
Փարաքարի 14/2 տեղամասի մոտակայքում երբեմն 4-5 հոգանոց խմբեր են հայտնվում
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում շարունակվում են համայնքապետի արտահերթ ընտրությունները: 14/2 տեղամասում, ժամը 16։30-ի դրությամբ, գրանցված 1747 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 643-ը:
Փարաքար համայնքում, ինչպես արդեն նշել էինք, առաջադրվել են գործող համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Սամվել Վարդանյանը, որը արդեն 18 տարի պաշտոնավարում է, ավագանու անդամներ Սամվել Ավետիսյանն ու Դավիթ Մինասյանը, և համայնքապետի տեղակալ, նախկին ՀՀԿ-ական Սարդուր Թևոսյանը: Առաջադրված բոլոր 4 թեկնածուներ անկուսակցական են:
14/2-ում աշխատում է «Լեգալ պրոգրես իրավական ակումբի» դիտորդը, որը ողջ ընթացքում խախտում չի արձանագրել։ Այստեղ այլ անձի օգնությամբ քվեարկել է 12 հոգի:
Գրանցամատյանում խախտումներ չեն արձանագրվել։ Հանձնաժողովի նախագահի խոսքով` դժգոհությունները միայն բանավոր են։
Թեկնածու Դավիթ Մինասյանի վստահված անձը նշեց, որ ընտրատեղամաս ընտրողներ բերելու դեպքեր են գրանցվել։ 14/2 տեղամասը դպրոցում է տեղակայված, տեղամասի հարակից տարածքում երբեմն նկատվում են տղամարդկանց 4-5 հոգանոց խմբեր:
Վստահված անձի և հանձնաժողովի նախագահի միջև վիճաբանություն սկսվեց. վստահված անձը պնդում էր, թե տեղամաս նույն մարդը մի քանի անգամ է մտել, հանձնաժողովի նախագահն ասում էր՝ նման բան չի եղել, նկատելու դեպքում էլ անհրաժեշտ է այդ պահին իրեն զգուշացնել։
Քվեարկության եկած ընտրողները ընտրությունների ընթացքը նորմալ գնահատեցին, իսկ նախընտրական շրջանի մասին դժվարացան կարծիք հայտնել։
Անահիտ Հակոբյան
Մեկնաբանել