HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լիլիթ Մակունցի համոզմամբ՝ Հրայր Թովմասյանին վերաբերող որոշման նախագիծը կլինի ստուգատես խորհրդարանի և ՍԴ-ի համար

Սահմանադրական դատարանը չի վայելում Հայաստանի քաղաքացիների վստահությունը։

Այս մասին իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ԱԺ որոշման նախագծին։

«Այդ անվստահությունը պայմանավորված է տարիներ շարունակ ակնհայտ կեղծված ընտրությունների լեգիտիմացմամբ, անհասկանալի տարընթերցումների տեղիք տվող վճիռների կայացմամբ, որոնք օրվա իշխանություններին հնարավորություն են տվել դրանք մեկնաբանել յուրովի»,- ասաց Լիլիթ Մակունցը։

Լիլիթ Մակունցի համոզմամբ՝ Սահմանադրական դատարանը պետք է լինի այն մարմինը, որի որոշումները ոչ թե «պիտի լինեն փրկօղակ օրինազանցությունները քողարկելու, այլ՝ օրինականության երկաթե ամրագրում»։

«Այն պիտի լինի անաչառության այն փարոսը, որին հարցը հասնելու դեպքում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի համոզված լինի, որ իր որոշումներն անվիճելի են և, բացի իրավական հիմքերից, որևէ այլ հանգամանքով պայմանավորված չեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՍԴ-ն պետք է լինի ապաքաղաքական մարմին, որի որևէ դատավոր որևէ ժամանակի իշխանությունից կաշկանդված չէ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով՝ բարձր դատարանի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար թե՛ խորհրդարանը, թե՛ ՍԴ-ն իրենց լիազորությունների շրջանակում անհապաղ քայլեր պետք է ձեռնարկեն, ինչին էլ ուղղված է այս նախագիծը։

«Այն պետք է լինի երկուստեք առանցքային ստուգատես թե՛ դրա իրականացման քաղաքական  կամքի դրսևորման առումով՝ խորհրդարանի կողմից, թե՛ ՍԴ-ի կողմից օրենքի և օրինականության  գերակայությունը պաշտպանելու պատրաստակամության տեսանկյունից»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ՍԴ դատավորները կվերացարկվեն նրանից, թե այս որոշումն ում է վերաբերում և վճիռ կայացնելիս կհիմնվեն միայն իրավական հիմնավորումների վրա։

Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ԱԺ որոշման նախագիծը։

 

Լուսանկարը՝ Լիլիթ Մակունցի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter