
Անձնական անվտանգության մի քանի խորհուրդ՝ հետաքննող լրագրողների կողմից
Զոհված լրագրողների 70 տոկոսին սպանում են իրենց մասնագիտական գործունեության պատճառով: Ընդ որում՝ նրանց 2/3-ը չի պատկերացնում, որ վտանգի մեջ է: Այս մասին Համբուրգում կայացած Հետաքննական լրագրության գլոբալ կոնֆերանսի (GIJC) ժամանակ հայտնել է Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) խմբագիր Դրյու Սալիվանը (Drew Sullivan):
Այս նախագիծը, որի անդամ-մասնակից են մի շարք երկրների հետաքննական լրատվամիջոցներ, անդրադառնում է հանցավոր շրջանակների, կոռուպցիայի մեջ ներգրավված տարբեր օղակների, այդ թվում՝ իշխանությունների, մաֆիոզ խմբավորումների գործունեությանը: Նախագծի հիմնադիր անդամ է նաեւ «Հետքը»:
OCCRP-ի լրագրող Միրանդա Պատրուչիչն (Miranda Patrucic) իր հերթին նշում է, որ շատ լրագրողներ հարձակման ենթարկվելուց մի քանի օր առաջ նկատել են, որ իրենց հետապնդում են: Նրանցից մի քանիսը սպանվել են տան կամ աշխատասենյակի մուտքի մոտ: Այս լրագրողներից շատերն անվտանգության միջոցներ չեն ձեռնարկել: Այս առումով OCCRP-ի անդամներն առանձնացնում են մի քանի կետ, որոնք, ըստ նրանց, կօգնեն լրագրողներին դիմագրավել սպասվող ռիսկերը:
- Լրագրողական հետաքննություն պատրաստելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել հնարավոր ռիսկերն ու դրանց ցուցակ կազմել: Ռիսկերը կախված են նրանից, թե ում հետ գործ ունի լրագրողը՝ կազմակերպված հանցավոր շրջանակների, կոռումպացված իշխանությունների, ծայրահեղականների, հանցագործների, թե այլոց:
- Պետք է նկատի ունենալ, թե որքան վտանգավոր է նյութի հերոսն, ու ինչ չափի վտանգ նա կարող է ներկայացնել ձեզ համար: Աշխատեք շփվել նույն ոլորտի այլ մարդկանց հետ, որպեսզի մոտավոր պատկերացում կազմեք այդ անձի հետագա հնարավոր գործողությունների մասին: Սալիվանն ասում է, որ մի անգամ OCCRP-ի լրագրողները նյութը հրապարակելուց առաջ տեքստը կարդալու համար տվել էին հանցավոր խմբի մի անդամի՝ հասկանալու համար, թե ինչ արձագանք կգտնի նյութը նման խմբավորման կամ նրա որեւէ ներկայացուցչի կողմից:
- Տեղեկատվության հարցում ուղարկելիս (սա հիմնականում իշխանության ներկայացուցիչներին է վերաբերում, որոնք պարտավոր են պատասխանել լրագրողների հարցերին) անհրաժեշտ է այնպես անել, որ տվյալ անձը չկարողանա կռահել, թե ինչ նյութի վրա եք աշխատում: Դրա համար կարելի է հարցման մեջ ավելացնել թեմային չառնչվող հարցեր:
- Անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը՝ նույնիսկ ամենատհաճ հերոսներին հնարավորություն տալով իրենց դիրքորոշումը կամ մեկնաբանությունը ներկայացնել թեմայի շուրջ: Նրանց կարծիքը լսելի դարձնելը, ինչը նաեւ լրագրողական սկզբունք պետք է լինի, նվազեցնում է ռիսկը: Հերոսների անձնական կյանքը՝ կանանց, ամուսիններին, ծնողներին ու երեխաներին, որոնք չեն առնչվում հետաքննությանը, մի կողմ թողեք:
- Ուշադիր եղեք, հետեւեք, թե ովքեր են գտնվում հարեւանությամբ: Մեքենայի մեջ երկար մենակ մի մնացեք: Եթե լուսաֆորի լույսը կարմիր է, խաչմերուկին ավելի լավ է դանդաղ մոտենալ, որպեսզի քիչ մնաք կանգնած. այդպես ավելի ապահով է:
- Նախապատրաստեք ընտանիքին, քանի որ ոչ միայն դուք, այլեւ ձեր ընտանիքը կարող է թիրախավորվել: Հարազատները պետք է իմանան, որ ձեր եւ իրենց դեմ հնարավոր է միջոցներ ձեռնարկվեն ինչ-որ անձանց կողմից՝ կոմպրոմատների կամ այլ տեսքով: Աշխատեք սոցցանցերում եւ լրատվամիջոցներում ձեր ընտանիքի մասին տվյալներ չհաղորդել:
Մեկնաբանել