HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը մարզպետների նշանակման, ազատման և լիազորությունների հստակեցման նախագիծ է առաջարկում

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Տարածքային կառավարման մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով՝ փաթեթով առաջարկվում է տարածքային կառավարման մարմինների գործունեությունը կարգավորել օրենքով, այլ ոչ թե ինչպես այժմ է՝ նախագահի հրամանագրերով: Հստակեցվում են նաև մարզպետների լիազորությունները:

«Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծով սահմանել ենք տարածքային կառավարման ոլորտում Կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները, մարզպետների և՛ ընդհանուր, և՛ ըստ հիմնական բնագավառների լիազորությունները, նաև նկարագրել ենք մարզպետների նշանակման և ազատման կարգը, ինչպես նաև վերջինիս ներկայացվող պահանջները: Սահմանել ենք նաև մարզպետին կից գործող խորհրդակցական մարմնի՝ մարզի խորհրդի ինստիտուտը: Դրա կազմավորման և գործունեության կարգը նախատեսել ենք սահմանել Կառավարության կողմից»,- ասաց Վաչե Տերտերյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խնդրեց փոփոխություններից երեք կարևորը ներկայացնել, ինչին ի պատասխան հիմնական զեկուցողն ասաց.

«Առաջինն այն է, որ տարածքային կառավարման մարմինների գործունեությունն այսուհետ կարգավորում է օրենքով, մինչ այդ կարգավորվում էր նախագահի հրամանագրերով: Մենք հաճախ ունենում էինք իրավիճակներ, երբ օրենսդրական փոփոխությունները պետք էր շատ արագ ու սինխրոնիզացված իրացնել նախագահի հրամանագրում: Դա միշտ չէ, որ ստացվում էր՝ ոչ միայն տեխնիկական պատճառներով»,- ասաց փոխնախարարը:

Տերտերյանը կարևորեց նաև այն, որ տարածքային կառավարման մարմինների պատասխանատվության դաշտից իրավական և մասնագիտական հսկողությունը տեղափոխվում է պետական կառավարման լիազոր մարմին՝ քաղաքական հարթություն:

«Հիմա մենք դա տեղափոխում ենք տարածքային կառավարման լիազոր մարմնի դաշտ: Իսկ մարզպետներին դիտում ենք որպես ինստիտուտներ, որոնք ավելի մոտ են կանգնած համայնքներին և կարող են լիազոր մարմնի գործունեության տիրույթում ներգրավել իրենց մասնագիտական փորձառությունը, գիտելիքները և ոչ ավելի»,- ասաց փոխնախարարը:

Մյուս կարևոր փոփոխությունն, ըստ նախագծի հիմնական զեկուցողի, մարզպետների լիազորությունները ավելի կոնկրետ սահմանելն է։

Ըստ Տերտերյանի՝ այն հնարավորություն կտա մարզպետների գործունեությունն ավելի հստակ ու առարկայական դարձնել։

Ըստ նախագծի՝ մարզպետին պաշտոնին նշանակում և պաշտոնից ազատում է Կառավարությունը:

Մարզպետի նշանակման առաջարկությանը կցվում են՝

  • մարզպետի թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու համաձայնության մասին։
  • տեղեկանք՝ մարզպետի թեկնածուի` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին։
  • հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության տված տեղեկանքը, ինչպես նաեւ բարձրագույն կրթություն ստանալու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը։
  • մարզպետի թեկնածուի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
  • մարզպետի թեկնածուի համառոտ կենսագրությունը:

Մարզպետն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, եթե

  • հրաժարական է ներկայացրել։
  • դադարեցվել է նրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն։
  • խախտվել է պաշտոնի անհամատեղելիության պահանջները։
  • նշանակումից հետո ձեռք է  բերել Կառավարության անդամի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող՝  կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հիվանդություն։
  • կառավարությունն ընդունել է վարչապետի՝ մարզպետին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը:

 Համարվում է, որ մարզպետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ՝

  • մարզպետը մահացել է։
  • մարզպետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։
  • մարզպետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Նախագծում նշվում է նաև, որ մարզպետի վրա տարածվում են Կառավարության անդամին ներկայացվող պահանջները եւ անհամատեղելիության պահանջները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter