HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այսօր քննել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Նորայր Փանոսյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունն ու հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանոսյանը:

Վերջինս նշեց, որ դատարանին միջնորդություն են ներկայացրել Փանոսյանին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Փանոսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 28-ին: Քննչական կոմիտեում գտնվելու ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է:

Մամուլում տեղեկություն էր հրապարկվել այն մասին, որ Փանոսյանի սիրտը վիրահատել են, սակայն Քննչական կոմիտեն այս տեղեկությունը հերքել է, հայտնել, որ Փանոսյանը տեղափոխվել է հիվանդանոց, ապա նորից տարվել ձերբակալված անձանց պահման վայր:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի, Արդարադատության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորայր Փանոսյանը, 2011-2014թթ. զբաղեցնելով արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական, տնօրինչական, կարգադրիչ ու վերահսկողական լիազորություններով, դեռևս չպարզված, նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ միասին, շահադիտական նպատակներով, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգրվածությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին՝ տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել են վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցել իրենց միջոցներով վերանորոգված եւ իրենց կողմից զբաղեցված՝  կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 604-Ն որոշմամբ Երեւան քաղաքի սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքների նկատմամբ՝ նպատակ ունենալով ինքնուրույն ձեռք բերել այդ անշարժ գույքերը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության, Երևան համայնքի, ինչպես նաեւ նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Տիգրան Աթանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Փանոսյանը մեղադրանքը չի ընդունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter