արտաշատի ավագանու անդամների թվաքանակը 12 էր: Արտաշատ համայնքի ավագանու անդամներ Արթուր Գալստյանը, Արտակ Աշիկյանը, Կամո Խաչատրյանը, Արման Դերմոյանը, Հերմոն Ավետիսյանը հրաժարականների դիմումներ էին ներկայացրել:
Այդ հանգամանքներով պայմանավորված՝ անհնարին է դարձել Արտաշատ համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 15 անդամից մնացել էին 7-ը։
Անժելա Պողոսյան
Մեկնաբանել