
Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կշարունակի գտնվել կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում` անփոփոխ թողնելով Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դատական ակտը: Այս մասին դատարանի դիմաց գտնվող լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը Խաչատրյանին կալանավորելու դատական ակտի դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ էր հեռացել սեպտեմբերի 27-ին: Խաչատրյանի պաշտպանները դատարանին նաև գրավի միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվել է:
Պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեջ մեղադրվող նախկին նախարարը կալանքի տակ է արդեն մեկ ամիս:
Օգոստոսի 27-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը խուզարկություններ է իրականացրել նրա և նրա հետ կապված անձանց, այդ թվում՝ եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանին պատկանող տարածքներում, նույն օրը Խաչատրյանները ձերբակալվել են, որից օրեր անց՝ կալանավորվել:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործն, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ վերաբերում է Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակ այդ կառույցում տեղի ունեցած ենթադրյալ չարաշահումներին: Խաչատրյանին վերագրվում է 200 մլն դրամից ավելի գումարի յուրացում: Թեև նա մեղադրանքը չի ընդունում՝ ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը փոխանցվել է ԱԱԾ դեպոզիտ հաշվին: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասում է, որ փոխանցումն ընդամենը հավաստումն է այն բանի, որ Խաչատրյանը պատշաճ վարքագիծ է դրսևորում, ու եթե անգամ քննությամբ հաստատվի նրան վերագրվող արարքն, արդեն իսկ առկա է երաշխիք այն մասին, որ հանցագործությամբ պատճառված վնասը կարող է փոխհատուցվել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել