HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փարաքարի 14/2 ընտրատեղամասում հաղթել է Սարդուր Թևոսյանը, 14/1-ում՝ Դավիթ Մինասյանը

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում սեպտեմբերի 29-ին համայնքապետի ընտրություններ էին: 14/2 ընտրատեղամասում գործող համայնքապետի տեղակալ, նախկին ՀՀԿ-ական Սարդուր Թևոսյանը հավաքել է 339 ձայն, ավագանու անդամ Դավիթ Միանսյանը՝ 281, գործող համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Սամվել Վարդանյանը՝ 75, իսկ ավագանու մյուս անդամը՝ Սամվել Ավետիսյանը՝ 139 ձայն, 24 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր: Այս ընտրատեղամասում գրանցված 1747 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 858-ը:

14/1 ընտրատեղամասում առաջատարը Դավիթ Մինասյանն է՝ 303 ձայնով, նրան հաջորդում է Սարդուր Թևոսյանը՝ 280 ձայն, Սամվել Վարդանայնը հավաքել է 191 ձայն, իսկ Սամվել Ավետիսյանը՝ 140, 16 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: 1878 ընտրողներից այստեղ քվեարկությանը մասնակցել է 930 քաղաքացի:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ ամբողջ Փարաքար համայնքում, որն ընդգրկում է Փարաքար և Թաիրով գյուղերը, ընտրելու իրավունք ուներ 6852 քաղաքացի, որոնցից 2906-ը կամ 42,41%-ը մասնակցել են սեպտեմբերի 29-ի ընտրություններին: Նշենք, որ համայնքն ուներ 4 ընտրատեղամաս, մյուս երկու ընտրատեղամասերի արդյունքները «Հետք»-ին հայտնի չեն:

Չնայած նախընտրական թեժ պայքարին և մրցակցությանը՝ դիտարկված երկու ընտրական տեղամասերում մեր գտնվելու պահին էական խախտումներ չեն արձանագրվել, եղած վրիպակները կարգավորվել են հանձնաժողովների նախագահների, դիտորդների, որոշ դեպքերում նաև վստահված անձանց բարձրաձայնելուց հետո: Տեղամասերից դուրս՝ հարակից տարածքներում, սակայն, նկատվում էին մի քանի հոգանոց խմբեր, որոնք պարզապես հետևում էին տեղամասի շրջակայքում տեղի ունեցող իրադարձություններին: 

Հիշեցնենք, որ գլխավոր մրցակիցների՝ Սարդուր Թևոսյանի և Դավիթ Մինասյանի մասին ընտրապայքարի ընթացքում շատ է խոսվել: Թևոսյանի անունը նախընտրական շրջանում մամուլում կապվել էր ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանի հետ, նշվում էր, որ թեկնածուն վայելում է Միքայելյանի աջակցությունը: Մինասյանի մասին հիշատակումները կապված էին նախկինում ազատազրկված լինելու հետ:

Անահիտ Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter