HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչ ողջամիտ որոշում, որը պարալիզացնում է դեղերի պետական գնումները 

Արդեն մեկ ամիս է՝ ուժի մեջ է մտել Կառավարության որոշումը՝ սահմանելու պետական միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի նոր չափորոշիչները: Ըստ այդ որոշման՝ պետական միջոցների հաշվին դեղերը մատակարարելիս պարտադիր պետք է ներկայացվի Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի փորձագիտական կենտրոն»-ի կողմից իրականացված լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ եզրակացություն:

Պետության կարիքների համար կենտրոնացված կարգով դեղեր ձեռք են բերում Առողջապահության նախարարությունը, ՊՆ-ն, ԱԻՆ-ը, ԱԱԾ-ն, ինչպես նաև պետական բժշկական կենտրոնները  (հիվանդանոցներ), պոլիկլինիկաները և ամբուլատորիաները (գյուղերում): Միասին՝ մոտ 10-12 միլիոն դոլարի չափով:

Կառավարությունը նշված պետական ընկերության լաբորատոր փորձաքննությունների մեկ անուն դեղի վճարը սահմանել է 48 000-84 000 դրամ՝ նույն դեղի յուրաքանչյուր սերիայի (արտադրական խմբաքանակի) համար՝ կախված դեղի բաղադրակազմից: Ի դեպ, մինչ այս որոշումը՝ փորձաքննության վճարը 16 600 դրամ էր՝ բոլոր անվանումների համար՝ անկախ բաղադրակազմից: Ընդ որում, դեղերի ներմուծման ժամանակ փորձաքննություն անցկացնելիս Դեղգործակալությունը ջանում էր հնարավորինս շատ անվանում դեղեր փորձաքննել, քանի որ բավականին շահութաբեր գործ էր:

Պոլիկլինիկաների ձեռքբերման ծավալները կազմում են՝ կախված սպասարկման ծավալից, տարեկան 5-15 միլիոն դրամ՝ յուրաքանչյուրինը: Ձեռք բերվող դեղերի անվանումների քանակը՝ 150-200: Այսինքն՝ լաբորատոր փորձաքննությունների վրա ծախսվելու է միջինը 9-12 միլիոն դրամ: Խոսքը փորձաքննության ենթարկված մեկ սերիայի դեղի մասին է: Եթե մատակարարվի նույն դեղի ա՜յլ սերիա, փորձաքննության գումարը կրկնապատկվում է: Այսինքն՝ լաբորատոր փորձաքննության համար ծախսվելու է ավելի շատ գումար, քան պոլիկլինիկայի համար բյուջեով նախատեսված դեղորայքի տարեկան ամբողջ ծավալի համար:

Բժշկական կենտրոններինը՝ կախված հիվանդանոցի հզորությունից, 30-100 միլիոն դրամ, ձեռք բերվող անվանումների քանակը՝ 200-400: Այսինքն՝ լաբորատոր փորձաքննությունների վրա ծախսվելու է միջինը 12-24 միլիոն դրամ: Այս դեպքում ևս խոսքը մեկ սերիայի մասին է:

ԱԱԾ-ի, ՊՆ-ի, ԱԻՆ-ի ձեռք բերման ծավալները համարժեք են մեկ բժշկական կենտրոնի ծավալներին:

Ամբուլատորիաներինը՝ միջինը՝ 1-2 միլիոն դրամ, ձեռք բերվող անվանումների քանակը՝ 118-140: Այս դեպքում, փորձաքննության ծախսը թռնում է երկինք՝  7-10 միլիոն դրամ:

Պետական հիմնարկներին դեղ մատակարարողը պետք է այդ փորձաքննության ծախսերը ներառի մատակարարվող դեղի ինքնարժեքի մեջ, և եթե այս որոշման հեղինակների պատկերացրածով այս նախաձեռնությունը սահուն իրականացվի, կստացվի, որ պետությունը առնվազն նույն չափ գումար, որքան պահանջվելու էր առանց փորձաքննության այս նեոավանգարդիստական պահանջի, պետք է նախատեսի լաբորատոր փորձաքննությունների համար:

Փորձաքննության այս նոր նախաձեռնությունը վերաբերում է ոչ միայն ներմուծվող դեղերին, այլև ՀՀ-ում արտադրվածներին: Թե՜ ներմուծվող, թե՜ ՀՀ-ում արտադրվող դեղերը պետք է գրանցված լինեն ՀՀ-ում՝ պետության կարիքների համար մատակարարելու համար: Գրանցման համար պարտադիր պայման է. որ դեղերը համապատասխանեն պատշաճ արտադրական գործունեության ( GMP) պայմաններին և շրջանառություն մտնելուց առաջ դեղերը պարտադիր լաբորատոր մանրակրկիտ փորձաքննություն են անցնում արտադրողի կողմից:

Դեղերի փոխադրման, պահպանման պահանջներն էլ պատշաճ վերահսկվում են: Այսինքն՝ բավարարում են պետության կողմից սահմանված բոլոր պահանջներին: Հետևաբար, այս փորձաքննությունների պահանջը նույնքան անմիտ է, որքան վնասակար: Ո՞րն է տրամաբանությունը՝ ՀՀ-ում սպառվող դեղերի 10 %-ը լաբորատոր փորձաքննություն անցնի, եթե դա անվտանգությանը միտված գործիք է, իսկ մնացած 90 %-ը, որ սպառվում է դեղատներում, ո՜չ:

Շահագրգիռ կողմերին՝ պետությանը և մատակարարներին, փաստի առաջ կանգնեցնելու փոխարեն՝ նախաձեռնության հեղինակները նախապես պետք է նախագծի փորձաքննություն անցկացնեին, լսեին մրցույթներին մշտապես մասնակցող մատակարարների տեսակետը:

Այս ամսվա վերջից սկսվելու են հաջորդ տարվա՝ պետության կարիքների համար մատակարարման մրցույթները, և եթե այս նախաձեռնությունը անհապաղ չչեղարկվի, նման պայմաններով մրցույթներին մասնակցությունը կդառնա ոչ ողջամիտ, կպարալիզացվի պետության կարիքների համար դեղերի ձեռք բերումը:

Վահե Վարսանյան, «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր

Մեկնաբանություններ (1)

Բալասանյան Սմբատ Կարապետի, <<Խաչպար>> ՍՊԸ-ի տնօրեն
Վահե Վարսանյանը միանգամայն ճիշտ է բնութագրել և ներկայացրել իրավիճակը: Մեր կառավարության ինչպես այս, այնպես էլ որոշ այլ որոշումներին ծանոթանալիս համոզվում ես, որ մեր՝ հարկատուներիս, կողմից վճարած հարկերից աշխատավարձ ստացող պետական պաշտոնյանները այնքան համոզված են իրենց <<անսխալականության և իմաստնության>> վրա, որ փակվում են իրենց միջնաբերդ-առանձնասենյակներում և տարաբնույթ որոշումներ մոգոնում, որոնց վնասակարությունը բացահայտվում է միառժամանակ հետո, սակայն դրանց համար արդեն իրենք չեն լինելու պատասխան տվողները: Մեր չինովնիկների հիշողությունը թարմացնելու համար առաջարկում եմ վերհիշել 2000թ. դեղերի վրա ԱԱՀ կիրառելու տխրահռչակ որոշումը, որը իրենց իրավանախորդները ինչ ամպագոռգոռ որակումներով էին բացատրում և հիմնավորում, սակայն կյանքը ցույց տվեց և ապացուցեց, որ դրանք բոլորը փուչ խոսքեր էին, իսկ հետևանքները շատ թանկ արժեցան մեր ժողովրդի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter