HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարուժան Գեղամյան

Սիրիա․ «Թավշյա սեզոնի մեկնարկը»

Միջազգային հարաբերություններում յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամիսը հանդիսանում է բանակցություններով հագեցած ամենակարևոր շրջանը, քանի որ տարվա հենց այս ժամանակահատվածում է տեղի ունենում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը, որի շրջանակներում ամենատարբեր ձևաչափերի հանդիպումներ և քննարկվումներ են տեղի ունենում աշխարհի գրեթե բոլոր քիչ թե շատ ակտիվ արտաքին քաղաքականություն ունեցող երկների միջև։ Այս տեսակետից բացառություն չէր նաև այս տարին։ Նյու Յորքում ՄԱԿ ամբիոնից հնչող ելույթներում և միջանցքներում քննարկումների մի զգալի հատվածը, բնականաբար, վերաբերում էր Մերձավոր Արևելքին և մասնավորապես Սիրիայում ընթացող պատերազմին։

Սակայն պետք է ասել, որ դեռևս մինչև ՄԱԿ նստաշրջանի մեկնարկը այս առումով ևս մի քանի կարևորագույն իրադարձություններ էին տեղի ունեցել, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ։

Հակառակորդների եռյակը

Ուղիղ 4 տարի առաջ՝ 2015թ. սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Զինված ՈՒժերը առաջին ավիահարվածները հասցրեցին Սիրիայում իսլամական խմբավորումների ուղղությամբ, որի արդյունքում սիրիական ճակատում անբեկանելիորեն փոխվեց ուժերի հարաբերակցությունը։ Դրանից հետո Սիրիայի հետպատերազմական ապագայի վերաբերյալ քննարկումների գլխավոր ձևաչափը աստիճանաբար դարձավ «Աստանայի գործընթացը», որը միավորեց այս տարածաշրջանի երեք կարևորագույն խաղացողներին, որոնք վերջին երեք դարերի ընթացքում մշտապես հանդիսացել են հակառակորդ ու թշնամի երկրներ՝ Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։

«Աստանայի գործընթացի» շրջանակներում երեք երկրների ղեկավարները պարբերաբար հանդիպում և քննարկում են Սիրիայում առկա իրավիճակը և փորձում գտնել ընդունելի լուծումներ։ Բնականաբար, սիրիական ճգնաժամում ներգրավված դերակատարները չեն սահմանափակվում նշված երկրներով, սակայն ակնհայտ է, որ վերջին տարիներին հենց այս եռյակն է դարձել հիմնական որոշում կայացնողը։ Առավել կարևոր է ամրագրել, որ այս ձևաչափի քննարկումների գլխավոր սկզբունքը (Իրանի և Ռուսաստանի դրդմամբ) Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումն է և պատերազմի շուտափույթ ավարտին հասնելը։

Այս է պատճառը, որ եռյակի թվով հինգերորդ գագաթնաժողովը Անկարայում սեպտեմբերի 16-ին գտնվում էր միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Եռակողմ բանակցություններին նախորդել էին Պուտին-Էրդողան և Պուտին֊Ռոհանի առանձին հանդիպումները։ Դատելով այն հանգամանքից, որ առանձնազրույցները նախատեսվածից ավելի երկար տևեցին (ինչպես նաև դատելով կողմերի դեմքի հոգնած արտահայտություններից), կարելի է ենթադրել, որ քննարկումները չեն անցնել հեշտ։ Կիրառական եզրահանգումներ անելու համար, սակայն, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գագաթնաժողովի արդյունքում ընդունված եռակողմ համատեղ հայտարարությանը։ 

14 կետից բաղկացած փաստաթղթից առավել հետաքրքրական են այն կետերը, որոնք առնչվում են ներկա դրությամբ ամենախնդրահարույց երկու շրջաններին՝ Հյուսիս-արևելյան Սիրիային և Իդլիբի ու Համմա նահանգներին։ 

Իրավիճակի քարտեզագրում

Մինչև բանակցությունների ներկա փուլին անդրադառնալը անհրաժեշտ է համառոտ քարտեզագրել, թե ովքեր են այս պահին տնօրինում Սիրիայի տարածքը (պետք է հաշվի առնել, որ իրավիճակը պարբերաբար փոփոխվում է, սակայն ընդհանուր ուրվագծերը պահպանվում են)։ 

2019 թվականի սեպտեմբերի դրությամբ Սիրիայի կառավարական ուժերը նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ վերահսկում են երկրի տարածքի մեծագույն մասը՝ կենտրոնական և հարավային գրեթե բոլոր շրջանները։ Նրանց այդ հարցում օժանդակում են ՌԴ-ն և Իրանը։ Երկրի ծայր հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիային սահմանամերձ մի քանի շրջաններ՝ Աֆրին կենտրոնով (ընդհանուր առմամբ շուրջ 3000 քառակուսի կմ) փաստացի վերածվել են Թուրքիայի կողմից տնօրինվող գոտու, որտեղ քաղաքացիական և ռազմական իշխանությունը դե-ֆակտո պատկանում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությանը (քարտեզի վրա՝ մանուշակագույնով)։ Թուրքիայի սահմանի երկայնքով են ձգվում Իդլիբի և դրանից հարավ ընկած Համմայի շրջանները, որոնք գտնվում են Լաթաքիայի և Հալեպի արանքում (քարտեզի վրա՝ նարնջագույնով)։ Այստեղ են գտնվում տարաբնույթ «ընդդիմադիր», զինված իսլամական խմբեր, որոնք աջակցություն են ստանում Թուրքիայից։ Եւ վերջապես երկրի ողջ հյուսիս-արևելքը՝ Եփրատ գետից արևելք ընկած հատվածում վերահսկում են քրդական SDF և YPG զինված խմբավորումները (քարտեզի վրա՝ կապտականաչ գույնով), որոնց տեղում սատարում է ԱՄՆ զորախումբը և արաբական մի շարք երկրներ (ֆինանսապես)։

Ելնելով երկրի անվտանգությանը սպառնացող վտանգից՝ Թուրքիայի հետ սահմանի երկայնքով ձգվող քրդական ինքնավար շրջանը առաջացնում է Անկարայի խիստ անհանգստությունը։ Վերջինս պնդում է, որ այստեղ անհրաժեշտ է ստեղծել սահմանից 30-40 կմ խորությամբ «անվտանգության գոտի», որը պետք է վերահսկվի ԱՄՆ և Թուրքիայի ԶՈՒ կողմից։ Ավելին, հենց այստեղ է Թուրքիան ցանկանում վերաբնակեցնել իր տարածքում ապաստանած շուրջ երեք միլիոն սիրիացի գաղթականների զգալի մասին։ Ինչպես կարելի է կռահել, անվտանգության գոտու նախագծի նպատակը ոչ միայն Թուրքիայի սահմաններին մոտ քրդական ևս մեկ ինքնավարության ստեղծման բացառումն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով (ինչը չհաջողվեց անել Իրաքի հյուսիսում), այլև տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու փորձ է։ Եթե նախատեսված վերաբնակեցումը տեղի ունենա, ապա Թուրքիայի սահմանների երկայնքով կտեղակայվեն գերազանցապես սուննի արաբ գաղթականներ, որոնք շատ ավելի լոյալ և վերահսկելի են Անկարայի համար, քան քրդերը։

Անկարան այս խնդրով առաջին հերթին բանակցում է ԱՄՆ հետ, որը դեռևս պատրաստակամ չէ Թուրքիային տրամադրել այդքան մեծ լիազորություններ նշված տարածքում՝ միևնույն ժամանակ մենակ թողնելով տարածաշրջանի քրդերին Թուրքիայի դեմ (ինչը վերջիններիս համար նշանակում է անհավասար պայքար գլխավոր հակառակորդի հետ)։ Այս պահին երկուստեք իրականացվում է տարածքի պարեկություն, սակայն միայն 14 կմ խորության վրա։ 

Թուրքիայի կողմից պարբերաբար հնչում են սպառնալիքներ, որ եթե այս հարցում առաջընթաց չգրանցվի, ապա մի քանի օրում Թուրքիան լայնամասշտաբ ռազմական գործողություններ կսկսի Եփրատից արևելք՝ անվտանգության գոտու անհրաժեշտ խորությունն ապահովելու համար։ Այս սպառնալիքները թեև հնչում են բավական երկար ժամանակ և ավելի շատ նպատակ ունեն ստանալու բանակցային առավելություն, սակայն ռազմական գործողության տարբերակը բացառել պետք չէ։

«Քրդական վտանգի դեմ պայքարի» հարցում Թուրքիային մասնակի սատարում են «Աստանայի եռյակի» մյուս երկու գործընկերները, սակայն նախընտրում են քրդական ինքնավարությունը փոխարինել ոչ թե թուրք-ամերիկյան անվտանգության գոտիով, այլ տարածքը ամբողջությամբ վերադարձնել Ասադի ուժերին՝ ադպիսով չեզոքացնելով քրդական վտանգը։ Բնականաբար, սա այդքան էլ ձեռնատու տարբերակ չէ Թուրքիայի համար։ 

Վերոհիշյալ համատեղ հայտարարության 4-րդ և 5-րդ կետերում ամրագրվել էր այն սկզբունքը, որ «Սիրիայի հյուսիս-արևմուտքում կայունության և անվտանգության ամրագրումը հնարավոր է միայն Սիրիայի սուվերենության և տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա», ինչպես նաև «բացառվում են ինքնակառավարման  որևէ այլ տարբերկաներ, քան Սիրիայի օրինական իշխանությունները»։ Այս կետերի առկայությունը վկայում է այն մասին, որ ամերիկացիների հետ բանակցությունների տապալման դեպքում Թուրքիայի համար վերոնշյալ տարբերակը կմնա միակ հնարավորությունը՝ խուսափելու համար նոր ռազմական գործողություններից։ Այս տարբերակը Անկարայի համար գրավիչ դարձնելու նպատակով եռյակի հանդիպումից մի քանի օր անց Սիրիայի արտգործնախարարությունը ՄԱԿ-ին ուղղված նամակում պաշտոնապես հայտարարեց, որ քրդական SDF-ը «ահաբեկչական անջատողական» կազմակերպություն է և Սիրիայի կառավարությունը մտադիր է վերացնել դրանց Սիրիայի տարածքից։ Առավել քան ակնհայտ է, որ այս հայտարարությունը արվել է Ռուսաստանի և Իրանի դրդմամբ և ուղերձ էր Թուրքիայի համար։

Իդլիբի առումը

Եռակողմ բանակցությունների մյուս խնդրահարույց կետը վերաբերում է Իդլիբի և Համմայի շրջաններին։ Այստեղ են այժմ կենտրոնացած իսլամիստական զինված խմբերի մի զգալի հատվածը, ինչպես նաև քաղաքական ընդդիմադիր խմբերը։ Նախորդ տարի սեպտեմբերին Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն ձեռք բերեցին Իդլիբում ստեղծել ապառազմականացված գոտի՝ համատեղ պարեկությամբ։ Թուրքիան պարտավորվում էր զբաղվել ծայրահեղական խմբերի չեզոքացմամբ և կայունության ապահովմամբ, սակայն դա իրականություն չդարձավ։ Ի պատասխան՝ 2019 թվականի ամռան ընթացքում Սիրիայի բանակը ՌԴ օժանդակությամբ սկսեց առաջ շարժվել դեպի Իդլիբի նահանգ՝ ճանապարհին շրջափակելով և փաստացի անգործության մատնելով նաև թուրքական պահակակետերը։ Սա միանգամից առաջացրեց Թուրքիայի դժգոհությունը։ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ ապառազմականացված շրջանը չի կարող ծառայել որպես «ահաբեկիչների ապաստարան», ըստ այդմ պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ՝ վտանգը վերացնելու համար։ Դատելով եռակողմ հայտարարության տեքստից՝ կարելի է ասել, որ այս հարցում Թուրքիան և Ռուսաստանը չեն կարողացել գալ որևէ նոր համաձայնության և միայն վերահաստատել են իրենց հավատարմությունը նախորդ տարվա հուշագրին (կետ 6-րդ)։ Ըստ էության՝ սա ոչինչ չասող կետ է, ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ Ռուսաստանի օժանդակությամբ Սիրիայի կառավարական ուժերը կշարունակեն իրենց առաջխաղացումը դեպի Իդլիբի և Համմայի նահանգների խորքը՝ երաշխավորելով Թուրքիայի պահակակետերի անվտանգությունը։ 

***

Ռազմական ճանապարհով Իդլիբի խնդրի լուծումը կնշանակի Սիրիայի պատերազմի վերջին փուլի մեկնարկը, որը իր հերթին կբերի հետպատերազմական դիվանագիտության գերակիվ շրջանի: Այդ «թավշյա» շրջանում տարածաշրջանի բոլոր մեծ ու փոքր դերակատարները կասեն իրենց խոսքը՝ փորձելով ստանալ քաղաքական և տնտեսական եկամուտներ։ 

Վարուժան Գեղամյան,

պ.գ.թ., թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter