HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տիգրան Վանյանը սահմանամերձ Չինարիում սառնարանային տնտեսություն է հիմնել. Բերդի թուզը արտահանում է Մոսկվա

Տիգրան Վանյանը սահմանամերձ Չինարիում սառնարանային տնտեսություն է հիմնել: Նա Չինարիի, Այգեձորի, Արծվաբերդի բնակիչներից մթերում է նրանց աճեցրած թուզն ու արտահանում Ռուսաստանի Դաշնություն: Մեկ կիլոգրամ թուզի դիմաց գյուղացիներին վճարում է 500 դրամ:

Տիգրանն ասում է՝ Ռուսաստանում հայկական թուզը մեծ պահանջարկ ունի: Մեկ ամսվա ընթացքում արդեն արտահանել են մոտ 50 տոննա թուզ։ Ձմռան ամիսներին կմթերեն նաև արքայանարինջ, որի մշակությամբ Չինարիում ևս զբաղվում են։

Մինչ բիզնեսի հիմնումը երկար է մտածել, սակայն որոշել է ռիսկի դիմել՝ հաշվի առնելով վերջին ամիսների համեմատաբար խաղաղ դրությունը: Տիգրանը սահմանամերձ գոտում բիզնես հիմնելը համարում է ռիսկային։ «Եթե վտանգ ես զգում, ո՞նց կարաս ինչ-որ նախաձեռնություն անես։ Պատերազմական վիճակը շատ է ազդել գյուղատնտեսության վրա։ Որովհետև ոչ մի բան չես կարողանում ձեռնարկել։ Հիմա ահագին ժամանակ է կրակոց չկա, նախաձեռնել ենք սառանարանային տնտեսությունը։ Կարող է մի հատ կրակոց լինի, ու ողջ ներդրածս գումարը կորի»,- ասում է նա։

Թեեւ Տիգրանը մեծ եկամուտներ չի ստանում, սակայն չի ընկճվում եւ դժգոհում։ Ասում է՝ բիզնեսը դեռ նոր է, բնական է, որ մեծ եկամուտներ դեռ չի ստանում, բայց շարունակելու է ներդրում անել: 

Տիգրանը ծնվել է Չինարիում: Երբեք ծննդավայրը չի լքել եւ իր համայնքում գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ է զբաղվում: Անասնապահությունը սկսել է վարկով։ Վերցված գումարով մի կով է գնել, այժմ ունի ավելի քան 20 խոշոր եղջերավոր եւ խոզ: Ասում է՝ գյուղի հիմնական արոտավայրերը գյուղից վերև են գտնվում, որտեղ կրակոցներ շատ են լինում, ու անասունների՝ գյուղ վերադարձը «50/50 է»:

«Մի հատ կրակոց կարա լինի, կամ անասուն, կամ անասնապահին վնասի»,- ասում է Տիգրանը։

Տիգրանն ընտանիքի հետ մշակում է նաև խաղողի այգիներ, ունեն ցորենի եւ գարու արտեր։

«Եղանակը տաքացել է, թուզը մեզ մոտ ավելի է լավացել։ Մեր գյուղում թուզն ու խաղողն է հիմնականը։ Մի 7-8 տարի առաջ ցրտահարվեց թզածառերը, բայց հիմա տաք է, թզի համար նպաստավոր։ Թուզը լիարժեք հասնում է։ Չինարիի 90 տոկոսը թզի մշակությամբ է սկսել զբաղվել»,- ասում է Տիգրանը։

Չինարիի բնակիչ Ռազմիկ Պետրոսյանը ևս թուզ է աճեցնում։ Միրգը ոչ միայն հանձնում է մթերման, այլև դրանից օղի է պատրաստում։ Շաբաթվա մեջ մի քանի անգամ է թուզ հանձնում Տիգրանին եւ գոհ է պայմաններից: Ասում է՝ կարիք չի ունենում թուզը տանել 30 կմ հեռու գտնվող Բերդ կամ առավել մեծ շուկա ունեցող այլ քաղաքներ։ 

Տիգրանը սառնարանային տնտեսությունը հիմնել է «Հայ օգնության ֆոնդի» ֆինանսական աջակցությամբ: Ըստ պայմանի՝ որոշ ժամանակ անց պետք է վերադարձնի կազմակերպությունից ստացած գումարը: Մնացած ներդրումը Տիգրանը կատարել է խնայած միջոցներով: 

Սառնարանային տնտեսությունում այժմ աշխատում է Չինարիի 12 բնակիչ: Տիգրանը նպատակ ունի գյուղում նաև չրի արտադրություն հիմնել:

Արտահանման եւ թզի չրի պահանջարկն ապահովելու համար Տիգրանը ցանկանում է մեծացնել այգու տարածքը եւ թզի նոր ծառեր տնկել: Սակայն այդ աշխատանքները սկսելու համար սպասում է ներդրած գումարների վերադարձին։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter