
Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը կալանքի տակ կմնա
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, այսօր մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանի կալանքի դեմ բողոքը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: Այսպիսով, Խաչատրյանը կշարունակի կալանքի տակ մնալ:
Նշենք, որ Խաչատրյանին երկու ամիս ժամկետով կալանավորելու որոշման դեմ բողոքի գործով հերթական դատական նիստը նշանակված էր այսօր առավոտյան: Բողոքի քննությունն ավարտելով` դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, ապա հրապարակել որոշումը:
Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը նրան ձերբակալել է օգոստոսի 27-ին: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Խաչատրյանի հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Օրեր առաջ Վերաքննիչ դատարանը քննել է նաև Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ բողոքն ու օրինական համարել նրան կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը:
Քրեական գործն առնչվում է Գագիկ Խաչատրյանի՝ որպես ՊԵԿ նախագահ պաշտոնավարման շրջանում 210 մլն դրամ գումար վատնելուն:
Լուսանկարում՝ ձախից Կարեն Խաչատրյանը, դատավոր Անդրանիկ Մնացականյանը
Մեկնաբանել