HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատավոր Ռուբեն Ափինյանը հեղինակազրկում է դատական իշխանությունը, նվազեցնում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը» 

«Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան նախաձեռնությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռ Վարդազարյանին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։

Դիմումի համար հիմք է հանդիսացել «Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հետ կապված դատական գործերով բաժանորդների անվստահությունը դատական համակարգի հանդեպ։ «Օգտվելով «DataLex դատական տեղեկատվական համակարգում» առկա տեղեկատվությունից մենք բացահայտեցինք մի շատ տարօրինակ օրինաչափություն, ինչը լույս էր սփռում թե՛ բոլոր հայցվորների դժգոհությունների, թե՛ դատական համակարգի նկատմամբ առնվազն այս մասով ձևավորված անվստահության վրա»,- ասվում է ԲԴԽ-ին ուղղված դիմումում։ Դիմումին ծանոթացեք ստորեւ․ 

«Երևան ջուր» ՓԲԸ դեմ առկա է 146 հայց, իսկ 2017 թ-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ դեմ՝ 22-ը։ Քանի որ 2018 թ․-ից դատավորների ընտրությունը կատարվում էր վիճակահանությամբ, մենք ուսումնասիրել ենք մինչև 2018 թ գործերը՝ թվով 168 գործ։ Պարզեցինք, որ դրանցից ուղիղ 30-ը կամ ընդհանուր հայցերի շուրջ 18%-ը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Կորյունի Ափինյանին, այն դեպքում, երբ մնացած 138 հայցերը բաժանվել են 32 դատավորների միջև։ Ստացվում է մեկ դատավորին այս մասով բաժին է հասնում միջինը 431 հայց, իսկ պարոն Ափինյանին՝ ուղիղ 30-ը։ Եթե դիտարկեն 2015-2017 թթ վիճակագրությունը, ապա ստացվում է, որ թվով 56 հայցերից 18-ը կամ 32%-ը մակագրվել է Ռուբեն Ափինյանին, իսկ մնացած 15 դատավորներից յուրաքանչյուրին միջինը բաժին է հասել մոտ 253 հայց։

Սա խոսուն փաստ է, որ պրն Ափինյանն ուղղակիորեն համարվում է «Երևան ջուր» - «Վեոլիա ջուր» ընկերության համար նախընտրելի, ցանկալի դատավոր և էլ ավելի կարևոր է, որ հիմնական աշխատանքային վեճերը տեղի են ունեցել այս դատավորի նախագահությամբ եւ, բնականաբար, ավարտվել ի նպաստ գործատուի (մի քանի դեպքերում էլ վերաքննիչ դատարանը բեկանել է Ռ Ափինյանի վճիռը, բայց դա կարծես թե անուշադրության է մատնվում)։

Պաշտոնատար անձանց կողմից բազմիցս է ընդգծվել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ներդրման անհրաժեշտությունը, որը թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ և կարծում եմ Ռուբեն Կորյունի Ափինյանի մասով մեր ներկայացրած սույն դիտողությունները կարժանանան պատշաճ ուշադրության։

Չսահմանափակվելով վերոշարադրյալով, մենք ուսումնասիրեցինք «DataLex դատական տեղեկատվական համակարգում» առկա պարոն Ափինյանի 2019 օգոստոսի 1-ից օգոստոսի 9-ը ժամանակահատվածում կայացրած դատական նիստերը և բախվեցինք էլ ավելի տարօրինակ իրավիճակի։ Փաստացի ստացվում է, որ Ռուբեն Ափինյանն ուղղակի անթույլատրելի անփութությամբ է վերաբերվում իր աշխատանքին, դատական նիստերը հետաձգելու կամ չկայացնելու համար կիրառում է ողջամտությանը դեմ գործիքակազմ՝ դրանով իրականացնելով ոչ իրավաչափ գործողություն, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը, էապես նվազեցնում է դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասում է դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալմանը: Առավել մանրամասն՝ ստորև.

2019 օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ Ռ․ Ափինյանն անցկացրել է թվով 205 նիստ, որից ըստ «DataLex դատական տեղեկատվական համակարգում» 29092019 թ դրությամբ առկա տեղեկատվության

Կարգավիճակ Քանակ Տեսակարար կշիռ
Համակարգում նիստի մասին տեղեկատվություն չի լրացվել 47 22.9%
Նիստը կայացվել է 67 32.7%
Ռ.Ափինյանի վարույթում գտնվող դատական նիստը չի կայացել՝ SRS Femida ծրագրի խափանման պատճառով: 84 41.0%
Նիստը չի կայացել այլ պատճառով 7 3.4%
Ընդամենը 01-09082019 թ 205 100.0%
  • Այսինքն պարոն Ափինյանին մակագրված գործերի 22,9%-ը նիստի ավարտից շուրջ 60 օր անց չեն լրացվել «Դատալեքս» համակարգում, մինչդեռ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11 հոդվածի մաս 9-ի համաձայն՝ Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են գործի և դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, որոնց ցանկը և հրապարակման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը։
  • Անհասկանալի արդյունավետությամբ է աշխատում պարոն Ափինյանը։ Վերջինիս մակագրված թվով 205 գործով նիստերից կայացել է ընդամենը 32,7%-ը կամ 67 հատը, ընդ որում, այդ 67 նիստերից ուղիղ 57-ում կամ ավելի քան 85%-ի դեպքում դատավորը կայացրել է վճիռ։ Հատկանշական  նաև այն, որ պարոն Ափինյանը 2019 թ օգոստոսի 12-ից եղել է հերթական արձակուրդի մեջ, այսինքն տարբեր գործերով վճիռների հրապարակումը կամ գործի լուծումը սահմանել է ոչ թե առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9 հոդվածի համաձայն՝ ողջամիտ ժամկետներում, այլ կրել է խիստ սուբյեկտիվ ու անձնական բնույթ, այն է համապատասխանեցվել է դատավորի արձակուրդի գրաֆիկին ու հիմնական վճիռները հրապարակվել են արձակուրդին նախորդող շաբաթվա ընթացքում։
  • Մյուս կողմից, 2019 թ օգոստոսի 12-ից արձակուրդի մեջ գտնվող դատավոր Ափինյանը (տես՝ ԵԴ/12657/02/19 գործով «Դատալեքս»-ի տեղեկատվությունը) 2019 թ օգոստոսի 14-ին ԵԴ/12626/02/19 գործով ի նպաստ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կայացրել է վճիռ։ Այս մասով կարելի է ուղղակիորեն համեմատություն կատարել պրն Ափինյանի 2019 թ օգոստոսին արձակուրդ տրամադրելու հրամանի ու կայացրած վճիռի միջև ու պատկերը կհստակեցվի։
  • Գործերի 41%-ի կամ թվով 84 գործով Ռ․ Ափինյանը դատական նիստ չի կայացրել՝ պատճառաբանելով SRS Femida ծրագրի խափանումը։ Ընդ որում, SRS Femida ծրագիրը «խափանվել է» մեր ուսումնասիրությունների ենթարկված աշխատանքային օրերից յուրաքանչյուրում (2019 թ օգոստոսի 1-9-ը ներառյալ)։ Եթե ծրագիրը գործում էր խափանումներով, արդյոք, Ափինյանն այդ մասին որևէ գրավոր տեղեկատվություն ներկայացրե՞լ է, արդյոք Ափինյանը գործուն քայլեր ձեռնարկե՞լ է առկա իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ։ Կարծում ենք, որ ոչ, ավելին, «SRS Femida ծրագրի խափանում» եզրույթն ուղղակիորեն դատավորն օգտագործել է սեփական անպարտաճանաչությունը քողարկելու, դատական նիստերից խուսափելու եւ դատավորին ոչ հարիր գործելակերպը թաքցնելու նպատակով։

Ասվածի ապացույցն այն ողջամիտ դատողությունն է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ «SRS Femida ծրագրի» խափանմամբ պայմանավորված նիստ չի կայանում (գործ ԵԴ/16116/02/18, 06082019 թ ժամը 11։00) ու դրանից անմիջապես հետո մեկ այլ նիստ կայանում է (գործ ԵԴ/9168/02/19, 06082019 թ ժամը 11։05), այնուհետև հաջորդ նիստը կրկին չի կայանում՝ ծրագրի խափանմամբ պայմանավորված (գործ ԵԿԴ/3006/02/17, 06082019 թ ժամը 11։05)։

Կամ մյուսը՝ «SRS Femida ծրագրի» խափանմամբ պայմանավորված նիստ չի կայանում (գործ ԵԴ/25625/02/18, 09082019 թ ժամը 17։10) ու դրանից անմիջապես հետո մեկ այլ նիստ կայանում է (գործ ԵԴ/22510/02/18, 09082019 թ ժամը 17։15), այնուհետև հաջորդ նիստը կրկին չի կայանում՝ ծրագրի խափանմամբ պայմանավորված (գործ ԵԴ/28660/02/18, 09082019 թ ժամը 17։20)։

Բազմաթիվ են նմանատիպ դեպքերը և կից կտրամադրվի մեր կողմից պատրաստված վերլուծական տեղեկանքը։

  • Մեկ այլ ոչ տրամաբանական իրողություն, 2019 օգոստոսի 9-ին ժամը, 17։15-ից մինչև 17։50-ը, այսինքն՝ 35 րոպեում, դատավոր Ափինյանը հաջողացրել է 8 գործով նիստ անցկացնել ու հրապարակել վճիռներ։ Արդյոք, պահպանվե՞լ են բոլոր նիստերի ձայնագրությունները, թե ծրագրի խափանմամբ պայմանավորված նման ձայնագրում տեղի չի ունեցել։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156 հոդվածի 12 մասի համաձայն՝ գործի քննությունը հետաձգվում է, եթե դատական նիստերի դահլիճում տեղադրված համակարգչային ձայնագրման համակարգի անսարքության պատճառով հնարավոր չէ ապահովել դրա շահագործումը և դատական նիստին ներկա գործին մասնակցող անձինք առարկում են պարզ թղթային եղանակով դատական նիստն արձանագրելուն։ Արդյոք դատավոր Ափինյանը կարո՞ղ է ներկայացնել նիստերի պարզ թղթային եղանակով արձանագրությունները և նիստը պարզ թղթային եղանակով արձանագրելու մասին գործին մասնակցող անձանց համաձայնությունը։ 

Կոնկրետ «Վեոլիա ջուր» ՓԲԸ դեմ հայց ներկայացրած ԵԿԴ/3398/02/17 գործով հայցվոր Դավիթ Գասպարյանը վստահեցնում է, որ հայցվոր կողմը նիստը պարզ թղթային եղանակով արձանագրելու որևէ համաձայնություն չի տվել։ Ավելին, ըստ Դավիթ Գասպարյանի, այդ օրը նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել, այլ ընդամենը մի քանի օր անց՝ 2019 թ․-ի օգոստոսի 22-ին «Դատալեքս» համակարգում հրապարակվել է այս գործով վճիռը (ԵԿԴ/3398/02/17 գործը ներկայումս բողոքարկվում է ՀՀ վերաքննիչ դատարանում)։ 

Ներկայացնենք նաև մի կարևորագույն բացթողում։ Հիշատակված 205 նիստերից 48-ի կամ 234 %-ի դեպքում դատական նիստի օրվա ու ժամի մասով առկա է համընկնում։ Այսինքն, դատավոր Ափինյանը նույն օրը, նույն ժամին նշանակել է նիստ, ընդ որում կան դեպքեր, երբ երկու նիստերն էլ կայացել են, կան դեպքեր, երբ մեկը կայացել իսկ մյուսը՝ SRS Femida ծրագրի խափանման պատճառով տեղի չի ունեցել և այլն (նիստերի ցանկը կցվում է)։ Սա հենց այն անփությունն է, որի պայմաններում ուղղակիորեն ձևախեղվում է դատարանի հանրային ընկալումն ու նվազում դատարանի նկատմամբ վստահությունը, երբ քաղաքացին իր դատական նիստի ժամին ներկայանալով դատարան, հայտնաբերում է, որ «դատարանների ծանրաբեռնվածությամբ» պայմանավորված նիստերի ժամանակացույցը փոփոխվել է ու կա՛մ Ձեր գործի մասով քննություն տեղի չի ունենա, կա՛մ սպասեք, մինչև ընթացիկ նիստն ավարտի։ Թվարկենք մի քանիսը

      1. 2019 թ օգոստոսի 1-ին, ժամը 11։30-ին, դատավոր Ափինյանը վճիռ է կայացրել թիվ ԵԴ/8344/02/19 և ԵԿԴ/3345/02/17 գործերով, կամ
      2. 2019 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 10։40-ին, դատավոր Ափինյանը վճիռներ է կայացրել թիվ ԵԴ/11890/02/19 և թիվ ԵԴ/9682/02/19 գործերով, իսկ նույն օրը նույն ժամին՝ 10։40-ին նշանակված թիվ ԵԴ/29713/02/18 գործով նիստը չի կայացել՝ SRS Femida ծրագրի խափանման պատճառով։

ՀՀ դատական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատավորի աշխատանքի որակի արհեստավարժության գնահատման չափանիշ է դատական նիստը կառավարելու կարողությունը, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով դատավորի արդյունավետության գնահատման չափանիշներն են աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարման ունակությունը և աշխատանքի պլանավորումը և ողջամիտ ժամկետում գործեր քննելն ու դատական ակտեր կայացնելը, իսկ 4-րդ մասի 2-րդ կետով էլ դատարանի հանրային ընկալմանն ու դատարանի նկատմամբ վստահությանը նպաստելը դիտարկվում է դատավորի էթիկայի գնահատման չափանիշ։ Ներկայացված վիճակագրությունից ցցուն է դառնում, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր պարոն Ռուբեն Ափինյանը առնվազն թերացել է վերոգրյալ 4 չափանիշներով,  ուստի խնդրում ենք Բարձրագույն դատական խորհրդին՝ իրականացնել դատավոր Ռուբեն Կորյունի Ափինյանի գործունեության գնահատում՝ ՀՀ դատական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասի համաձայն։

Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ

  • «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ 1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը. (...): 
  • Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: 
  • Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը (...): 
  • «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:

Խնդրում ենք Բարձրագույն դատական խորհրդից տալ գնահատական, թե Ռուբեն Ափինյանի գործողությունները կարո՞ղ են գնահատվել որպես դատական իշխանությունը հեղինակազրկող և դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի վարքագիծ (արարք):

Ընդ որում, ԲԴԽ 14022019 թ․-ի ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշմամբ հայտնվել է դիրքորոշում, որ ․․․անկախ ծանրաբեռնվածության աստիճանից, աշխատակազմի համալրվածությունից և վերջինիս մասնագիտական պատրաստվածության մակարդակից՝ դատավորը պարտավոր է ապահովել իրավունքի գերակայությունը. արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում, թույլ չտալ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի կամ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, բարձր պահել իր, դատարանի և դատական իշխանության հեղինակությունը: Դատավորը պարտավոր է ոչ միայն ապահովել իր, այլ նաև իր աշխատակազմի պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումը («Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 66 հոդվ., մաս 2, 67 հոդվ., մաս 2):

Կարևոր ենք համարում նշել նաև, որ Ռուբեն Ափինյանը ԲԴԽ-ի 07022019 թ ԲԴԽ-5-Ո-Կ-03 որոշման համաձայն, արդեն իսկ մեկ անգամ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության ու վերջինիս հայտարարվել է նկատողություն, իսկ court.am կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ Ռուբեն Ափինյանը ծնվել է 1955 թ․-ին (http://www.court.am/index.php?link=arm/top/firstcourt/yerevan/judge/rapinyan.htm), ասել է թե վերջինիս 65 ամյակը կամ դատավորի համար սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալու է 2020 թ․-ին։ Հետևաբար, առավել քան կարևորում ենք ԲԴԽ-ի դիրքորոշումն ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն մինչև վերջինիս կենսաթոշակի անցնելու պահը կարգապահական պատասխանատվության ենթարկելը։

Դիմումին կցվել են քաղվածքներ՝ 

  1. 2008-2017 թթ ընթացքում «Երևան ջուր» և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ների դեմ քաղաքացիական հայցերի վերաբերյալ «DataLex դատական տեղեկատվական համակարգից»  (8 թերթ),
  2. 2015-2017 թթ ընթացքում «Երևան ջուր» և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ների դեմ քաղաքացիական հայցերի վերաբերյալ «DataLex դատական տեղեկատվական համակարգից» (3 թերթ),
  3. 01-09082019 թ դատավոր Ռուբեն Ափինյանի կողմից անցկացված նիստերի վերաբերյալ «DataLex դատական տեղեկատվական համակարգից» (14 թերթ),
  4. 01-09082019 թ դատավոր Ռուբեն Ափինյանի միևնույն ժամին նշանակված նիստերի վերաբերյալ «DataLex դատական տեղեկատվական համակարգից» (3 թերթ)։

Լուսանկարը` դատավոր Ափինյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter