
Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի ղեկավարը վերընտրվեց
Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում ավարտվեցին համայնքապետի հերթական ընտրությունները: Առաջադրվել էր երկու թեկնածու` գործող համայնքապետ, անկուսակցական Հայկ Ասատրյանը, որ գյուղը ղեկավարում էր 2011 թվականից, և անկուսակցական Արմեն Հովսեփյանը:
Համայնքի` ընտրելու իրավունք ունեցող 410 քաղաքացիներից քվեարկության մասնակցել էր 300-ը կամ 73%-ը:
Հաշվարկի արդյունքում պարզ դարձավ, որ Արմեն Հովսեփյանի օգտին է քվեարկել 86 քաղաքացի, իսկ Հայկ Ասատրյանի օգտին` 196 ընտրող: Այսպիսով, վերջինս վերընտրվեց Ղազարավանի համայնքապետի պաշտոնում: Անվավեր է ճանաչվել 18 քվեաթերթիկ:
Անվավեր քվեաթերթիկները որոշելիս վիճաբանություն ծագեց հանձնաժողովի անդամների և նախագահի միջև: Անդամներից Կարինե Սարգսյանը համաձայն չէր, որ բոլոր անվավեր ճանաչվածներն են իսկապես անվավեր: Նա նշեց, որ մարդիկ եկել են, ընտրությունն արել են, այդ քվեաթերթիկներից մի քանիսը մոտավորապես վավեր են:
Հանձնաժողովի նախագահ Նոնա Մաթևոսյանն էլ պատասխանեց, որ այդ քվեաթերթիկներում արված նշումները չեն համապատասխանում սահմանված նմուշին:
Նկարում ձախից Արմեն Հովսեփյանն է, աջից՝ Հայկ Ասատրյանը
Աննա Սահակյան
Մեկնաբանել