HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ, իսկ Սարգիս Օհանջանյանի գործով դատավորը խորհրդակցական սենյակում է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը`դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու վերաբերյալ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Մութաֆյանի փաստաբան Վահե Եփրիկյանը` նշելով, որ կալանքի որոշումը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Վերջինս աշխատում է Երևանի դատարանի Շենգավիթի նստավայրում, այսինքն` նույն դատարանում, որտեղ Աննա Դանիբեկյանն է աշխատում:

Նույն դատարանի մեկ այլ դատավոր` Նելլի Բաղդասարյանն, այսօր քննել է գործով ձերբակալված մյուս անձին` Սարգիս Օհանջանյանին, կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ու հեռացել խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որն այս պահին դեռևս չի հրապարակվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել և հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Վերջիններս մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ: Նարեկ Մութաֆյանը ցուցմունք է տվել և հայտնել, որ դատավորին վիրավորելու, ճնշելու կամ որևէ կերպ նրա գործունեությանը միջամտելու նպատակ չի ունեցել, իսկ Սարգիս Օհանջանյանն, օգտվելով մեղադրյալի դատավարական կարգավիճակից, ցուցմունք չի տվել:

 

Լուսանկարում`դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter