HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սիլվա Համբարձումյանն ասում է, որ Արամ Հարությունյանը պարտավոր էր վերցրած կաշառքի դիմաց կատարել խոստումը

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող անձանց գործով արդեն երկու դատական նիստ է՝ ցուցմունք է տալիս վկա Սիլվա Համբարձումյանը:

Վերջինս պնդում է՝ 2008 թվականին Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք է տվել, որպեսզի կարողանա  10 հանքավայրերում ուսումասիրություններ կատարելու թույլտվության լիցենզիա ստանալ, իսկ մեկ տարի անց՝ թուլտվություն ստանալ 25 տարի ժամկետով այդ հանքերը շահագործելու վերաբերյալ: Ըստ քրեական գործի՝ կաշառք ստանալու հարցում Արամ Հարությունյանին օժանդակել են նրա մտերիմ Վիկտոր Մարտիրոսյանը, Արաքս Դիլանյանն ու այլ անձինք: Դատարանում այս պահին քննվում է Դիլանյանի և Մարտիրոսյանի մեղադրանքի վերաբերյալ գործը: Մարտիրոսյանն ու Դիլանյանն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Նրանցից Վիկտոր Մարտիրոսյանը գտնվում է կալանքի տակ:

Սիլվա Համբարձումյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ Արամ Հարությունյանի հետ ծանոթացել է 2007թվականին՝ նրա մտերիմ Սուրեն Ավագյանի միջոցով, որն ըստ վկայի ձևակերպման՝ հանքերի հետ կապված հարցերով էր զբաղվում։

Ինքը՝ Համբարձումյանը, ցանկացել է հանքեր շահագործել, և Սուրեն Ավագյանի միջոցով հանդիպել է այն ժամանակ Բնապահպանության նախարար եղած Արամ Հարությունյանին, որը 10 հանքերի ուսումնսիրության և հետագայում շահագործման թույլտվություն տալու համար իրենից 14 մլն դոլար կաշառք  է ուզել:

Ըստ Սիլվա Համբարձումյանի՝ ինքը համաձայնել է, սկզբից փոքր չափով տվել է գումարները, սակայն հետագայում Արամ Հարությունյանն իրեն ասել է, որ առջևում նախագահական ընտրություններ են, մեծ գումար է պետք: Համբարձումյանն ըստ իր ցուցմունքի՝ պատասխանել է, որ միանգամից չի ցանկանում այդքան գումար կանխիկացնել, առաջարկել է, որ գումարը բանկային փոխանցմամբ կատարի, ինչին Հարությունյանը համաձայնել է:

«Արամ Հարությունյանն ինձ թուղթ տվեց, որտեղ գրված էր Արաքս Դիլանյանի անունը և նրա հաշվեհամարը»,- պատմեց Սիլվա Համբարձումյանը: Վերջինս, ըստ իր պատմածի` չի ճանաչել Արաքս Դիլանյանին:

Նշենք, որ ըստ քրեական գործի նյութերի՝ Համբարձումյանի հանձնարարությամբ 8 մլն դրամ գումար է փոխանցվել գործով մեղադրյալ Արաքս Դիլանյանի՝ Դուբայում բացված հաշվեհամարին, և այդ գումարը հետագայում փոխանցվել է Արամ Հարությունյանի մտերիմներ  Գագիկ Կարապետյանին, Արմեն Խաչատրյանին և Վիկտոր Մարտիրոսյանին:

Վկան պատմեց, որ իր և Արամ Հարությունյանի հանդիպումներին գրեթե միշտ ներկա է եղել գործով ամբաստանյալ Վիկտոր Մարտիրոսյանը, և երբ ինքը կաշկանդվել է նրա ներկայությամբ խոսել կաշառք տալու մասին, Հարությունյանն ասել է, թե Մարտիրոսյանն իրեն մտերիմ անձ է, կարող է հանգիստ լինել: Պատասխանելով Մարտիրոսյանի պաշտպաններից Հունան Բաբայանի հարցին՝ Համբարձումյանը նշեց, որ Մարտիրոսյանը, թեև  մշտապես ներկա է եղել իր և Հարությունյանի հանդիպումներին, ուղղակի լսել է նրանց  խոսակցությունը, չի միջամտել:

Սիլվա Համբարձումյանի խոսքով՝ Արամ Հարությունյանն իր խոստումը հետագայում չի կատարել: Նշենք, որ կառավարության կազմում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություներ, ու ընդերքի տրամադրման գործակալությունը բնապահպանության նախարարության կազմից տեղափոխվել է Էներգետիկ  ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կազմ: Նախարար Արմեն Մովսիսյանը Համբարձումյանին զրկելու է ձեռք բերած լիզենզիաներից:

«Էնտեղ ասել էին՝ Սիլվան փեշով փող է տվել Արամ Հարությունյանին, նա էլ արագ զրկեց ինձ լիցենզիաներից»,–հայտարարեց վկան։

Համբարձումյանի խոսքով՝  ինքը բազմիցս դիմել է Արամ Հարությունյանին՝ խոստումը կատարելու պահանջով, և  նա ամեն անգամ նոր  խոստումներ է տվել` ոչինչ չանելով:

Ըստ Համբարձունյանի ցուցմունքի՝ վերջին անգամ Արամ Հարությունյանին դիմել է 2015-ի օգոստոսին, երբ  վերջինս Կոտայքի մարզպետն էր: Հարությունյանը պատասխանել է, որ գումարը հետ չի տալու, ինչ ուզում  է` անի, ինքն էլ որոշել է ոստիկանությունում հաղորդում ներկայացնել հանցագործության մասին:

Նշենք, որ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, տևական ժամանակ քննություն  ընթացել, ապա կասեցվել;  Գործը վերաբացվել է Հայաստանում 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Այժմ որպես մեղադրյալ ներգրավված անձանց պաշտպանները վիճարկում են վերաբացման որոշումը՝ պնդելով, որ այն անօրինական է:

Ըստ Համբարձումյանի՝ լիզենզիա ձեռք բերելու համար կազմակերպված բոլոր աճուրդները կոնկրետ անձանց համար էին կազմակերպվում, դրանք երբեք օրինական չէին լինում:

«Դեպք եղավ, երբ ես մասնակցեցի մի աճուրդի, հասցրի 188 մլն դրամի, բայց ասացին, որ պետք է հրաժարվեմ, քանի որ այդ աճուրդն ուրիշի համար էր նախատեսված»,- ասաց Սիլվա Համբարձումյանը՝ նշելով, որ աճուրդում պետք է հաղթեր «Վալլեքսը» ՍՊԸ-ն: Ըստ Համբարձումյանի՝ ինքը այլ ելք չուներ, քան հրաժարվելը, քանի որ վկայի խոսքով՝ «Վալլեքսը» պատկանում էր Սերժ Սարգսյանին:

Համբարձումյանը նշեց, որ Սուրեն Ավագյանը՝ անձը, որն իրեն ուղեկցել է 14 մլն դոլար կաշառքի շուրջ Արամ Հարությունյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու, իրեն ասել է, որ հանքերից մեկի համար «Բելաջոյի Գրիշ» անունով հայտնի Գրիգորի Սարգսյանը պատրաստ է 6 մլն տալ: Նշենք, որ ինչպես Հարությունյանն, այնպես էլ Սուրեն Ավագյանն այս պահին գտնվում են հետախուզման մեջ: Ըստ գործի նյութերի` ենթադրյալ կաշառքի գումարի մյուսը մասը՝ 6 մլն դոլարը Սուրեն Ավագյանի միջոցով է փոխանցվել Արամ Հարությունյանին: 

Պատասխանելով Վիկտոր Մարտիրոսյանի պաշտպաններից Հունան Բաբայանի հարցին՝ Սիլվա Համբարձումյանը նշեց, որ 2015 թվականին հաղորդում տալիս հայտնել է ամբողջ ճշմարտությունը: Դրանում սակայն չի նշել Արամ Հարությունյանին վերը նշված 14 մլն դոլար կաշառք տալուց առաջ ևս մեկ այլ հանք ձեռք բերելու համար 1 մլրդ դրամ կաշառք տալու մասին:

Խոսքն ըստ Սիլվա Համբարձումյանի՝ 2007 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին Հարությունյանին կաշառք տալու մասին է: Վկան ասաց, որ կաշառքի այս դրվագի մասին հանցագործության մասին հաղորդում տալիս չի հայտնել, քանի որ համարել է որ այս դեպքում Արամ Հարությունյանը կատարել է պարտավորությունը:

2015 թվականին Արամ Հարությունյանն ու Սիլվա Համբարձումյանն առերեսվել են, Հարությունյանը հայտնել է, որ վկային մամուլից է ճանաչում, որից հետո, ըստ Համբարձումյանի ցուցմունքի, ինքը զայրացել ու հայտնել է նաև 1 մլրդ դրամ կաշառք տալու մասին:

Վկայի խոսքով՝ կաշառքի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել բնապահպանության նախարարության շենքում՝ Արամ Հարությունյանի աշխատասենյակում: Հարցին, թե այս դեպքում ո՞վ է եղել միջնորդը, Համբարձումյանը պատասխանեց, թե միջնորդ չի եղել:

«Վերևից են զանգել` Արմեն Գևորգյանի անունից»,- ասաց Սիլվա Համբարձումյանը, ապա նշեց, որ 1 մլրդ գումարը կանխիկ է տվել, այն եկել է վերցնելու Սուրեն Ավագյանը: Ըստ վկայի՝ կաշառքի գումարի չափը բոլոր դեպքերում Արամ Հարությունյանն է ասել:

Երբ Սիլվա Համբարձումյանին հարցեր էին ուղղում 1 մլրդ դրամ կաշառքի վերաբերյալ, մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանն առարկեց՝ նշելով, որ դա դատարանում քննվող գործի հետ կապ չունի: Վիկտոր Մարտիրոսյանի պաշտպան Հունան Բաբայանը հակադարձեց՝ իր պաշտպանյալի մեղադրանքում առկա է հիշատակում 2007-ին Արամ Հարությունյանի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ, ապա հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ են խուսափում 1 մլրդ դրամ կաշառքի հարցը քննության առարկա դարձնելուց:

Ի պատասխան ամբաստանյալ Մարտիրոսյանի պաշտպանների հարցերի՝ Սիլվա Համբարձումյանը նշեց, որ Մարտիրոսյանը 2008-ի 14 մլն դոլար կաշառքի վերաբերյալ խոսակցությւոններին ներկա է եղել, իսկ 2007-ի խոսակցություններին՝ ոչ:

Նշենք, որ թեև վերը շարադրված տեքստից  ակնհայտ է դառնում, որ Սուրեն Ավագյանը տեղյակ է եղել ենթադրյալ կաշառքի մասին կամ այն մասին, որ Համբարձումյանը Արամ Հարությունյանին ինչ-որ գումար պիտի տա, ավելին, Համբարձումյանն ասում է, որ կաշառքի 6 մլն դրամ գումարը բանկում Սուրեն Ավագյանին է փոխանցվել, ի պատասխան պաշտպան Հունան Բաբայանի հարցի՝ ասաց, որ Սուրեն Ավագյանի ներկայությամբ գումարային ոչ մի խոսակցություն չի եղել իր և Արամ Հարությունյանի միջև:

Պատասխանելով Վիկտոր Մարտիրոսյանի պաշտպան Հրանտ Անանյանի հարցին այն մասին, թե ի՞նչ է ակնկալել Սիլվա Համբարձումյանը՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով,  վերջինս պատասխանեց, թե ցանկացել է, որ Արամ Հարությունյանը, որը, իր ձևակերպմամբ՝ իրեն գցել է, ամեն ինչ կորցնի:

«Ակնկալել եմ, որ պատժեն: Ինձ համար իմ պատիվն ավելի թանկ է, քան էդ համբալն ինձ գցի»,- Արամ Հարությունյանի հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցրեց Սիլվա Համբարձումյանը, իսկ երբ Հրանտ Անանյանն այս հանգամանքի վրա հրավիրեց դատարանի ուշադրությունը, պատասխանեց.

«Եթե ձեզ էլ 14 մլն գցեին, դուք ավելի վատ բան կասեիք: Նպատակս եղել է, որ ամեն ինչ կորցնի, դառնա բոմժ, ոնց որ ուրիշներին է սարքել»,- շարունակեց Սիլվա Համբարձումյանը:

Հրանտ Անանյանը հարցրեց, թե նկատի ունենալով, որ 2008-ին ընտրություններ էին լինելու, ինչո՞վ էր Համբարձումյանը վստահ, որ Արամ Հարությունյանը կարողանալու է իր խոստումն ի կատար ածել: Ի պատասխան Սիլվա Համբարձումյանը նշեց, որ եթե տղամարդը խոսք էր տվել, պետք է աներ:

«Պարոն Հարություննյանին որպես տղամա՞րդ, թե՞ որպես նախարար էիք տվել գումարը»,- հարցրեց Հրանտ Անանյանը:

«Ե՛ւ որպես տղամարդ, և՛ որպես նախարար»,- պատասխանեց Համբարձումյանը:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, և հաջորդը նշանակցեց հոկտեմբերի 24-ին:

Մեկնաբանություններ (1)

Լևոն
Սա դատական պրոցես չէ, այլ մի կինո է այն մասին, թե ինչպես են տարիներ շարունակ կոռուպցիոն ուղիներով բաշխվել հանքերի լիցենզիաները Հայաստանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter