HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանրապետության 8-րդ խոշոր հարկատու «Ակվիլոն թրեյդ»-ի և «Տաշիրի» կապը

Հայաստանի խոշորագույն 10 հարկատուների ցանկում այս տարվա առաջին կիսամյակում հայտնվել է «Ակվիլոն թրեյդ» ընկերությունն ու զբաղեցրել 8-րդ տեղը։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկերի (ՀՀ ՊԵԿ)՝ նշված ընկերությունը խոշոր հարկատուների շարքում է դեռևս 2015 թվականից, սակայն մեծ ծավալի հարկեր սկսել է վճարել 2018 թվականի երկրորդ կիսամյակից։

Այս տարվա առաջին կիսամյակում «Ակվիլոն թրեյդ»-ի հարկերը կտրուկ աճել են. ընկերությունը պետական բյուջե է վճարել 6.5  մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի մոտ 732 մլն դրամի դիմաց։

«Ակվիլոն թրեյդ» ընկերության մասին համացանցում ու բիզնես շրջանակներում քիչ բան է հայտնի։ Հիմնականում հայտնի է այն, որ ընկերությունը զբաղվում է հագուստի ներմուծմամբ ու մեծածախ վաճառքով։ Ուսումնասիրելով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալները՝ պարզեցինք, որ ընկերությունը փոխկապակցված է ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբին։ Ժամանակին «Ակվիլոն թրեյդ»-ը նաև հարկային արտոնություն է ստացել կառավարության կողմից։

«Ակվիլոն թրեյդ»-ի կապը «Տաշիրի» հետ

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Ակվիլոն թրեյդ» ընկերությունը գրանցվել է 2015 թվականի հունիսին։ Այն գրանցված է որպես փակ բաժնետիրական ընկերություն, հետևաբար բաժնետերերի մասին ինֆորմացիան ռեգիստրում անհասանելի է։   Ընկերության տնօրենն է Ռուսաստանի քաղաքացի Իլյա Չերենտաևը։

Ըստ նույն փաստաթղթի՝ «Ակվիլոն Թրեյդ»-ը գտնվում է Երևանում՝ Տերյան  69 հասցեում։ Նույն հասցեում է նաև ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբի (Tashir Group of Companies) երևանյան գրասենյակը։ Այս հասցեում են գրանցված նաև «Տաշիր»-ին փոխկապացված այլ ընկերություններ։ Դրանցից մեկը «Արմհոլդինգ» ՓԲԸ-ն է, որին «Տաշիրի» հետ փոխկապակցված մի քանի այլ ընկերությունների հետ Կառավարությունը  2015 թվականի հուլիսին շահութահարկի արտոնություն է տվել արտահանման ծրագրի շրջանակներում։  Այդ ծրագրում նշված է այն ընկերությունների ցանկը, որոնք օգտվելու են արտոնությունից։ Այդ ցանկում է նաև «Ակվիլոն թրեյդ»-ը։ Բոլոր ընկերությունների հասցե է նշված Տերյան 69-ը։ Եվ որպես տնօրեն ինչպես «Արմհոլդինգ»-ի, այնպես էլ «Ակվիլոն թրեյդ»-ի դեպքում, նշված է նույն անձը՝ Գոռ Բարոյանը։ Հետագայում, ինչպես վկայում են ռեսգիտրի տվյալները, «Ակվիլոն թրեյդ»-ի ղեկավարը փոխվել է։

«Ակվիլոն Թրեյդ»-ը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վերջին տարիներին վճարել է ամսական 6-8 հազար դրամ, այսիքն՝ ընկերությունը միայն 6-8 գրանցված աշխատակից ունի։ Հիշեցնենք, որ հիմնադրամի մեկ աշխատակցի հաշվով ամսական փոխանցում է 1000 դրամ։ 

Հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված «Ակվիլոն թրեյդ»-ի հարկերի էական աճն այս տարի և առհասարակ՝ ինչով է զբաղվում ընկերությունը (բացի այն, որ զբաղվում է հագուստի ներմուծմամբ), մոտ երկու շաբաթ առաջ այցելեցինք Տերյան 69՝ ընկերության գրասենյակ։ Այստեղ հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին, ինչպես նաև ՝ որևէ կերպ չարձագանքեցին մեր թողած կոնտակտներին։

Միայն դատելով  հարկերի վերաբերյալ ՊԵԿ-ի տրամադրած ցանկից՝ կարելի է հասկանալ,  որ ընկերության հարկերի ծավալի գերակշիռ մասը պայմանավորված չէ ներմուծման գործունեությամբ, քանի որ այդ դեպքում  հարկերի մեծ մասը պետք է հավաքագրված լիներ մաքսային մարմինների կողմից։ Մինչդեռ 2019 թվականի առաջին կիսամյակում «Ակվիլոն թրեյդ»-ի հարկերի մեծ մասը՝ 5.9 մլրդ դրամը,  հավաքագրվել է հարկային մարմինների կողմից և միայն 636 մլն դրամը՝ մաքսային մարմինների կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter