
Բաց նամակ Սերժ Սարգսյանին
Դատավոր Արման Թովմասյանը «տղայական ռազբոռկայի» է կանչել տղայիս և իր ենթակա դատական կարգադրիչների հետ միասին հաշվեհարդար տեսել նրա նկատմամբ, իսկ հետագայում սուտ մատնություն կազմակերպելով կալանավորել նրան:
Հարգելի նախագահ,
ցանկանում եմ Ձեզ հայտնել պետական բաձրաստիճան պաշտոնյաներից մեկի` դատավոր Արման Թովմասյանի վարքագծի մասին, թե ինչպես է նա օգտագործում պաշտոնական դիրքը և թույլ է տալիս ոչ միայն դատավորին անվայել վարքագիծ, այլ, ըստ էության, ազատորեն առանց վարանելու այնպիսի գործողություններ է կատարում, որոնք համարվում են հանցագործություն:
Հարգելի նախագահ, դատավոր Ա. Թովմասյանը իր գործողություններով հեղինակազրկում է դատավորի բարի համբավը, խայտառակում է դատական իշխանության ներկայացուցչի կոչումը: Նրա վարքագծից որևէ ձևով չի երևում, որ նա հարգանք ունի օրենքի նկատմամբ: Դատավոր Ա. Թովմասյանը իրեն համարում է անձեռնմխելի և այնքան համոզված է իր անպատժելիության մեջ, որ շարունակում է իրականացնել իր անպատժելի գործունեությունը: Այսպես.
Տղաս՝ Աշոտ Հարությունյանը, երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում մտել է Ստեփանավանի մթերային խանութներից մեկը` գնումներ կատարելու: Այդ պահին խանութում է գտնվել նաև այդ ժամանակ Լոռու մարզի դատավոր Արման Թովմասյանը: Տղայիս և դատավորի միջև խոսակցություն է սկսվել, որից հետո դատավորը վրդովվել է և տղայիս կանչել դուրս «տղայական» խոսակցության: Խոսակցության բուն իմաստը եղել է այն, որ դատավորը շատ ավելի «լավ տղա է», քան տղաս:
Փողոցում արդեն տղաս ճանաչել է, որ իր հետ խոսողը շրջանի դատավորն է և փորձել է մեղմել դատավորի զայրույթը, սակայն վերջինս նստելով իր մեքենան՝ կոպիտ տոնով տղայիս կարգադրել է «քշել իր հետևից և գնալ տղայական ձևով պարզել, թե ով ով է»: Տղայիս մեքենայում գտնվել է նաև իրենց աշխատակցուհի Նունե Պառավյանը, ով աշխատում էր նույն հիվանդանոցում և ում տղաս ուղեկցում էր տուն:
Հետևելով դատավորի մեքենային՝ տղաս մտել է դատարանի պահպանվող տարածք, որտեղ արդեն նրանց սպասել են հերթապահություն կատարող երկու կարգադրիչներ և այդ օրը հերթապահություն չկատարող ևս երկու կարգադրիչներ, որոնք կանչվել էին դատարան տղայիս հետ հարցերը պարզելու համար: Այստեղ սկսվել է իսկական «տղայական ռազբոռկան», սակայն այդ ժամանակ հանկարծակի մեքենայից իջել է աղջիկը, որից հետո միայն բացել են դարպասները և տղաս իրենց աշխատակցուհու հետ կարողացել են դուրս գալ դարպասներից: Դատավորը պահանջել է երեք րոպեից հետ վերադառնալ:
Տղաս մեքենայով տարել է աղջան տուն, սակայն վերջինս վտանգը զգալով չի ցանկացել մեքենայից իջնել և մեքենայով միակ ճանապարհով, որն անցնում էր դատարանի կողքով, ուղևորվել են դեպի քաղաքի կենտրոն: Այդ պահին դատարանի տարածքից դուրս՝ փողոցում, նրանց դիմավորել են կարգադրիչները, որոնք նախապես սպասում էին տղայիս և կարգադրիչների ճնշման տակ տղաս իջեցվել է մեքենայից:
Հենց այդ պահին էլ սկսվել է իսկական խմբակային ծեծը. հինգ հոգով հարձակվել են տղայիս վրա և սկսել անխնա ծեծել նրան: Տղայիս խփել են, գցել գետնին և սկսել բռունցքներով և քացիներով հարվածել: Տղաս ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Աղջիկը վախեցած դուրս է եկել մեքենայից և սկսել է գորգոռալ և սպառնացել, ոստիկան կանչել: Սկզբում սպառնացել են ծեծել նաև աղջկան, բայց նրա համառության շնորհիվ կարգադրիչները և դատավորը դադարեցրել են ծեծը և միայն դրանից հետո նրանք կարողացել են հեռանալ:
