Առաջնահերթություն. կառավարելի գնային քաղաքականություն դասագրքերի շուկայում
Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի /ԴՇՀ/ հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստում ներկայցվել է ԴՇՀ-ի 2011թ. գործունեության և տարեկան ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը և 2012թ.աշխատանքային ծրագիրը:
Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմանդրամի փոխտնօրեն Գ. Գարեգինյանն իր հաշվետու խոսքում ներկայացրել է տեղեկատվություն նախորդ տարվա ընթացքում տպագրված և դպրոցներին բաշխված դասագրքերի վերաբերյալ:
Պետության կողմից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տարեկան մոտ 120 մլն դրամի սուբսիդիա է հատկացվում: Նախարարը կարևորել է շրջանառու հիմնադրամի հետևողական աշխատանքը, որպեսզի աջակցությունը տեղերում հասցեկան բնույթ կրեն:
«Նախարարությունը ստանում է ահազանգեր այն մասին, որ առանձին դեպքերում դասագրքերի վարձավճարի զեղչերից առավել կարիքավորները չեն կարողանում օգտվել: Սա ես համարում եմ անթույլատրելի»,- շեշտել է նախարարն ու հավելել, որ խիստ մոտեցում պետք է ցուցաբերել այս հարցի վերաբերյալ դպրոցներից և մարզպետարաններից ներկայացվող հաշվետվություննեի նկատմամբ:
Նախարար Աշոտյանը, կարևորելով հիմնադրամի աշխատանքի արդյունավետությունը, նշել է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազումը և գնաճի ճնշումը նպաստում են դասագրքերի թանկացմանը և հավելյալ ֆինանսական բեռ են դառնում ծնողների համար: Ա. Աշոտյանի խոսքով՝ նախարարությունը պետք է բոլոր հնարավոր միջոցները կիրառի դասագրքերի շուկայում կառավարելի գնային քաղաքականություն վարելու ուղղությամբ:
Նախարարը նշել է, որ այս տարի դասագրքերի մրցույթ չի հայտարարվի և կհրատարակվեն միայն նախորդ տարիների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված 11 անուն դասագրքերը: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ավագ դպրոցի դասագրքերը կվերահրատարակվեն Հայ Առաքելական Եկեղեցու, իսկ միջին դպրոցինը՝ ԴՇՀ կողմից: Նախարարը հանձնարարել է նախապես «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի ծրագրերը համաձայնեցնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ:
Հանձնարարվել է մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններից ստացված հայտերի հիման վրա փոքր քանակությամբ վերահրատարակել նաև այն դասագրքերը, որոնց գործածության ժամկետը սպառվել է և դրանք մաշվածության պատճառով գործածելի չեն: Միաժամանակ կմշակվի դասագրքերի փորձարկման մեխանիզմ, որը կիրառելի կլինի առաջիկա սեպտեմբերից: Այս մասին հայտնում է ԿԳն մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել