Դատախազություն. «Վերականգնվել է պետությանը և համայնքներին հասցված 346.5 մլն դրամի վնասի ավելի քան 70 տոկոսը»
Դատախազությունը միջոցներ է ձեռնարկում կոռուպցիոն դեպքերով ոչ արդարացնող հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու, վարույթները կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ կայացվելու պայմաններում պետության գույքային շահերի պաշտպանության, վնասների վերականգնման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:
2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության և դատախազության տարածքային ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո գտնվող վարույթներով նշված հիմքով քրեական գործ հարուցելը մերժվել է կոռուպցիոն բնույթի դեպքերի առթիվ նախապատրատված 17 նյութով, կարճվել կամ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է կոռուպցիոն բնույթի 86 քրեական գործով (ընդհանուր՝ 103): Դրանցից 27-ը կարճվել կամ քրեական գործի հարուցումը մերժվել է վաղեմության ժամկետն անցած լինելու, 34-ը՝ համաներման կիրառման, 3-ը՝ քեական հետապնդման ենթակա անձի մահվան, իսկ 39-ը՝ գործուն զղջալու հիմքերով: 122 անձի նկատմամբ որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու, կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժվել, քրեական գործի վարույթը կարճվել և քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է կոռուպցիոն 38 բնույթի դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթներով, այսինքն՝ մոտ 3.5 անգամ պակաս: Դրանցով որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքերով 63 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Նշված ցուցանիշները փաստում են Գլխավոր դատախազության և քրեական հետապնդման մյուս մարմինների կողմից վարվող և հատկապես 2018թ-ից առավել հետևողականորեն իրականացվող՝ կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու դեպքում, բավարար հիմքերի առկայությամբ, խրախուսական գործիքակազմ կիրառելու, ընդհուպ քրեական պատասխանատվությունից օրենքով սահմանված կերպով ազատելու քրեական քաղաքականության և դրա արդյունավետության մասին:
Վերջինիս մասին է վկայում այն հանգամանքը, որ 2019թ. առաջին կիսամյակում վերոնշյալ քրեական գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասը կազմել է 346.5 մլն ՀՀ դրամ, որից, նաև դատախազների նախազգուշացումների արդյունքում, կամովին վերականգնվել է ընդհանուր 248.4 մլն դրամ, կամ` 71.6 տոկոսը: Հայեցողական լիզորությունների կիրառմամբ քրեական հետապնդումը չշարունակելու բոլոր դեպքերում վնասները վերականգնվել են լիովին:
Մնացած մասով վնասի վերականգնման ուղղությամբ քաղաքացիական դատավարության կարգով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Մասնավորապես, 4 գործով դատախազների կողմից ներկայացվել են մոտ 18 մլն դրամի հայցապահանջով հայցեր, որոնց քննությունն ընթացքի մեջ է: Իսկ 2018թ. նույն ժամանակահատվածում ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժված, քրեական գործի վարույթը կարճված և քրեական հետապնդում չիրականացված կամ քրեական հետապնդումը դադարեցված նշված 38 գործերով հայտնաբերվել է պետությանը կամ համայնքներին պատճառված ընդհանուր 14.8 մլն ՀՀ դրամի չափով վնաս, որն ամբողջությամբ կամովին վերականգնվել է: Դրանով պայմանավորված՝ այդ գործերով դատարաններ հայցեր չեն ներկայացվել:
Դատախազները նաև համապատասխան պետական կամ համայնքային մարմիններին ներկայացրել են առաջարկներ՝ ոչ արդարցնող հիմքերով ավարտված գործերով վնասի վերականգնման ուղղությամբ հայց ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես գալու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել