HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բաղրամյան համայնքում սոցիալական պաշտպանության հանձնաժողովի և ավագանու անդամները նույն մարդիկ են

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում (Բաղրամյանի տարածաշրջան) նույն անձինք և՛ եզրակացություն են տալիս, և՛ սոցիալական օգնություն տրամադրելու որոշում կայացնում:

Համայնքի ավագանու կողմից կազմվել է սոցիալական պաշտպանական մշտական գործող հանձնաժողովը: Վերջինիս հիմնական առաքելություններից է քննարկել համայնքի բնակիչների դիմումները, գնահատել կարիքավորության աստիճանը և տալ եզրակացույթուն՝ համայնքային բյուջեից հատկացվող սոցիալական օգնությունների վերաբերյալ:

«Հետք»-ը տարիներ առաջ, երբ ուսումնասիրում էր մարզի համայնքների կողմից հատկացված սոցիալական օգնությունները և բացահայտել էր շահերի բախման բազմաթիվ դեպքեր, դեռևս նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարգադրել էր բոլոր համայնքներին ձևավորել հանձնաժողովներ: Նպատակն էր բացառել շահերի բախման դեպքերը և հանձնաժողովի միջոցով քաղաքացիների դիմումները քննարկել պատշաճ ընթացակարգով: Հանձնաժողովը պետք է եզրակացներ՝ քաղաքացին արդյոք կարիքավո՞ր է, սոցիալական օգնության կարիք ունի, թե ոչ:

Սակայն համայնքներում այդ հանձնաժողովները ճիշտ չեն ձևավորվել և ստացվել է, որ նրանց գոյությունն անիմաստ է ու ձևական: 

7894613.jpg (36 KB)

Մասնավորապես Բաղրամյան համայնքի սոցիալական պաշտպանական մշտական գործող հանձնաժողովի բոլոր անդամներն ավագանու անդամներն են: Ստացվում է, որ նույն մարդիկ հանձնաժողովի կազմում քննարկում են քաղաքացու դիմումը, տալիս եզրակացություն և նույն մարդիկ էլ ավագանու նիստում որոշում են՝ համայնքային բյուջեից տալ սոցիալական օգնություն, թե ոչ: Այս դեպքում սոցիալական պաշտպանության հանձնաժողովի գործունեությունը կրում է ձևական բնույթ: 

5464797932.jpg (29 KB)

Հանձնաժողովի ձևական լինելը հիմնավորվեց նաև մեր ուսումնասիրությամբ:

Մասնավորապես՝ Բաղրամյանի ավագանու որոշումների ամսաթվերը համընկնում են: Չի բացառվում, որ հանձնաժողովի նիստն ու ավագանու նիստը տեղի են ունենում միաժամանակ: Քանի որ նույն անձինք են, պարզապես ձևական ստորագրում են եզրակացության տակ և նույնը հաստատում ավագանու որոշմամբ: Այդ մասին է վկայում նաև այն, որ հանձնաժողովի եզրակացության տակ ստորագրում են այն անդամները, որոնք մասնակցում են օրվա ավագանու նիստին:

Բաղրամյանում փաստացի չի լինում իրավիճակ, երբ ավագանին որոշի, որ հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը հիմնավոր չէ՝ պետք է հատկացվի սոցիալական օգնություն կամ մերժվի:

Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է հանձնաժողովն այդ կերպ ձևավորվել, և արդյոք շահերի բախում չի տեսնում սոցիալական պաշտպանական մշտական հանձնաժողովի և ավագանու գործունեության մեջ: Հարցը զարմացրեց համայնքապետին. «Չեմ հասկանում ձեզ ի՞նչն ա հետաքրքրում»:

Համայնքապետը նշեց, որ մինչ օրս որևէ խնդիր չեն ունեցել: «Հեռախոսով ցանկություն չունեմ բացատրել, եթե հարցեր ունեք, եկեք տեղում պարզաբանենք»,- հավելեց Արա Սահարյանը:

Լուսանկարը՝ «Վիքիպեդիա»-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter