HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովի նախագահն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը։

Ողջունելով կոնգրեսականին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ հերթական անգամ Հայաստան եւ Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ երախտագիտությամբ է վերաբերում Միացյալ Նահանգներում Փալոունի կողմից գործադրվող ջանքերին՝ արդարացի դիրքորոշում պահպանելու համար՝ ընդգծելով, որ այս տարիների ընթացքում հայանպաստ դիրքորոշումները ամրապնդելու առումով կոնգրեսականի ջանքերն անգնահատելի են: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հավատարիմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին եւ խաղաղ բանակցություններին այլընտրանք չեն տեսնում: Նա կարեւոր է համարել, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ընթացող ժողովրդավարական փոփոխություններն աջակցություն են գտնում Միացյալ Նահանգներում եւ այս համատեքստում են դիտարկվում Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մասին քննարկումները Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում:

Ֆրենկ Փալոունը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին՝ հրավերի համար եւ անդրադարձել այս օրերին ունեցած իր քննարկումներին, որոնք թույլ են տվել ամբողջական կարծիք կազմել հայ-ամերիկյան օրակարգում առկա առաջնահերթությունների մասին:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում տեղի ունեցող ոլորտային բարեփոխումների եւ Միացյալ Նահանգների կողմից դրանց կյանքի կոչմանն ուղղված քայլերի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter