
Լևոն Երանոսյան. «Ես արդար մարդ եմ, կարդարացվեմ»
Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը վստահ է, որ արդարացվելու է:
«Ես արդար մարդ եմ, կարդարացվեմ»,- դատարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Լևոն Երանոսյանը: Վերջինս իր մեղադրանքի վերաբերյալ լրագրողների այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ երբ դատական գործընթացը սկսվի, կպատասխանի հարցերին։
Հարցին, թե պաշտոնից ազատվելուց հետո ինչո՞վ է զբաղվում, Երանոսյանը պատասխանեց՝ «Թոշակառուներն ինչո՞վ են զբաղվում»։
Անդրադառնալով ոստիկանապետի պաշտոնից Վալերիյ Օսիպյանի ազատման վերաբերյալ հարցին՝ Երանոսյանը նշեց, որ քաղաքականությամբ չի զբաղվում և չգիտի, թե ինչու է նա նման քայլի դիմել:
Խոսելով օրեր առաջ ինքնասպան եղած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մասին` Երանոսյանն ասաց, որ հավատում է նրա ինքնասպանությանը: Նա նշեց նաև, որ Հայկ Հարությունյանը լավ մարդ և գեներալ էր:
Նշենք, որ նախկին փոխոստիկանապետի գործով նիստը հետաձգվեց: Նրա պաշտպանը չէր ներկայացել:
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հայտարարում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։
Մեկնաբանել