HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզի Հայկավան, Ոսկեհասկ, Առափի և Ախուրիկ համայնքների խոշորացումը հետաձգվել է

Համայնքների խոշորացման ծրագիրը Շիրակի մարզում, ըստ նախնական պլանավորման, պետք է ավարտվեր սեպտեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններով: Այս ընթացքում խոշորացվող գյուղական բնակավայրերի ղեկավարների հետ` մարզպետարաններում և բնակիչների հետ` համայնքներում եղել են հանդիպումներ, քննարկումներ տարածքային նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Սակայն արդեն ամռանը պարզ էր, որ գործընթացը հետաձգվում է անորոշ ժամանակով,-ասում է Հայկավան գյուղի համայնքապետ Սամվել Մխոյանը, ու, որքան հասկանում եմ, հիմնական պատճառը տեղերում եղած դժգոհությունն է խոշորացումից՝ մարդիկ չեն ուզում, որ իրենց համայնքը միավորվի այլ համայնքի հետ»:

Շիրակի մարզում համայնքների խոշորացման գործընթացը սկսվել է 2016թ-ին: Այդ տարի ձեւավորվեցին չորս՝ Ամասիա, Արփի, Աշոցք եւ Սարապատ համայնքները: 2017թ.-ին խոշորացավ Անիի նախկին տարածաշրջանն ամբողջությամբ, Ախուրյանի տարածաշրջանից 23 համայնք միավորվեցին` Ախուրյան եւ Մայիսյան կենտրոններով: Հաջորդ տարի սպասվում էր, որ պետք է խոշորանան Արթիկի նախկին տարածաշրջանն ամբողջությամբ (24 համայնք) և Ախուրյանի վարչատարածքից ևս 10 գյուղ: Խոշորացման ծրագիրն անխուսափելի համարող որոշ գյուղական համայնքների ղեկավարներ դեռեւս երկու տարի առաջ խոշորացման իրենց նախընտրելի տարբերակն առաջարկեցին կառավարությանը:

«Մենք 4 գյուղապետով 2017թ. դիմեցինք նախարարությանը, թե եթե պիտի խոշորացնեք, լավ կլինի մեր գյուղերը միացնել ոչ թե Ազատանին, ինչպես որ նախնական տարբերակով էր որոշվել, այլ ստեղծել առանձին միավոր՝ բաղկացած 4 գյուղից, անունն էլ դնել Աջափնյակ, քանի որ նշված գյուղերը գտնվում են Ախուրյան գետի աջ ափին,-բացատրում է Սամվել Մխոյանը,-պատկերացրեք, որ առաջարկը հավանության արժանացավ եւ սպասվում էր, որ 2018թ. աշնանն արդեն պիտի միավորեին, բայց իշխանափոխություն եղավ եւ խոշորացումը հետաձգվեց: Դե էս տարվա համար էլ սեպտեմբերն էին պլանավորել, բայց քանի որ մեր վարչապետը հայտարարել էր, թե զոռով չեն միացնելու, անպայման հաշվի են առնելու բնակչության կարծիքը, բնակիչներն էլ միասնաբար դեմ են, մտածում եմ, որ հենց էդ պատճառով է ձգձգվում»:

Առափի, Հայկավան, Ոսկեհասկ եւ Ախուրիկ գյուղերի միավորմամբ ստեղծվելու է մեկ նոր խոշորացված համայնք` Աջափնյակ անունով: Համայնքի կենտրոնին հավակնում են երկու համայնք՝ Առափին եւ Ոսկեհասկը: Չորս համայնքներից թե տարածքով, թե բնակչության թվով ամենափոքրը Ախուրիկն է, ամենամեծը՝ Ոսկեհասկը: Առափին նշված ցուցանիշներով երկրորդն է, սակայն ունի մեկ այլ առավելություն՝ ճանապարհը:

«Մենք էս 4 գյուղով իրար մեջ ոչ մի տարաձայնություն չունենք,-ասում է Առափի համայնքի երկարամյա ղեկավար Ալբերտ Այվազյանը,-առաջարկը, որ արել ենք՝ չորսիս խորհրդակցության արդյունքում է եղել: Անունը որոշեցինք Աջափնյակ, որ հանկարծ գյուղացիները չնեղվեն, եթե գյուղերից մեկն ու մեկի անունն առանձնացվի: Կենտրոնի պահով էլ կարող է Ոսկեհասկը լինել, որ ամենամեծն է, բայց կարող է եւ Առափին լինել, որ ավելի հարմար է իր դիրքով, որովհետեւ ախուրիկցին էլ, հայկավանցին էլ, ոսկեհասկցին էլ Գյումրի գնալիս մեր գյուղի մոտով են անցնում»:

Խոշորացվող գյուղերից Հայկավանն ու Ոսկեհասկն ունեն միմյանց կապող մոտ 4 կմ ճանապարհ, որ բավական ինտենսիվ օգտագործվել է խորհրդային տարիներին ու ներկայում անմխիթար վիճակում է: Հայկավանի ղեկավար Սամվել Մխոյանի կարծիքով, ճանապարհի ասֆալտապատումից հետո Ոսկեհասկից Առափի ճանապարհը մի քանի անգամ կկրճատվի, Հայկավան-Ոսկեհասկ տրանսպորտային կապն էլ կդառնա ավելի ինտենսիվ:

«Դե Ախուրիկը փոքր է, կենտրոն դառնալու հարցերին չի խառնվում, ես էն գլխից ասել եմ՝ Հայկավանը հանեք էդ քննարկումներից, մենք հավակնություններ չունենք, դուք երկուսով որոշեք՝ Ոսկեհասկ, թե Առափի,-Սամվել Մխոյանը ծիծաղում է,-երկուսն էլ լավ տարբերակ է, որն էլ ընտրվի, կոնկրետ հայկավանցու համար խնդիր չի լինելու՝ մենք էդ երկու գյուղի մեջտեղում ենք»:

Առափիի համայնքապետ Ալբերտ Այվազյանը խնդրին նայում է հարմարավետության տեսանկյունից՝  իր գյուղը ճանապարհային հանգույց է: «Մարդկանց դժգոհությունները, որ լսում ես, ուրեմն առաջին տեղում տարածություն գնալ-գալն է: Պատճառաբանությունը որ սեփական գյուղերում մի հատ տեղեկանք վերցնելու կամ ինչ որ անձնական խնդրի համար ընդամենը պիտի հասնեն գյուղապետարան, հիմա պիտի հարևան գյուղ գնան: Տեսեք, բոլորն այս կամ այն կերպ կապված են մարզկենտրոնի հետ՝ բերքը վաճառել, ինչ-որ բան գնել և այլն: Երեք գյուղի բնակիչն էլ Գյումրի գնալիս անցնում է մեր գյուղի մոտով, ստացվում է, որ կենտրոնի և քաղաքի գործերը կարելի է հեշտությամբ համատեղել, ոչ թե ասենք առափեցին մի հատ գնա հասնի Ոսկեհասկ, հետո իջնի Գյումրի»:

Չորս գյուղերից որեւէ մեկը մյուսի նկատմամբ մեծ հաշվով խոշոր առավելություն չունի՝ գրեթե հավասար հնարավորություններ ունեցող համայնքներ են: Միավորման դեպքում էլ խնդիրների լուծման հարցում մեծ տարբերություն չի լինելու, ինչպես ասենք Մարմաշեն կամ Անի խոշորացված համայնքներում, որտեղ միավորված են 15-17 բազմաբնույթ խնդիրներ ունեցող բնակավայրեր: Չորս գյուղերում էլ կա միջնակարգ դպրոց, Ոսկեհասկում եւ Հայկավանում մանկապարտեզ, իսկ մյուս երկու գյուղերի դպրոցներում՝ նախակրթարան է բացված:

Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային եւ բանջարանաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Չորս գյուղն էլ ունեն գազիֆիկացման խնդիր: Գյուղերից միայն Առափիի երկրաշարժից հետո կառուցված թաղամասն (70 տուն) է գազիֆիկացված: Բոլոր համայնքներն էլ մշակույթի տան կամ համայնքային կենտրոնի կառուցման, ճանապարհների բարեկարգման պահանջ են դրել: Համայնքները հիմանականում լուծել են գիշերային լուսավորության հարցը: Տրանսպորտն եւս կանոնավոր է աշխատում: 

«Եթե պիտի այս խոշորացումն էլ նույն թերություններով լինի, գումար չավելանա, դոտացիան լինի ավելի պակաս, քան միացյալ գյուղերի դոտացիան է, եթե չպետք է կարողանանք առկա հարցերը լուծել, ապա գուցե արժե, որ մի քիչ էլ սպասենք,-առաջարկում է Ալբերտ Այվազյանը,-չէի ուզենա, որ կրկնվեր 90-ականների մասնավորեցումը, որ շատ տեղերում մի գիշերում արեցին: Հիշում եմ, էդ ժամանակ գնացինք Արշակ Սադոյանի հետ, որ խնդրենք մեզ 15 օր ժամանակ տան, քանի որ գյուղացիները պատրաստ չէին, որ անասունը տանեին: Ասեց, թե չեք ուզում, կարող եմ Երեւանից մարդիկ ուղարկեմ՝ տանեն, լիքը ուզող կա: Ստիպված մի օրում բրուցելոզով հիվանդ անասունն առանձնացրեցինք, մնացածը սեփականաշնորհեցինք պրծանք, որ չտանեին: Հիմա ասելիքս ինչ է, եկեք նախ հասկանանք, թե էն խոշորացման դրականը որն էր, հետո անցնեք մյուսներին»:

Համայնքներում սպասում են, որ խոշորացման հետ կապված հանրաքվե են անցկացնելու եւ հաշվի են առնելու բնակչության կարծիքը: «Ինչքան էլ դժգոհ, բայց մերոնք մեկ էլ տեսար որոշեցին խոշորանալ, ոչինչ չի բացառվում, ամեն դեպքում զուտ մարդկային առումով մենք շատ համերաշխ ապրող հարեւաններ ենք,-ծիծաղում է Առափիի համայնքապետը,-մեր գյուղ, որ 20 աղջիկ հարս բերելու լինենք, հաստատ իմացեք, որ 10-ը հարեւան 3 գյուղից են, նույնն էլ իրենց մոտ է՝ խնդիր չունենք: Հետո մեր հողերն էլ են սահմանակից, վար ու ցանք, բերքահավաք, ամբողջը կողք-կողքի է»:

Մեկնաբանություններ (2)

Քնարիկ
Երևի ուզում են գյուղերը իրար միացնեն, որպեսզի կարողանան ավելի շատ թալանեն խեղճ գյուղացիներին։
Աշոտ
Բա ինչ պիտի արվեր։ Որ խելքը գլխին մարդը Առափիի սողանքների խնդիրը իր վրա կվերցներ։ ;)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter