ՏՄՊՊՀ նախագահը՝ բենզինի, շաքարավազի, կոնյակի շուկայում ուսումնասիրությունների մասին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արդեն երեք ամիս է՝ ուսումնասիրություններ է իրականացնում բենզինի, դիզվառելիքի, ավիավառելիքի շուկայում: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք վերջին շրջանում Հայաստանում բենզինի գնի իջեցման պատճառը միջազգային շուկայում գնի իջեցո՞ւմն է, Գևորգյանը նշեց, որ դա կարող է լինել գնի իջեցման վրա ազդող գործոն, բայց Հայաստանի համար բենզինի հիմնական աղբյուրը Ռուսաստանն է:
«ՌԴ-ից որոշակի ծավալի ներկումները հայ-ռուսական համաձայնագրով ազատված են մաքսատուրքերից։ Հայաստանի քվոտավորված բենզինի տարեկան ծավալը կազմում է 150 000 տոննա և բաշխվում է ՀՀ երեք խոշոր ներկրողների միջև»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
«Բենզինը, փաստացի, ձեռք ենք բերում մեկ աղբյուրից, եթե սկսենք ներկրել տարբեր երկրներից՝ Իրանից, Եվրոպայից, Ռուսաստանից, մենք գների տարբերակում կունենանք։ Հիմա դրա վրա ենք աշխատում»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Վերջինս, անդրադառնալով շուկայում շաքարավազի գնի իջեցման հարցին՝ ասաց, որ շաքարավազի գնի իջեցումը դեմպինգի արդյունքում չի եղել, և նշեց, որ այս շուկայում հայտնվել են նոր ներմուծող ընկերություններ:
Անդրադառնալով կոնյակի շուկային՝ Գևորգյանն ասաց, որ այստեղ խոսքը կարող է լինել անպարկեշտ մրցակցության դրսևորումների մասին:
«Ստուգումներ ենք իրականացնելու, որպեսզի փաստացի ձեռք բերված խաղողի և մթերման ծավալների թվերը համեմատվեն»,- ասաց Գևորգյանը:
Վերջինս նշեց, որ պատրաստվում են ստուգումներ անցկացնել նաև Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների, բրենդային հագուստների շուկայում, որպեսզի բրենդի անունից կեղծ ապրանք չներկրվի:
«Բոլորդ էլ գիտեք, որ մեր շուկայում կան հագուստներ, որոնք իրականում տվյալ բրենդին չեն պատկանում»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել