
Զարթոնքի նախկին համայնքապետ. «Խոսելու եմ վաղը ու շատ ուժեղ եմ խոսելու»
Զարթոնքում համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցեց նաև նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանը, ով համայնքապետի արտահերթ ընտրություններին կրկին թեկնածություն էր դրել։
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի, Պարույր Սարգսյանը պատասխանեց.
«Ակնկալիքների մասին առայժմ կլռեմ։ Խոսելու եմ վաղը ու շատ ուժեղ եմ խոսելու։ Առայժմ ժողովուրդը թող իր գնահատականը տա։ Ես 23 տարի ժողովրդի կողքին եմ եղել, ով էլ ինձ ձայն չտա, էլի իմ ժողովուրդն է»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա։
Համայնքապետի մյուս թեկնածուն անհատ ձեռնարկատեր Սամվել Աղաջանյանն է, որն արդեն քվեարկել է:
Պարույր Սարգսյանն ասում է՝ պայմանավորվածություն ունեն մյուս թեկնածուի հետ. «Ով էլ որ ընտրվի, մեկս մյուսին պարտադիր շնորհավորելու ենք»։
Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլին Զարթոնք համայնքում Պարույր Սարգսյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ու նրա աջակիցների մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ Սարգսյանի թոռը հրացանից կրակոցներ էր արձակել մարդկանց վրա: Դրանից հետո Պարույր Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ խուլիգանության հատկանիշներով:
Սոնա Աբունց
Մեկնաբանել