Բայց այս ամենը դեռ վերջը չէ, դատավորը և կարգադրիչները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, որ իբրև տղաս նախկինում իմ դեմ կայացրած վճռից դժգոհ լինելով դիմադրել է դատավորին և կարգադրիչներին և հայհոյել է նրանց ու ձեռքով ճանկռել է կարգադրչներից մեկի ճակատը: Հարուցվել է քրեական գործ և տղայիս հաջորդ առավոտյան՝ ժամը 8:00-ին, ձերբակալել, իսկ երեք օր հետո կալանավորել են:
Այս ամենը բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Դատաքննության ընթացքում բացահայտվեց կարգադրիչների և դատավորի բացահայտ սուտ ցուցմունքները: Դատաքննության ժամանակ բացահայտվեց, որ կարգադրիչները նախապես զանգել են և կանչել իրենց ընկերներին, հաշիվներ պարզելու համար, սակայն Լոռու մարզի դատավորը ակնհայտ աչք է փակում այդ փաստի վրա, այս հանգամանքը անտեսում է նաև վերաքննիչ դատարանում իմ բողոքը քննող դատավորը:
Ստացվում է մի իրավիճակ, որ դատավորները ակնհայտօրեն հովանավորում և պարտակում են հանցագործությունը, իսկ իմ բոլոր բողոքները մնում են անպատասխան:
Մյուս կողմից դատարանի տարածքը տեսանկարահանող տեսաերիզները կասկածելի հանգամանքներում անհետացել են, իսկ գործով միակ վկայի ցուցմունքները բանի տեղ չի դրվում:
Բացի այդ՝ դատաքննության ժամանակ հաստատվեց, որ տղաս ոչ ոքի չի հարվածել, իսկ տայիս վրա կան բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որի վերաբերյալ կա նաև դատաբժշկական փորձագետի եզրակացություն: Սա նույնպես հաստատում է, որ տղաս որևէ հակաիրավական արարք թույլ չի տվել: Ավելին՝ տղայիս ծեծած դատավորի պաշտոնը բարձրացրել են, ինչի համար նա ավելի անձեռնմխելի է դարձել:
Տղայիս դաժան ծեծի ենթարկելու փաստն են վկայում նաև պատառոտված և հողոտված նրա շորերը, ինչպես նաև հողի մեջ շաղախված ներքնազգեստը՝ «մայկան»:
Տղայիս անմեղության և կարգադրիչների և դատավորի մեղավորության մասին է վկայում նաև այն, որ եթե տղաս հայհոյել և սպառնացել է դատավորին և կարգադրիչներին, ապա ինչու նրան անմիջապես չեն ձերբակալել և հանձնել ոստիկանությանը, այլ թույլ են տվել, որ նա հեռանա, իսկ իրենք դուրս են եկել դատարանի տարածքից փողոցի բանուկ մաս, որպեսզի բռնացնեն տղայիս:
Տղայիս չեն ձերբակալել նաև երկրորդ անգամ, երբ նրան անխնա ծեծել են և թողել, որ նա աղջկա հետ հեռանալ:
Այսպիսով, վերը նշված հանգամանքները ավելի քան հաստատում են դատավոր Ա. Թովմասյանի կողմից հրահրված և կազմակերպված տղայիս նկատմամբ խմբակային՝ հինգ հոգով ծեծը, ինչպես նաև այն թաքցնելու նպատակով տղայիս նկատմամբ արհեստական ապացույցներ ստեղծելով՝ կատարված սուտ մատնությունը:
Հարգելի նախագահ, հայտնվել եմ մի այնպիսի վիճակում, որ սուտը և անարդարությունը իմ նկատմամբ այն աստիճան է հասել, որ թվում է, թե որևէ բան արդեն հնարավոր չէ փոխել, սակայն արդարությունը վերականգնելու նպատակով իմ պարտքն եմ համարում հայտնել Ձեզ այս մասին:
Հարգելի նախագահ, խնդրում եմ Ձեր միջամտությունը, որպեսզի այս միջադեպի հետ կապված բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն և ստանան արդարացի պատիժ:
Դիմող՝ Սամվել Հարությունյան
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել