HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկեց համայնքապատկան ապօրինի շինությունների գրանցման տուրքը վճարելու տարաժամկետման նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» և «Գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համայնքապատկան ապօրինի շինությունների գրանցման տուրքը տարաժամկետել երկու տարով։

Նախագծերի հիմնական զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով՝ առաջարկը վերաբերում է համայնքներին արտոնություն տրամադրելուն՝ ինքնակամ կառույց հանդիսացող շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի գրացման և պետական տուրքի վճարների գումարները տարաժամկետելու 2 տարով։

«Համայնքներում և հատկապես խոշոր համայնքներում ունենք հազարավոր ապօրինի շինություններ և գույք, որոնք մեր օրենսդրությամբ համարվում են այն սուբյեկտների սեփականությունը, որոնց պատկանում է հողը։ Այս գործընթացը կանոնակարգելու համար համայնքային իշխանությունները պիտի կարողանան այդ գույքերը որպես համայնքային սեփականություն գրանցել, որպեսզի հետո կարողանան պատշաճ տիրապետել։ Գոնե կարելի լինի այդ գույքը վարձակալության տալ սահմանափակ ժամկետով, հակառակ պարագայում համայնքները ամեն կոնկրետ սուբյեկտի հետ ընկնում են դատական պրոցեսի մեջ»,- ասաց Տերտերյանը՝ ընդգծելով, որ գործող իրավակարգավորմամբ՝ ապօրինի գույքը գրանցելու գումարը համայնքը միանգամից է վճարում։ Այս փոփոխություններով առաջարկվում է տարաժամկետել՝ վճարելով եռամսյակը մեկ։

Տերտերյանի խոսքով՝ խոշոր համայնքներում կան ապօրինի շինություններ, որոնք ակնհայտ է՝ համայնքը երբեք չի օրինականացնելու։

«Այսինքն արտոնությունը տալիս ենք համայնքին, ոչ թե ֆիզիկական անձին»,- ասաց նա՝ հավելելով, որ համայնքները պետք է շահագրգիռ լինեն գրանցել համայնքային սեփականություն համարվող ապօրինի շինությունը՝ հետագայում այն ինչ-որ կերպ շահագործելու համար։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս փոփոխությունները կնպաստեն Օպերայի հարակից տարածքի և կանաչ տարածքներում գոյություն ունեցող ապօրինի օբյեկտների վարձակալության օրինակացմանը։

«Այս փոփոխությունները վերաբերում են և՛ Օպերայի հարակից տարածքին, և՛ Շենգավիթի տարածքներին, և ամենահեռու ու մոտիկ տարածքներին։ Խոսքը չի վերաբերում օբյեկտին, վերաբերում է հողին, որի սեփականատերը համայնքն է։ Օպերայի տարածքի հողերի սեփականատերը համայնքն է, և եթե Երևան համայնքն ուզենա գրանցել տարածքի սեփականություն առնվազն 2 վճարում պետք է կատարի՝ կադաստրային վճար՝ 25 հազար դրամ և պետական տուրք՝ 1000 դրամ։ Մենք սրան տարաժամկետում ենք տալիս, ինչ վերաբերում է ապագայում վարձակալությունն օրինականացնել-չօրինականացնելուն, դա այս թեմայի հետ կապ չունի, որովհետև էսպես թե էնպես համայնքն այս վճարումները կատարում է։ Մենք ուղղակի համայնքային բյուջեին ավելի հարմար վիճակում ենք դնում»,- եզրափակեց Վաչե Տերտերյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter