HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դոցենտ Շահեն Խաչատրյան. «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտներում ուրանի և թորիումի հանքագոյացման հարցի շուրջ»

Հայկական բնապահպանական ճակատը հրապարակել է երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Շահեն Խաչատրյանի հոդվածն Ամուլսար լեռան տարածքում ուրանի և թորիումի առկայության վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողին:

«Հայաստանի տարածքում ռադիոակտիվ տարրերի որոնողահետախուզական աշխատանքներն իրականացվել են ՀԽՍՀ Մինիստրների Սովետի երկրաբանական վարչության և ԽՍՀՄ МИНГЕО – ի երկու մասնագիտացված՝ «Գրոմովյան» (1948 թ-ից) և «Կոլցովյան» (1965 - 1975 թթ) արշավախմբերի կողմից: Հետզոտություներն ու դրանց արդյունքները հույժ գաղտնի են եղել. բոլոր երկրաբանական առաջնային փաստագրական նյութերը տեղափոխվել են և պահվել են Հյուսիսային Կովկասի Կենտրոնական արշավախմբի երկրաբանական արխիվում (ք. Էսենտուկի): ՀՀ երկրաբանական արխիվներում կարելի է գտնել եզակի հաշվետություններ: Դրանցից մեկում ամփոփված են ՀՀ Վայոց Ձորի մարզի Ամուլսարի շրջանում 1952-54 թթ. ընթացքում «Գրոմովյան» արշավախմբի կողմից իրականացված որոնողահետախուզական աշխատանքների արդյունքները, որտեղ ցավոք սրտի լեռնային փորվածքների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում (Саруханян, 1955):

ՀՀ տարածքի նկատմամբ հետաքրքրությունը մարեց և աշխատանքները դադարեցին այն բանից հետո, երբ Միջին Ասիայում և Ռուսաստանում հայտնաբերվեցին ուրանի մեծ պաշարներ:

Խորհրդային կարգերի փլուզումից հետո ՀՀ տարածքում ռադիոակտիվ տարրերի որոնման և հետախուզման հարցը կրկին օրականգ եկավ: Դա պայմանավորված էր նրանով, որ ռուսական միջուկային ծրագրերը շարունակվում էին գործել սակայն ուրանի պաշարներով հարուստ հանրապետությունները ռուսաստանից անկախացել էին: Միևնույն ժամանակ ՀՀ կառավարությունը ուղիներ էր փնտրում երկիրն ապահովել անկախ էներգետիկ հումքով: Այս դեպքում Ռուսաստանի և ՀՀ շահերը համընկնում են և 2007 թ. - ին ՀՀ և Ռուսատանի կառավարությունների  միջև կնքվում է համաձայագիր ՀՀ տարածքում ռադոակտիվ տարրերի համատեղ որոնման, հետախուզման, արդյունահանման և վերամշակման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

2008 թ. - ին ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու «Росатом» -ի դուստր ձեռնարկության՝ «Атомредметзолото» Ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովը վավերացրեցին համագործակցության պայմանագիր և դրա շրջանակներում ստեղծվեց հայ-ռուսական լեռնահանքային ձեռնարկություն:

Աշխատանքների մեկնարկը տրվեց 2008 թ. -ին: ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի հանքային դաշտի Լեռնաձորի ռադիոակտիվ տարրերի երևակման տեղամասում սկսվեցին ուրանի որոնողահետախուզական աշխատանքներ, որոնք սակայն երկար չտևեցին: Բնապահպանների և տեղի բնակիչների բողոքների ճնշման տակ աշխատանքները դադարեցին:

Թեև ծրագիրն ամբողջությամբ հնարավոր չեղավ իրականացնել այդուհանդերձ ի շնորհիվ ակադեմիկոս Ս.Վ.Գրիգորյանի, ով այդ ձեռնարկության գիտական խորհրդատուն էր, Լեռնաձոր գյուղի շրջանում առաջին անգամ հայտնաբերվեցին ուրանաբեր կույր հանքային մարմիններ: Հետազոտության արդյուքների մի մասն ամփոփված է ԵՊՀ նախկին ասպիրանտ Լ. Հարությունյանի թեկնածուական ատենախոսությունում:

ՀՀ –ում ռադիոակտիվ տարրերի տեղաբաշխման, ծագումնաբանական տիպերի, հանքաքարի նութական կազմի և տեսակների վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ ենք կան վաստակաշատ երկրաբան՝ երկրաբ. գիտ., դոկտոր, Պ. Ալոյանի և նրա որդի «Լիդիան արմենիա» Ընկերության գործադիր տնօրեն Հ.Ալոյանի հրատարակված հոդվածներում և մենագրություններում (Алоян П.Г., Алоян Г. П. 2006, 2008,  Алоян П.Г. 2007, 2009).

1952-54 թթ. ընթացքում «Գրոմովյան» արշավախմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ի թիվս ՀՀ տարածքում առանձնացված անոմալ տեղամասերի, ՀՀ Վայոց ձորի մարզի Արփա և Որոտան գետերի վերին հոսանքների շրջանում եզրագծվել է բարձր ռադիոակտիվությամբ օժտված 255 կմ2 մակարես, որն հայտնի է Ջերմուկի պսակ անվամբ (Алоян П.Г., Алоян Г. П. , 2008):

Ջերմուկի պսակն ընդգրկում է Ջերմուկ քաղաքի շրջանը, Զիրակ գյուղը,  Որոտան գետի վերին հոսանքները, նրա ձախափնյա, մասամբ նաև աջափնյա լանջերով հասնում է մինչև Գորհայք գյուղի շրջանը: Այս մակերեսի վրա ռադիոչափական տվյալների հիման վրա առանձնացվել են՝  Ամուլսարի, Զիրակի և Ջերմուկի անոմալ դաշտերը (Саруханян, 1955):

Հիշյալ տեղամասերից ամենահեռանկարայինը համարվել է Ամուլսարի երևակումը, որը գտնվում է Կեչուտ գյուղից 4,5-5կմ հարավ-արևելք, Ամուլսարի գաղաթից 5.0 – 5.5 կմ հյուսիս - արևմուտք: Զբացեցնում է շուրջ 3 հա մակերես և տեղադրված է 2300- 2500 հիպսոմետրիկ մակարդակներում:

Հանքայանցման տիպը, տեղայնացման օրինաչափություներն ու հանքային մարմինների ձևաբանությունն ուսումնասիրվել են հորատանցքերով, մակերեսային և ստորգետնյա լեռնային փորվածքներով: Երկու հորիզոններով անց են կացվել 4 բովանցքներ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր ճառագայթման ֆոնը պայմանավորված է ուրան, թորիում և ռադիումի առկայությամբ:

Պ.Ալոյանի և Հ.Ալոյանի ուսումնասիրությունները կարևոր են նրանով, որ նրանք ուրանի և թորիումի հանքայնացումը հայտնաբերել են նաև Ամուլսարի երկրորդային քվարցիտներում, որտեղ դրանք  ոսկու և արծաթի  հետ առաջացնում են ոսկի - արծաթ – ուրան – թորիումային ասոցիացիա և պատկանում են հանքավայրերի էպիթերմալ ջրաջերմային (հիդրոթերմալային) ծագումաբանական տիպին, ինչպիսին համարվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը (Алоян П., Алоян Г., 2008 ): Ստացվում է, որ Ամուլսարի քվարցիտները ոչ միայն ոսկեբեր են այլև ուրան և թորիում են պարունակում:

Ուրանն ու թորիումը ապարներում գտնվում են սեփական միներալների տեսքով: Հանքայնացումը ցանի ու երակիկների տեսքով անհավասարաչափ բաշխված է  հիդրոթերմալային փոփոխված պորֆիրանման գրանիտնեում և երկրորդային քվարցիտներում: Դրանց բաշխվածության որևէ օրինաչափություն առ այսօր բացահայտված չէ:

Օքսիդացման գոտում ուրանի և թորիումի առաջնային միներալների մեծ մասը անկայուն է, ուրանն անցնում է լուծույթի մեջ և ապա վերանստում է ֆոսֆորի, մկնդեղի և վանադիումի օրթոթթուների ներկայությամբ առաջացնելով կանաչ, դեղին գույներով վառ գունավորված (վառ դեղին, նարնջի և կանաչ) ուրանային փայլարիկներ (օտենիտ, թորնբեռնիտ, մետաթոռնբերնիտ, Մաղաքյան, 1958):

Միներալաբանական հետազոտություններով բացահայտվել է, որ Ամուլսարում ուրանը գտնվում է հիմնականում երկրորդային միացությունների տեսքով: Մինչև այժմ հայտնաբերվել են օտենիտ՝ Ca(UO2)2(PO4)2· 6H2O, թորնբերնիտ՝ Cu[UO2]2(PO4)2 ·12H2O, մետաթոռնբերնիտ՝ Cu(UO2)2(PO4)2 ·8H2O, ուրանինիտ՝ (K(Th, TR, UO2)  · mPbO) և նաստուրանի տեսակներ՝ նաստուրան - 1 (UO2,16 - UO2,33), նաստուրան - 2 (UO2.33 - UO 2.62), նաստուրան – 3 (UO2.70 - UO2.92): Ուրանինիտն ու նաստուրանը հայտնաբերվել են Պ.Ալոյանի և Հ.Ալոյանի կողմից Ամուլսարի երկրորդային քվարցիտների նմուշներում (Алоян П., Алоян Г., 2008):

Թորիումի երկրորդային միներալը որոշված չէ: Դա քսուկների տեսքով հաճախ հանդիպում է օքսիդացված պիրիտի և լիմոնիտի հետ. ունի գորշ, գորշից սև գունավորումներ: Հանդիպում է ապարների կոտրատման ճեղքերում, ներծծված է ճեղքերում ինտենսիվ կոտրատված հողանման նյութի վերածված զանգվածի մեջ:

Մակերեսային և մերձմակերեսային պայմաններում ավելի շատ տարածված են օտենիտն ու մետաթորնբերնիտը: Խորը հորիզոններում ավելի շատ հանդիպում է թորնբերնիտը, որի նստեցումը պայմանավորված է պիրտի օքսիդացմամբ: Թորնբերնիտում առկա պղինձի աղբյուրը հանդիսանում է պիրիտը, որում պղնձի բարձր պարունակություն է արձանագրվել (Саруханян, 1955):

Թորիումի միենարալները հիպսոմետրիկ ավելի ցածր են գտնվում քան ուրանինը: Չի բացառվում, որ խորը հորիզոններում (150մ ից խորը) ի հայտ գան ուրանի և թորիումի առաջնային միներալներ, չնայած, որ խորը հորատանցքերի և բովանցքների նմուշներում այդպիսիք չեն հայտնաբերվել (Саруханян, 1955):

Գրականությունից հայտնի է, որ ուրանի միներալները, որոնք օքսիդացման գոտում ցուցաբերում են անկայունություն և տեղափոխվում են, խորը հորիզոններում վերանստում և առաջացնում են երկրորդային հարստացման գոտի (Алоян П., Алоян Г., 2008):

Ամուլսարի երևակման լեռնային փորվածքներից վերցված ակոսային և կետային նմուշներում քիմիական անալիզների տվյալներով թորիումի պարունակությունը տատանվում է 0.001 - 0.082 % իսկ ուրանինը՝ 0.001 - 0.068 % սահմաններում: Եզակի նմուշներում ուրանի պարունակությունը որոշվել է 0,5 % (Саруханян, 1955):

Համամետության համար նշենք, որ ուրանի միջին բնականոն պարունակությունը երկրի կեղևի ապարներում կազմում է 4գ/տ, այսինքն՝ 0,0004 % (Մաղաքյան, 1958): Ամուլսարի երևակումում ուրանի միջին պարունակությունը (0.025 - 0.03 %) շուրջ 60 անգամ բարձր է բնականոնից: Սա նշանակում է գործ ունենք ուրանի բարձր կոնցենտրացիանների հետ:

Ուրանի և թորիումի երկրորդային միներալները սերտ ասոցացվում են սուլֆիդային միներալների օքսիդացման արգասիքների հետ (Алоян П., Алоян Г., 2008), դա է պատճառը որ երկաթի հիդրոքսիդում՝ լիմոնիտում, ուրանի պարունակությունը հասնում է մինչև 0,66 % (Саруханян, 1955):

Բացի ուրանից և թորիումից Ամուլսարի շրջանում որոշվել է նաև ռադիումը և ռադոնը («Լիդիան» ընկերության ՇՄԱԳ, Саруханян, 1955), որոնք ուրանի և թորիումի տրոհման արգասիքներից են:

«Գրոմովյան» արշավախմբի աշխատանքների ընթացքում ռադիոակտիվ տարրերի որոշումներ կատարվել են նաև ստորերկրյա ջրերում: Ջրերի 126 նմուշներում ուրանի պարունակությունները հիմնականում ցածր են եղել՝ 1,3x10-5 գ/լ: Թիվ 4 բովանցի ջրերում գրանցվել է ռադիումի 350-780 էման չափաբաժնով ճառագայթում:

Ամուլսարի երևակման ուրանի և թորիումի պաշարները գնահատվում են շուրջ 100 տ, 0.025% միջին պարունակությամբ (Саруханян, 1955,  Алоян П., Алоян Г., 2008): Անշուշտ, այսպիսի ցուցանիշները արդյունաբերական հետաքրքրություն չեն կարող ունենալ, քանի որ ռադիոակտիվ տարրերի ամենափոքր հանքավայրերում մետաղի քանակը 1000 տ-ից փոքր չէ, իսկ հանքաքարում 0.025 % ուրանի օքսիդի պարունակությունը համարվում է աղքատ (Авдонин և ուր., 2005): Համեմատության համար նշենք, որ ուրանի հանքավայրերում արդյունահանվող շարքային հանքաքարում ուրանի օքսիդի (UO3) պարունակությունը  կազմում է 0,1 - 0,25 %: Ստացվում է, որ Ամուլսարի երկրորդային քվարցիտներում և պորֆիրանման գրանիտներում ուրանի միջին պարունակությունը պատկանում է աղքատ հանքաքարերի դասին, իսկ պաշարների քանակը 10 անգամ պակաս է ուրանի փոքր հանքավայրերի քանակից:

Պ.Ալոյանն ու Հ.Ալոյանը երկրորդային քվարցիտներում ուրանի և թորիումի միներալներ հայտնաբերել են Ամուլսարի երկրորդային քվարցիտների տարածման շրջանում 2006 - 2008 թ. «Գեոթիմ» ՍՊ Ընկերության կողմից (հետագայում «Լիդիան արմենիա» ՓԲԸ) երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում հանքաքարի նմուշների միներալաբանական հետազոտությոնների շնորհիվ, որոնց մասին «Գեոթիմ» ընկերության երկրաբանական հաշվետվություններում և «Լիդիան արմենիա» ընկերության ՇՄԱԳ-ում որևէ խոսք չկա: Այնինչ ընկերությունը պարտավոր էր անրադառնալ նախկինում կատարված բոլոր հետազոտություններին. կատարեր վերլուծություն և ապա ներկայացներ իր հետազոտությունների արդյունքները:

Ընկերության ՇՄԱԳ –ի 95-րդ էջի վրա այլ կոնտեքստով նշված է, որ ծրագրի տարածքում առկա են դատարկ ապարների կուտակման երկու տեղամասեր՝ 27-րդ և 13 - րդ, որոնք 1950 - ական թթ. ուրանի համար իրականացված հետախուզական աշխատանքերի արդյուքն են և դրանք արտադրում են թթուներ, իսկ ՇՄԱԳ –ի «Ճառագայթման ռիսկի գնահատում» բաժնում (Էջ 731-740)  նշված է, որ ծրագրի տարածքում ռադիոակտիվ տարրերի բոլոր չափումները գտնվում են բնականոն սահմաններում և «Ենթադրվում է, որ Ծրագրի աշխատողների վրա պոտենցիալ ազդեցությունները առնչվում են ստանդարտ ռիսկերի հետ, որոնք կապված են փոշու առաջացման հետ»: Ծրագրի գործունեությունից ճառագայթահարման ոչ մի պոտենցիալ ազդեցություն չի ակնկալվում նաև շրջակա համայնքների վրա (ՇՄԱԳ էջ 740):

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ այստեղ խնդիրը արտաքին ճառագայթահարումը չէ միայն, այլ նաև նեքին, որն ավելի վտանգավոր է: Հանքավայրը շահագործելիս ակտիվ շրջապտույտի մեջ գտնվող ռադիոնուկլիդները տարբեր ճանապարհներով կարող են անցնել մարդու օրգանիզմ և ներքին ճառագայթում հարուցել իսկ դրանց հետևանքներն անկախատեսելի են:

Լրատվական դաշտում տարածված են կարծիքներ այն մասին, թե Ամուլսարում «Լիդիան արմենիա» ընկերությունը ուրիշ հետաքրքրություններ ունի, մատնանշելով ավելի թանկարժեք տարրերի և հատկապես ուրանի ու թորիումի առկայության փաստը:

Այդ կապակցությամբ հստակ պետք է նշել, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտներում ոսկուց բացի ուրիշ հետաքրքրություններ չկան. ոսկու միջին պարունակությունն էլ ցածր է՝ 0.78գ/տ: Հանքաքարում ուրանի և թորիումի 0.025 - 0.03%  պարունակությունները համարվում են չափազանց աղքատ իսկ դրանց կուտակման գործակիցներն այնքան փոքր են, որ քվարցիտներում չեն կարող արդյունաբերական կուտակներ առաջացնել: Բացի դրանից, այն տեխնոլոգիան, որը «Լիդիան արմենիա» ընկերությունը կիրառելու է ոսկին և արծաթը կորզելու նպատակով կիրառելի չէ ուրանի և թորիումի պարագայում:

Խնդիրն այստեղ առնչվում է բնապահպանությանը: Եթե երկրորդային քվարցիտներում ոսկուց բացի կան ուրանի և թորիումի միներալներ ապա դրանց մի մասը անցնելու է դատարկ ապարների լցակույտ, մյուս մասը՝ տարալվացման հարթակ, որոշ մաս էլ՝ հնարավոր է նաև՝ ոսկու կորզման արտադրամաս:

Շահագործվող բացահանքերից ուրանի և թորիումի միացությունները արտածծվող ջրերի (որոնք աստիճանաբար թթվային են դառնալու) և փոշու միջոցով (փոշու մասնիկների տարածման շառավիղը ճշգրիտ հաշվված չէ) կարող են անցնել շրջակա միջավայր, իսկ թե ինչպիսի՞ հետևանքներ դրանք կունենան շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա «Լիդիան» - ի կողմից հաշվարկված, գնահատված և ներկայացված չեն:

Ամուլսարի երկրորդային քվարցիտներում և դրանց շրջակայքում ուրանի և թորիումի առկայության վերաբերյալ ներկայումս կան անժխտելի փորձարարական տվյալներ (2018 - 2019 թթ. Ամուլսարի շրջակայքում իրականացվել են գործիքային չափումներ)։ Ներկա իրավիճակում այդ տվյալների հետ հաշվի չնստել չի կարելի և հնարավոր էլ չէ:

«Լիդիան արմենիա» ընկերությունը ոչ մի կերպ չի ցանկանում անրադառնալ  «Գրոմովյան» արշավախմբի երկրաբանահետախուզական աշխատանքներին և «Լիդիան արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ու նրա հոր՝ մեծանուն գիտնական Պետրոս Ալոյանի գիտական աշխատություններին, որտեղ հանգամանորեն նկարագրված են ուրանի և թորիումի հանքագոյացմանն առնչվող մանրամասներ: Չենք կարծում, որ այդ տվյալները «Լիդիան» -ին անհասանելի են»:

Գրականություն

Մաղաքյան Հ.Գ. Մետաղական հանքավայրեր: Երևան, ԵՊՀ հրատ., 1958:

Алоян П.Г., Алоян Г. П. Радиоактивные ресурсы Армении и перспективы их освоения. Вестник ИАА. 2006, N 3, с.369-382.

Алоян П.Г. Ресурсный потенциал радиоактивного сырья Армении и перспективы его освоения. М.: Горный журнал. 2007, N 6, с.34-37.

Алоян П.Г., Алоян Гайк П. Ресурсный потенциал рудного сырья Армении). Ереван, Геоид, 2008, 604с.

Алоян П.Г. Ураноносность граносиенит-аплитов эоцен-олигоценового вулкано-плутонического комплекса Армении. Вестник ИАА. 2009, N 1, с.62-67.

Авдонин В.В., Бойцов В.Е., Григорьев В.М., Семинский Ж.В., Солодов Н.А., Старостин В.И. Месторождения металлических полезных ископаемых. Москва: Академический Проект, Трикста, 2005, 720 с.

Саруханян Э.Л. Сводный очет Амулсарской поисково-разведочной партии по работам за 1952-54 гг. Ереван, 1955 г., 118 с. ՀՀ «երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ, ինվ. համար՝ 011118.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter