HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չեն կախվում, այլ կախում են»․ ինքնասպանությունները բանտերում

Տարեկան միջինում 4 անձ մահանում է Հայաստանի բանտերում, որը որակվում է որպես ինքնասպանություն։ Մահացածների հարազատները, սակայն, չեն հավատում ինքնասպանության վարկածին: Կարծում են, որ այդ դեպքերով պատշաճ քննություն չի կատարվում, և սպանությունները կոծկվում են ինքնասպանության քողի տակ:

2018թ. մարտի 16-ի առավոտյան Արմեն Աղաջանյանին ձերբակալել և տարել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավայր։ Արմենի մոր՝ Գայանե Աղաջանյանի պատմելով՝ քրեակատարողականի մուտքի մոտ հերթապահ մասի պետ, մայոր Արմեն Հովհաննիսյանի և կալանավոր Աղաջանյանի միջև երկխոսություն է սկսվել: Հովհաննիսյանը հարցրել է, թե ինչու կալանավոր Աղաջանյանն իրեն չի բարևում։ Արմեն Աղաջանյանը պատասխանել է, թե «բարևն Աստծունն» է։ Հերթապահ մասի ղեկավարը կալանավորին զգուշացրել է, որ նման պահվածք դրսևորելու դեպքում՝ կտեղափոխվի պատժախուց։ Կալանավոր Աղաջանյանը պատասխանել է, որ չկա մարդ, որ իրեն պատժախուց տանի, ինչին ի պատասխան՝ Արմեն Հովհաննիսյանն ասել է՝ հեսա կտեսնենք։

Այս խոսակցությունից հետո ուղեկցող ոստիկան Յուրա Աբրահամյանի և մի քանի այլ ոստիկանի ուղեկցությամբ Արմեն Աղաջանյանին տեղափոխել են խուզարկության սենյակ։ Մոր ասելով՝ հենց այդ սենյակում էլ Արմենին ծեծել են։ Գայանե Աղաջանյանի պատմելով՝ որդուն ծեծի են ենթարկել մայոր Արմեն Հովհաննիսյանը, ուղեկցող ոստիկան Յուրա Աբրահամյանը և ևս մեկ լեյտենանտ։ Կալանավորը ծեծի արդյունքում ստացել էր վնասվածքներ՝ դեմքի և սրունքների հատվածում։ 

Ստորև ներկայացնում ենք «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության տեսախցիկներից նկարահանված կադրերը, որոնցում երևում է Արմեն Աղաջանյանի մուտքը քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաև այն, թե ինչպես են ՔԿՀ մի խումբ աշխատակիցներ նրան հրավիրում չնկարահանվող սենյակ՝  խմբակային խոշտանգելու

Ծեծից հետո կալանավայրում կազմվել է արձանագրություն, թե իբր Արմեն Աղաջանյանը խուզարկության ժամանակ չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, ինչի համար կիրառվել է ձեռքի ուժ։

Արմեն Աղաջանյանը «Նուբարաշեն» ՔԿՀ էր տարվել առողջական խնդրով: Նրան կալանավորվելուց 6 ամիս առաջ կոլոռեկտալ վիրահատություն էին արել (հաստ աղու դուրս բերում)։

Արմենի մայրը՝ Գայանե Աղաջանյանը պատմեց, որ դեպքի հաջորդ օրը, երբ որդուն տարել են դատարան, որովայնին հասցված հարվածների պատճառով որդին վատացել է, շտապ օգնություն են կանչել։ Պաշտպանը և դատավորը հարցրել են Աղաջանյանին, թե ինչ է տեղի ունեցել իր հետ կալանավայրում, ինչո՞ւ է այդ վիճակում։ Արմեն Աղաջանյանը պատասխանել է, որ իրեն դաժանաբար ծեծել են։ Այդ օրն Արմենը նաև հաղորդում է տվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ։

Օրեր անց, դատական հաջորդ նիստի ժամանակ Արմեն Աղաջանյանի պաշտպան Անժելիկա Հակոբյանի միջնորդությամբ՝ Աղաջանյանին գրավի դիմաց բաց են թողել դատարանի դահլիճից։ Միևնույն ժամանակ, Հատուկ քննչական ծառայությունում քննություն էր սկսվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած ծեծի գործով։ Այդ գործի շրջանակներում Արմեն Աղաջանյանը մի քանի անգամ կանչվել է ՀՔԾ՝ բացատրություն տալու։ Առերեսման ժամանակ Աղաջանյանը ճանաչել է իրեն ծեծի ենթարկած մայոր Արմեն Հովհաննիսյանին, որին կալանավորել են՝ հիմնվելով ոչ միայն Արմեն Աղաջանյանի, այլ նաև ուղեկցող ոստիկան Յուրա Աբրահամյանի ցուցմունքների վրա։ Գործը քննում էր ՀՔԾ քննիչ Հայկ Մանանդյանը։

Նշենք, որ Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետի պաշտոնը, 2018թ մարտի 16-ին նշված քրեակատարողական հիմնարկի շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: Դրանից հետո, խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք։

Ա. Հովհաննիսյանի կալանավորումից օրեր անց, Արմեն Աղաջանյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը կրկին փոխել են կալանավորմամբ, և վերջինիս տեղափոխել են դարձյալ «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այդ ընթացքում Աղաջանյանի պաշտպան Անժելիկա Հակոբյանը միջնորդել է, որ Արմենը 21-օրյա բուժզննում անցնի կալանավորների համար նախատեսված Նուբարաշենի հոգեբուժարանում։

Արմենի մայրը՝ Գայանե Աղաջանյանը պատմեց, որ երկրորդ անգամ կալանավորվելուց հետո Արմեն Աղաջանյանը զանգահարել է իրեն և հայտնել, որ կարողացել է իր հետ հեռախոսը ներս մտցնել։ Նա նաև հայտնել է, որ զարմանալիորեն իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հոգեբուժարան է տեղափոխել իրեն ծեծած Արմեն Հովհաննիսյանի գործով քննիչ Հայկ Մանանդյանը։

Հոգեբուժարանում Արմենին այցելել են եղբայրը և փեսան՝ բժշկական պարագաներ և սնունդ փոխանցելու։ Նրանք կալանավորին տեսել են ճաղավանդակից այն կողմ և նույնիսկ հասցրել զրուցել հետը՝ համոզվելով, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է։

Այցելությունից մեկ օր անց՝ հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը՝ ժամը 3-ին, Արմենը «վայբերի» միջոցով կրկին զանգել է մորը, այնուհետև լուսանկար է ուղարկել՝ ասելով, որ հասցրել է նույնիսկ սափրվել։ 

armen aghajanyan.jpg (361 KB)
Արմեն Աղաջանյանը և նրա խուցը

«Իմ տղան շատ լավ վիճակում էր, հանգիստ։ Մեզ հետ խոսեց, բարի գիշեր մաղթեց, ու մենք քնեցինք՝ չիմանալով, որ ինչ է լինելու մեր գլխին»,- պատմում է տիկին Գայանեն։ Վերջինիս պնդմամբ՝ հոգեբուժարանում գտնվելու ընթացքում Արմենը ամեն օր՝ առավոտյան 8։30-ին, զանգել է իրեն, սակայն այդ վերջին խոսակցության հաջորդ օրը որդուց զանգ չի ստացել։ Անհանգստացել են, բայց մտածել են, որ միգուցե հարմար չի եղել զանգահարել։

Հաջորդ օրը Արմենի քույրը «Ֆեյսբուք»-ից տեղեկացել է, որ եղբայրը հունիսի 12-ին ինքնասպան է եղել հոգեբուժարանում։ 

«Պատկերացնում եք, ամսի 13-ի երեկոյան ժամը 6-ի դրությամբ մենք չենք իմացել, որ իմ տղան մահացել է։ Մենք դա իմացել ենք պատահմամբ»,- պատմում է Գայանե Աղաջանյանը։

Արմեն Աղաջանյանին գտել էին կախված՝ հոգեբուժարանի լոգասենյակում։ Նա մահից րոպեներ առաջ հեռախոսով զրուցել էր ընկերոջ հետ «Ընկերն իր ցուցմունքների մեջ և նաև ինձ պատմել է, որ խոսելու ընթացքում որդիս Նուբարաշեն քրեակատարողականի հոգեբուժարանի տեղն է բացատրել ընկերոջը, քանի որ նա պետք է այցելեր Արմենին հոգեբուժարանում։ Արմենի ընկերն ինձ պատմեց, որ երբ Արմենի հետ խոսում էր հեռախոսով, նա մենակ էր սենյակում։ Հեռախոսազրույցի ընթացքում հանկարծ ուժեղ աղմուկ է լսել, հետո աղմուկը վերածվել է աղմուկ-աղաղակի, և Արմենի հեռախոսն անջատվել է։ Դրանից 20 րոպե հետո Արմենին գտել են մահացած՝ լոգարանում կախված»,- պատմում է Արմենի մայրը։

Արմեն Աղաջանյանին գտել են հոգեբուժարանի լոգարանի կոյուղու խողովակից կես սավանով կախված։ Այդ խողովակը, սակայն, մոր ասելով՝ ավելի ցածր է, քան Արմենի հասակը։ Բացի այդ՝ տղայի պարանոցին և դեմքին առկա են եղել բռնության հետքեր։ 

photo2․1.jpg (188 KB)

«Չեն կախվում, այլ կախում են։ Արմենին խեղդել են։ Մարդ է մտել Արմենի սենյակ, որը դուռը բացել է։ Միջադեպը եղել է սենյակում, որտեղից նրան քաշելով տեղափոխել են լոգարան։ Սա պատվիրված սպանություն էր, որ Արմենը չկարողանար ճանաչել իրեն մյուս ծեծողներին։ Ոչ մեկին պետք չէր Արմենի մահը՝ իրենցից բացի»,- ասում է Արմենի մայրը։

Նշենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արմենին ծեծի ենթարկելու գործով դատաքննությունը դեռ շարունակվում է: Գործը դատարան է ուղարկվել դեռևս 2018թ. հուլիսի 23-ին: Արմեն Աղաջանյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ, որը դեռ նախաքննության փուլում է։ Մայրը՝ Գայանե Աղաջանյանը, պնդում է, որ քննչական մարմինները փորձում են կասեցնել գործը, բայց ինքը պայքարելու է մինչև դեպքի իրական հանգամանքների և մեղավորների բացահայտումը։

Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ սա խոշտանգման հոդվածով առաջին քրեական գործն է, երբ մեղադրյալը կալանքի տակ է գտնվում: Բացի այդ, փաստաբանի խոսքերով՝ եթե դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի, կլինի առաջին գործը, երբ խոշտանգման համար քրեական պատասխանատվության են ենթարկվում:

Արա Ղարագյոզյանը հավելեց, որ իրենց կարծիքով Արմենին ինքնասպանության հասցնելու կամ ինքնասպանության փաստով վարույթն իրականացնող մարմինն արդյունավետ քննություն չի իրականացնում:

«Մենք բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացրել, բազմաթիվ փաստեր կան, որոնք չի բացահայտվել: Նույն վնասվածքները, երեսին առկա քերծվածքները, սակայն որևէ պատասխան չունենք այդ մասով: Քանի որ վստահություն չունենք որ Էրեբունու քննչական բաժնում օբյեկտիվ քննություն կիրականացվի, երկու անգամ գլխավոր դատախազություն միջնորդություն եմ ներկայացրել՝ գործը հատուկ քննչական ծառայություն տեղափոխելու համար: Մեկ անգամ մերժում եմ ստացել, երկրորդ անգամ պատասխանել են, թե փորձաքննության փուլում է, երբ գործը հետ գա քննիչին, միջնորդությունը կքննարկվի»,-ասում է Ա. Ղարագյոզյանը:

Փաստաբանը նշեց նաև, որ օբյեկտիվ քննություն չի կատարվում: Մասնավորապես, Արմեն Աղաջանյանի իբր ինքնասպանության վայրում հայտնաբերվել է վերջինիս չպատկանող երրորդ անձի վերնաշապիկ, որը չի առգրավվել վարույթն իրականացնող մարմնի կողմից: Ա. Ղարագյոզյանը գտնում է, որ դրանով ապացույց թաքցնելու կամ կորցնելու խնդիր է առաջանում: Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև այն, որ հարազատները Արմենի մահվան մասին իմացել են դեպքից 36 ժամ անց, որը ոչ մի կերպ չի պատճառաբանվել: Նույնիսկ դիահերձմանը հարազատները ներկա չեն գտնվել: Դիահերձման ժամանակ կատարված լուսանկարներով Արմենի դեմքի վրա վնասվածքներ չեն երևում, մինչդեռ մայրը դրանք նկատել է արդեն հուղարկավորության ժամանակ:

aghajanyan4.jpg (190 KB)

«Արդեն կասկած է առաջանում, որ դեմքը հարդարել նոր են լուսանկարել դիահերձման ժամանակ, որպեսզի այդ վնասվածքները չերևան: Եթե մայրը որդու դիակին ձեռք չտար, գուցե այդ ապացույցն էլ ի հայտ չգար: Բոլոր հնարավոր միջոցները տանում են նրան, որ գործը փակուղի մտնի, սակայն, աշխատում ենք այդ ուղղությամբ: Գուցե չսպառելով ներպետական ատյանները, քանի որ մեր բոլոր միջնորդությունները մերժվում են, դիմենք Եվրոպական դատարան»,-հավելում է փաստաբան Ղարագյոզյանը:

Ինքնասպանության դեպքերի 98 տոկոսը տեղի են ունեցել կախվելու միջոցով

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից «Հետք»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ վերջին 10 տարիներին՝ 2008-2018 թթ. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանություն է գործել 40 անձ, որից 30-ը դատապարտյալ, իսկ 10-ը՝ կալանավոր։ Բացի 2 դեպքից՝ մնացած բոլոր դեպքերում մահացած անձանց գտել են կախված վիճակում։ 

suicids_in_prison.png (1.67 MB)

Ինքնասպանության վարկածով մահացածները հիմնականում սպանության կամ այլ երկարատև կալանք պահանջող հոդվածներով ազատազրկվածներն են։ Դեպքերի մեծ մասը, սակայն, գրանցվել է կալանքի առաջին տարվա ընթացքում։ Այսինքն՝ բանտում գտնվելու առաջին տարվա ընթացքում չհարմարվելը կարող է ճակատագրական լինել ազատազրկվածի համար։ Վերջին 10 տարիներին ինքնասպանություն գործածները դատապարտվել էին սպանության, ավազակության, գողության և կողոպուտի, թմրամիջոցների շրջանառության կամ իրացման, բռնաբարության, զինվորական ծառայությունից խուսափելու և խարդախության համար։ 

Նորեկ կալանավորներն ու դատապարտյալներն ավելի շատ են ինքնասպան լինում

Կալանքի կամ պատժի կրման առաջին 3 տարում գտնվող կալանավորների և դատապարտյալների շրջանում զգալիորեն ավելի շատ ինքնասպանության դեպքեր են գրանցվում, քան դրանից ավելի բանտում գտնվողների շրջանում։ Ինքնասպանություն գործածների 64 տոկոսը գտնվել է պատժի կրման առաջին 3 տարվա շեմում, իսկ 36 տոկոսը՝ 3 և ավելի տարի գտնվել է բանտում։

Նախորդ 10 տարիների ընթացքում գրանցված 40 ինքնասպանության դեպքերի 30 տոկոսը (12 դեպք) կատարվել է այդ անձանց՝ բանտում գտնվելու առաջին կես տարվա ընթացքում։ Ավելին՝ ինքնասպանությունների ընդհանուր թվի 23 տոկոսը (9 դեպք) կատարվել է անձանց՝ բանտում գտնվելու առաջին ամսվա ընթացքում։

Ինքնասպանություն գործած անձանց շրջանում ավելի շատ են երիտասարդ և միջին տարիքի անձինք։ Բանտերում ինքնասպանության դեպքերը տեղի են ունենում հիմնականում գիշերային և վաղ առավոտյան ժամերին։ Վերջին 10 տարիների կտրվածքով՝ դեպքերի 25 տոկոսը գրանցվել են առավոտյան 6-ից 9-ն ընկած հատվածում։

being in prison ready.png (95 KB)


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն առաջատար է՝ կալանավորների և դատապարտյալների ինքնասպանության դեպքերով (12 դեպք), որին հաջորդում են «Դատապարտյալների հիվանդանոց» (6) և «Կոշ» (6) քրեակատարողական հիմնարկները:

«Նուբարաշեն» և «Կոշ» ՔԿՀ-ներում գրեթե ամեն տարի ինքնասպանության դեպքեր գրանցվել են։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գրանցված ինքնասպանության 6 դեպքերից 3-ը տեղի են ունեցել 2016թ-ին։ «Արմավիր» ՔԿՀ-ն նոր հիմնարկ է, շահագործվել է 2014թ.-ին: Այստեղ 2015-2018 թթ-ին գրանցվել է միանգամից 5 ինքնասպանության դեպք։

Նշենք, որ չնայած ինքնասպանությունների դեպքերի մեծ մասը գրանցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, սակայն այստեղ 2019թ-ի հունվարի 9-ի դրությամբ այս հիմնարկում է պահվում Հայաստանում ազատազրկված անձանց 17 տոկոսը։ Ամենաշատ դատապարտյալներն ու կալանավորները պահվում են «Արմավիր» ՔԿՀ-ում։ 

institution ready.png (149 KB)
2008-2018թթ. ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության դեպքերի վերաբերյալ կատարված իրավական գործընթացների մասին փորձել ենք պարզաբանումներ ստանալ Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես, հետաքրքրվել ենք, թե քանի դեպքով է նյութեր նախապատրաստվել, քանի դեպքով է քրեական գործ հարուցվել և եթե կան դատապարտված կամ մեղադրվող անձինք, ովքեր են նրանք: Խնդրել ենք տրամադրել տեղեկություններ նաև այդ գործերի վերաբերյալ:

Գլխավոր դատախազությունից մեզ պատասխանել են, որ դատախազությունում առերևույթ կատարված հանցագործության դեպքերի հաշվառում չի իրականացվում: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2008-2018թթ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց ինքնասպանությունների դեպքերի վերաբերյալ Ձեր հարցումն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քննարկմանը»,- պատասխանել են դատախազությունից:

age ready.png (162 KB)

Սոցիալ-հոգեբանական որակյալ աջակցության բացակայություն՝ ՔԿՀ-ներում

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ՔԿՀ-ներում ինքնասպանությունների պատճառները տարբեր են: Սակայն, առանձնացնում է սոցիալ-հոգեբանական որակյալ աջակցության բացակայությունը՝ որպես հիմնական պատճառներից մեկը:

«Անձը մտնում է փակ հաստատություն, լրիվ նոր աշխարհ, նոր միջավայր ու բարքեր, տանելով իր հետ իր անձնական խնդիրներն ու հանցանքից հետո ձևավորված հոգեբանական վիճակը: Սրան գումարվում է նաև ՔԿՀ-ի ներքին հարաբերություններից ու միջավայրից բխող խնդիրները, որոնք անձին դնում են ծանր վիճակում, ու քանի որ հենց առաջին օրվանից հոգեբանական աշխատանք չի տարվում, վեր չեն հանվում այն խնդիրները, ռիսկերն ու կարիքները, որոնցով անձը մտել է ՔԿՀ, ունենում ենք ինքնավնասումների ու ինքնասպանությունների դեպքեր»,- ասում է Հասմիկ Հարությունյանը:

Դիտորդական խմբի ղեկավարի կարծիքով՝ նույնիսկ երկարաժամկետ պատժի կրման դեպքում այս խնդրին հանդիպում ենք, որովհետև անձի քրեածին ռիսկերն ու կարիքները չեն բացահայտվում ու չեն գնահատվում: Մինչդեռ եթե ժամանակին անհրաժեշտ օգնություն ցուցաբերվի, որոշ բացասական դրսևորումներ կկանխվեն:

time_ready.png (78 KB)

Հասմիկ Հարությունյանը չի բացառում նաև, որ պատշաճ քննության բացակայության պայմաններում հնարավոր է սպանությունները որակվեն ինքնասպանություն:

Բացի այդ, Հասմիկ Հարությունյանը կարծում է, որ ինքնասպանությունների դեպքերով պատշաճ քննություն չի իրականացվում, որպեսզի բացահայտվեն դրան նախորդած հանգամանքները և պատճառները: Ըստ նրա՝ գուցե պարզվի, որ առկա է ՔԿՀ աշխատակազմի անգործությունը կամ ուշացած օգնություն, ու եթե մեկ-երկու նման դեպքերում համապատասխան անձինք պատասխանատվության ենթարկվեն, միգուցե, ինքնասպանությունների թիվը նվազի:

«Մեկ ուրիշ խնդիր է առկա՝ հոգեբանների հաստիքները, թե ովքեր են դրանք համալրում: Առանց միտում ունենալու որևէ մեկի աշխատանքը նսեմացնելու կամ վիրավորելու, այնուհանդերձ պետք է նշեմ, որ ՔԿՀ-ներում հոգեբանների կարողությունների զարգացման կարիք կա, հաստիքները համալրելու ու թիվը մեծացնելու խիստ անհրաժեշտություն է զգացվում»,- հավելում է Հարությունյանը:

Մեկնաբանություններ (1)

Մետաքսյա Բարսեղյան
Հորս լռեցրել են։ Ո՞վ է սպանել հորս և դին կախախան արել ... Շատ կասծաելի է Սևանի իշխանության և օրենսդիր մարմինների (ոստիկան, քննիչ դտախազ՝ մեռած և կենդանի, դատավոր ...) անգործությունը և լռությունը.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter