HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Լևոն Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքի դռնբաց քննությունը Վերաքննիչ դատարանում դարձավ դռնփակ

Ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելու առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննող քրեական գործի շրջանակներում կալանքի տակ է ոչ միայն Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի, այլև նրա դստեր և որդու՝ Անի և Նարեկ Սարգսյանների գույքը:

Նարեկ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը վիճարկվում է Վերաքննիչ դատարանում: Սարգսյանն առաջին ատյանի դատարանում բողոքարկել է իր գույքի վրա կալանք դնելու ՀՔԾ-ի որոշումը, սակայն առաջին ատյանի դատարանն այն օրինական է համարել, մերժել Սարգսյանի բողոքը: Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ այժմ բողոք է տարվել Վերաքննիչ դատարան:

Սեպտեմբերի 30-ին, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ նշանակված էր բողոքի քննությունը, որին ներկա էր նաև «Հետքի» լրագրողը: Նկատի ունենալով լրագրողի ներկայությունը՝ գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Արա Մնացականյանը միջնորդեց՝ նիստն այցկացնել դռնփակ: Ըստ դատախազի` առկա է նախաքննության ընթացքում գտնվող քրեական գործի տվյալների հրապարակման ռիսկ:

Նշենք, որ այդ ռիսկերի առկայության պայմաններում Նարեկ Սարգսյանի գույքի վրա  կալանք դնելու որոշման դեմ բողոքն առաջին ատյանի դատարանում դռնբաց է քննվել: Երբ դատավոր Մնացական Հարությունյանը բարձրացրեց այդ հարցը, գործով քննիչ Արամայիս Ավետիսյանը նշեց, որ առաջին ատյանում գործի քննության ընթացքում դատավարության մասնակիցներից բացի՝ այլ անձ ներկա չի եղել, այդ իսկ պատճառով գործը դռնփակ քննելու միջնորդություն չի ներկայացվել, մինչդեռ այս պահին դահլիճում առկա է կողմնակի անձ:

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ «գործը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ նիստում քննելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ»։  Այսինքն՝ եթե առաջին ատյանում գործը դռնփակ քննվեր, ապա Վերաքննիչ դատարանում ևս կքննվեր դռնփակ: Տվյալ դեպքում այս նորմը վերաբերելի չէ Նարեկ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ Վերաքննիչ դատարանում բողոքի քննությանն այն պատճառով, որ առաջին ատյանում նիստը դռնբաց է անցկացվել:

Դատավորը հարց ուղղեց, թե նման պայմաններում դատական քննության հրապարակայնության սկզբունքը սահանափակող ո՞ր հիմքն է առկա, արդյոք կա՞ կարգավորում, որ այս նիստը պետք է դռնփակ արվի: Քննիչ Արամայիս Սահակյանը դատարանին խնդրեց նույնիսկ կարգավորման բացակայության պայմաններում հաշվի առնել, որ գործը գտնվում է նախաքննության փուլում, և բողոքաբերի կողմից արծարծվում են մի շարք փաստարկներ, որոնք պարզաբանման անհրաժեշտություն ունեն: Քննիչը ևս կարծիք հայտնեց, որ կարող են նախաքննական գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակվել, ինչը չի բխում նախաքննության շահերից:

Նարեկ Սարգսյանի պաշտպանը նկատեց, որ այս, ինչպես նաև նմանատիպ այլ գործերով կարծես մոռացվում է օրենքի առկայությունը:

«Ասում են` այն ժամանակ նպատակահարմար չենք գտել, հիմա նպատակահարմար ենք գտնում միջնորդություն ներկայացնել: Ու դա ասում է Հատուկ քննչական ծառայության քննիչն, ով նմանատիպ գործողությունների համար այլ անձանց մեղադրանք է առաջադրում, գործ քննում: Ես հուսով եմ, որ դեռևս ՀՀ-ում իրավապահ համակարգի ներկայացուցիչերը չեն մոռացել, որ կարող են իրականացնել այն գործողությունները, որոնց համար լիազորված են օրենքով: Քրեական դատավարության օրենսգիրքը սույն բողոքի դռնփակ քննելու կարգ չի սահմանել: Միջնորդությունն ակնհայտ անհիմն է»,- ասաց պաշտպանը` նշելով, որ եթե առաջին ատյանում բողոքի քննության ժամանակ դատախազն ու քննիչը չեն միջնորդել նիստը դռնփակ անցկացնել, դրա բացասական հետևանքները պիտի իրենք կրեն:

Շուտով դատական նիստն ընդմիջվեց: Վերսկսվելիս նիստը դռնփակ քննելու միջնորդություն ներկայացրած կողմը հիշեց կարևորի մասին. «գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու հարցը լուծվում է դռնփակ»:

Նշենք, որ այս նորմը հստակ ամրագրված է օրենքով, ուստի «Հետքի» լրագրողն այդ պահից սկսած` այլևս հնարավորություն չունեցավ ներկա գտնվելու նիստին: Րոպեներ անց պարզվեց, որ դատարանը որոշել է նիստը դռնփակ քննել, ու դահլիճի դուռն այնքան «ամուր փակեցին», որ մոռացան բացել անգամ  նիստի ավարտից հետո, երբ սկսվել էր հաջորդ` դռնբաց դատական նիստը:

Խոսքը նույն դատավորի նախագահությամբ և դատավարության նույն մասնակիցներով մեկ այլ բողոքի քննության մասին է: Միայն այն բանից հետո, երբ «Հետքի» լրագրողը դատական կարգադրիչների միջոցով բարձրաձայնեց, որ դռնբաց նիստը փակ դռների ետևում է քննվում, դահլիճի դուռը բացվեց:

Դատարանին այս բողոքը ևս դռնփակ քննելու միջորդություն ներկայացվեց, և միջնորդությունը բավարարվեց: Նշենք, որ այս բողոքը վերաբերում էր Անի և Նարեկ Սարգսյաններին պատկանող ընկերություններում ստուգումներ իրականացնելուն:

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լևոն Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լևոն  Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լևոն  Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

Պարզվել է նաև, որ Նարեկ Սարգսյանը նույնպես թաքցրել է հայտարարագրման ենթակա գույքը: 2017թ.-ի հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter